HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արաբական կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի բանտերից մեկի վրա. կա առնվազն 80 զոհ

Առնվազն 80 մարդ է զոհվել Եմենի Սաադա քաղաքի բանտի վրա արաբական կոալիցիայի ավիահարվածների արդյունքում։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։ Սաադան հութի ապստամբների հենակետերից մեկն է, որի դեմ 2015 թվականից պատերազմում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ 

BBC-ն էլ գրում է, որ ավիահարվածներն իրականացվել են ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին։ Կոալիցիան արդեն մի քանի գիշեր շարունակ ավիահարվածներ է հասցնում՝ ի պատասխան մի քանի օր առաջ հութիների կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի վրա դրոններով հարձակման։ 

Բանտի  վրա ավիահարձակումները դարձել են իրական քաոսի պատճառ։ Տեղական իշխանությունները մարդկանց կոչ են անում արյուն հանձնել, որպեսզի օգնեն զոհերին, իսկ հեռուստատեսությամբ հեռարձակում են փլուզվող բանտի կադրերը։ Մարդիկ ձեռքով հեռացնում են քարերը, քանի որ բացակայում է անհրաժեշտ տեխնիկան։ 

Զոհերի հստակ թիվը դեռևս հայտնի չէ։ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ հիվանդանոցներից մեկին դիմել է մոտ 200 տուժած։ «Պատահարի վայրում մնում են բազմաթիվ մարմիններ, շատերն անհետ կորած են համարվում։ Թե քանի մարդ է մահացել, դժվար է հասկանալ։ Սա բռնության սահմռկեցուցիչ գործողություն է»,- Ֆրանս պրես գործակալության հետ զրույցում հայտարարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Եմենի ստորաբաժանման ղեկավար Ահմեդ Մահաթը։ 

Երեք երեխաներ, որոնք ֆուտբոլ էին խաղում, ևս մեկ ավիահարվածի զոհ են դարձել, որի թիրախը եղել է Խոդեյդա նավահանգստային քաղաքի կապի կենտրոնը։ Այդ մասին էլ հայտարարել է Save the Children հասարակական կազմակերպությունը։ Մոտավորապես նույն պահին երկրի գրեթե ողջ տարածքում անջատվել է ինտերնետը։ Հութիների կառավարությունը դա կապել է ռմբակոծման հետ։ 

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուուլը հայտարարել է, որ կազմակերպությանն անհանգստացնում է Եմենում հակամարտության սրումը։ «Մենք խիստ մտահոգ ենք տեղի ունեցածով և կոչ ենք անում սրման թուլացման»,- հայտարարել է նա։

Եմենում 2014 թվականից ընթանում է արյունարբու քաղաքացիական պատերազմ մի կողմից հութիների, որոնք գրավել են մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիսային շրջանների մեծ մասը ու կառավարական զորքերի միջև, որոնք աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայից։ 

Եմենում ռազմական հակամարտությունը դիտարկվում է որպես Էր Ռիադի և Թեհրանի միջև հակամարտություն։ 2019 թվականի մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում նավթային երկու կայաններ ենթարկվել էին զինված դրոնների հարձակման։ Այդ ժամանակ հարձակման պատասխանատվությունը ևս ստանձնել էին հութիները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter