HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հռոմի Բենեդիկտոս XVI պապն իմացել է պեդոֆիլ հոգևորականների մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել. հրապարակվել են աղմկահարույց հետաքննության արդյունքները

Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ն իմացել է երեխաների նկատմամբ իր թեմի հոգևորականների ոտնձգությունների վերաբերյալ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել։ BBC-ն, հղում անելով հետաքննությանը, որը կաթոլիկ եկեղեցու պատվերով իրականացվել է գերմանական իրավաբանական ընկերության կողմից, գրում է, որ խոսքը գնում է 1977-1982 թվականներին տեղի ունեցած առնվազն 4 դեպքերի մասին, երբ Յոզեֆ Պատցինգերը (այսպես են Բենեդիկտոս XVI-ին անվանել մինչ այն պահը, երբ նա դարձել է Հռոմի պապ) Մյունխենի արքեպիսկոպոսն էր։ Հռոմի նախկին պապը նշում է, որ նրան ոչինչ հայտնի չի եղել։

Հետաքննությամբ զբաղվել է գերմանական Westpfahl Spilker Wastl իրավաբանական ընկերությունը։ «Երկու դեպք վերաբերում է արքեպիսկոպոսի պաշտոնին գտնվող կարդինալ Յոզեֆ Ռատցինգերի պաշտոնավարման ընթացքում կատարված անարգանքներին։ Երկու դեպքում էլ բռնարարները շարունակել են հոգևոր ծառայությունը»,- հայտարարել է փաստաբան Մարտին Փուշը, որը ներկայացրել է հետաքննության արդյունքները։

Մեկ այլ դեպքում նշվում է, որ Յոզեֆ Ռատցինգերն իմացել է, որ հոգևորականը, որին իր թեմ էին տեղափոխել, մեղադրվում է տղաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ Այդուհանդերձ, արքեպիսկոպոսը թույլատրել է նրան ծառայել համայնքում։ 

Westpfahl Spilker Wastl-ի իրավաբանները նշում են, որ Հռոմի նախկին պապը իրավաբանական ընկերության հարցերին տվել է մի քանի տասնյակ էջերից բաղկացած պատասխաններ, որտեղ նա իր աջակցությունն է հայտնել հետաքննությանը, սակայն հերքել, որ որևէ բան է իմացել կամ անգործություն ցուցաբերել երեխաների նկատմամբ հոգևորականների չարաշահումներին։

Բենեդիկտոս XVI պապը, որը հիմա 94 տարեկան է, դարձել է պատմության մեջ առաջին Հռոմի պապը, որը հրաժարական է տվել։ 2013 թվականին նա թողել էր կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնը՝ որպես պատճառաբանություն նշելով հոգնածությունը։ Նա ապրում է Վատիկանում և ունի «պատվավոր պապի» կոչում։

Հետաքննության հրապարակումից հետո Վատիկանը հայտարարել է, որ կուսումնասիրի բոլոր հանգամանքները։ «Մենք կրկին ամոթի ու ափսոսանքի զգացում ենք հայտնում քահանաների կողմից անչափահասներին անարգելու համար։ Սուրբ աթոռն իր աջակցությունն է հայտնում բոլոր զոհերին և հաստատում, որ մտադիր է պաշտպանել անչափահասներին՝ երաշխավորելով եկեղեցում նրանց համար անվտանգ միջավայր»,- հավելել են Վատիկանում։

Գերմանական եկեղեցում սեռական հանցագործությունների վերաբերյալ նախորդ զեկույցում նշվում էր, որ ողջ երկրում 1946-2014 թվականների ընթացքում ավելի քան 3600 մարդ բռնության է ենթարկվել հոգևորականների կողմից։ Զոհերից շատերն անչափահաս են եղել և աշխատել որպես սպասավորներ։

Նոր զեկույցում, որը նվիրված է 1945-2019 թվականների ժամանակահատվածում Մյունխենի և Ֆրայզինգի թեմերին, նշվում է գրեթե 500 նման դեպքերի մասին։

Բացի նախկին պապից, զեկույցում քննադատվում են նաև եկեղեցական այլ գործիչներ, այդ թվում թեմի ներկայիս առաջնորդ Ռեյնհարդ Մարքսը։ Հետաքննիչները պարզել են, որ նմանատիպ երկու դեպքերում նա նույնպես անգործություն է ցուցաբերել։ Կարդինալը դեռ 2021 թվականի հունիսին Հռոմի ներկայիս պապ Ֆրանցիսկոսին առաջարկել էր ընդունել իր հրաժարականը՝ հայտարարելով, որ իր պարտքն է կիսել պատասխանատվությունը կաթոլիկ եկեղեցում անչափահասների նկատմամբ «իրականացված բռնության աղետի մասով», որը հայտնի էր դարձել հանրությանը։

Ֆրանցիսկոս պապը, սակայն, հրաժարվել էր ընդունել կարդինալ Ռեյնհարդ Մարքսի հրաժարականը, իսկ որոշ ժամանակ անց փոփոխության ենթարկել Վատիկանի քրեական օրենսդրությունը՝ խստացնելով սեռական ոտնձգությունների համար նախատեսված պատիժը։

Լուսանկարը՝ Catholic News Service-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter