HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ ռազմական օգնության առաջին մասը հասել է Կիև

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության առաջին մասը։ Այդ մասին գրառում է արել Ուկրաինայում ամերիկյան դեսպանությունը։

Ամերիկացի դիվանագետները նշել են, որ առաջին օգնությունը ներառում է 200 հազար ֆունտ (մոտ 90 տոննա) թռչող սարքավորումներ, այդ թվում զինամթերք` «ռազմաճակատում գտնվող Ուկրաինայի պաշտպանների համար»։ Ընդորում, չի նշվում, թե կոնկրետ ինչ օգնություն է տրամադրել ամերիկյան կողմը։

«Այս օգնությունը, ինչպես նաև` անվտանգության ապահովման ոլորտում 2014 թվականից Ուկրաինային տրամադրվող ավելի քան 2,7 միլիարդ դոլարի օգնությունը, ցույց է տալիս Միացյալ Նահանգների ամուր հավատարմությունը Ուկրաինայի պաշտպանության ամրապնդմանը՝ ռուսական աճող ագրեսիայի ֆոնին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Զուգահեռաբար, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը նախօրեին Ժնևում բանակցություններ էր վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, աջակցել է ՆԱՏՕ-ի անդամ մերձբալթյան երկրներից՝ Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից պաշտպանական զենքերի փոխանցումն Ուկրաինային։ Նա դա անվանել է անհրաժեշտ պայման, որ Ուկրաինան կարողանա «իրեն պաշտպանել Ռուսաստանի չհրահրված և անպատասխանատու ագրեսիայից»։

Այսպես է Բլինքենը մեկնաբանել Էստոնիայի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ի մերձբալթյան երկրների զինծառայողներն ստացել են Վաշինտոնի հավանությունը՝ Ուկրաինա զենք մատակարարելու համար։ 

Էստոնիայի պաշտպանության նախարար Կալե Լանետը, Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը և Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը հայտարարությամբ իրենց աջակցությունն էին հայտնել Ուկրաինային։ Նրանք հայտարարել էին, որ ստացել են Միացյալ Նահանգների թույլտվությունը զենք ուղարկելու Ուկրաինա և օպերատիվ կերպով կանեն դա։

Էստոնիան կմատակարարի շարժական հակատանկային հրթիռային «Ջավելին» համակարգեր, իսկ Լատվիան և Լիտվան՝ շարժական զենիթահրթիռային «Սթինգեր» համալիրներ։ Երկուսն էլ արտադրվում են Միացյալ Նահանգներում։ 

Ընդ որում, Բալթյան երկրների պաշտպանության նախարարները հույս ունեն, որ Ուկրաինան ստիպված չի լինի կիրառել այդ համակարգերը։ Ավելի վաղ, Մեծ Բրիտանիան Ուկրաինայի բանակին էր փոխանցել հակատանկային հրթիռային NLAW համալիրներ։ 

Այդուհանդերձ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները բացառում են իրենց զինծառայողներին Ուկրաինա ուղարկումը, եթե սկսվի ռուս-ուկրաինական մասշտաբային պատերազմ։ Իր հերթին Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Ուկրաինայի ռազմականացման և նրան ՆԱՏՕ «ներքաշելու մեջ»։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter