HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրապետական կուսակցությունը խախտում է օրենքը և քարոզչություն անում

Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ՀՀԿ-ի անունից, հենց գյուղի ամբուլատորիայում անվճար ակնաբուժական ծառայություններ է մատուցվել բնակչությանը, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Հիվանդների ելքն ու մուտքը ամբուլատորիա տեղի է ունեցել հանրապետական համայնքապետ Գրիգոր Մկրտչյանի անմիջական հսկողությամբ:

Հիշեցնենք` ընտրական օրենսգրքով սահմանված է, որ քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է, իսկ ԸՕ մեկ այլ հոդվածով սահմանվում է`

Հոդված 18, կետ 7. Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները:

Նալբանդյանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Պալինե Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ երեկ եւ այսօր համայնքապետարանի եւ Հանրապետական կուսակցության հովանավորությամբ ակնաբուժ է հրավիրվել գյուղ եւ զննել է ավելի քան 70 հիվանդի: Թե ինչ միջոցներով է բժիշկ հրավիրվել, ամբուլատորիայի տնօրենը չգիտեր, ասաց, որ կազմակերպողը համայնքապետն է եղել:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի`քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հիգհարյուրապատիկի չափով (200 հազարից մինչեւ 500 հազար դրամ):

Վերոշարադրյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարեցինք ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ում հեռախոսահամարը, սակայն, անհասանելի էր:

Հետաքրքիր է, Նալբանդյանի համայնքապետն ու ՀՀԿ-ն արդյոք օրենքը խախտելու համար կենթարկվե՞ն վարչական պատասխանատվության:

Մեկնաբանություններ (1)

XX
Ba Bulku kusaqcutiunna uzum eiq CHETKI ashxatein:))))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter