HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ամեն մի դուռը մի բռաչափ Գյումրի է, օր կռնաս վերցնես ու տանիս հետդ»

Դռների շքեղությունից աչքերս շաղվում են: Ընտրում եմ նրանցից մեկն ու սկսում զգուշորեն շոյել փայտե մակերեսը՝ փորձելով բաց չթողնել ամենափոքր դետալն անգամ: Դռան ներքեւի մասում փորագրված հասկ հիշեցնող նախշերը յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում նրան: «Անունը «Ցորեն» եմ դրել»,- թիկունքից լսում եմ տանտիրոջ ձայնը: Դուռը երիզող սեւ տուֆի ջերմությունն անցնում է ափերիս: «Ինչ լավ էներգիա ունի»,- նկատում եմ՝ ձեռքումս պահած «Կդորըմ Գյումրին» տեղավորելով գրադարակի վրա: Երկփեղկ, դրվագազարդ դռների մշակույթը Գյումրիում սկսում է քիչ-քիչ վերանալ: Գյումրեցի նկարիչ-գրաֆիստ Աշոտ Հակոբյանին դա շատ է մտահոգում: Նրա աշխատասեղանին ալեքպոլյան հայտնի դռների 30 անգամ փոքրացրած տարբերակներն են: Նրանցից ոչ մեկը մյուսին չեն կրկնում: 

«Դուռը` ըդիկ տան երեսն է, ֆասոնը, դռան մեջ խասյաթ կա, ինքը մարդու նման է, օր կաշես երեսին, ինքն իրա ներսի մասին քեզի կպատմե, ու դու կսկսես իրան ճանչընալ,- ասում է Աշոտը,- Գյումրվա հին դռները մենակ սիրուն չեն: Գյումրվա հին դռները պատմություն են, միջավայր, մարդկային հարաբերությունների վկան, տանտիրոջ բացսրտության ցուցիչ: Էս դռների մեջ հոգի է դրած, որովհետեւ վարպետի ձեռքն է կպել: Հմի դռներ կսարքեն, բայց մեջը հոգի չկա, որովհետեւ ստադարտ են, նյութն արհեստական է: Կնայես, փետից դռները կհանեն, երկաթից կսարքեն, շոկոլադի գույնով կներկեն, կողքերն էլ ոսկեզօծ գծեր կքաշեն՝ կեղնի աշխարհի ամենատհաճ համադրությունը: Կհարցնես՝ ընչի՞ էն սիրունությունը թողած էս լամինատը կամ երկաթը կդնես, կըսեն՝ հարմար է»:

Ըստ Աշոտի՝ դուռը սահմանագիծ է դրսի՝ մեծ ու տան՝ փոքր աշխարհների միջեւ: Դրսից ներս գալով դու փակում ես դուռն ու ամփոփվում քո փոքրիկ աշխարհում, որ պաշտպանված է դռնով: Ալեքպոլյան շինություններում դուռը գալիս է ամբողջացնելու կառույցի ճարտարապետությունն, ինչպես մատանուն ագուցված թանկարժեք քարը: Եթե հնամենի այս դռները կարողանային խոսել, ինչե՜ր կպատմեին. ու՞մ առաջ են բացվել կրնկի վրա եւ ու՞մ առաջ՝ գոց մնացել: 

«Հմի մարդիկ փոխվել են, հմի մարդիկ էս դռները չեն ուզե՝ պահանջներն են փոխվել,- Աշոտի ձայնի մեջ ափսոսանքի երանգները խտանում են,- դու օր էս դռներին կնայես՝ ինքը քեզի իրա մեջ կկանչե՝ էդ իրա սրտաբաց ձեւով, գույներով, թեկուզ էդ նեղ փեղկերով: Բան չունիմ ըսելու, դարըմ անցել է, կյանքը փոխվել է, մարդիկ իրար չեն վստահե՝ սերն է պակսել: Դուռն օր կպատվիրեն, բդի անպայման երկաթից էղնի՝ մե քանիմ հատ զամոկ վրեն, ով էլ ավել փող ունի՝  ուրեմն դռան վերեւի անկյունում կամերա կդնե, օր տեսնի ով եկավ, դուռը բացեն, թե չբացեն: Մարդիկ կան, գյումրվա հին տները կառնին, եթե ընձի կդիմեն դռների հարցով, կաշխատիմ համոզեմ, օր հինը պահեն, կմշակեմ հնարավորինս, կարգի կբերեմ կուդամ իրանց: Դե պարզ է, եթե քայքայված է, խորհուրդ կուդամ նույնատիպ դուռ պատվիրեն՝ համ սիրուն է, համ նյութն է բնական ու շնչող: Մարդ կա կենե, մարդ էլ կա, կսե՝ չէ՛, լավ է, էն պատրաստի դռներից դնեմ պրծնիմ: Երեւի էդ էլ պատճառ եղավ, օր սկսեմ դռների էս շարքը, որ գոնե նմուշների միջոցով փորձենք կորսվողը հետագայում վերականգնել»:

Գյումրվա դռների կրկնօրինակների ստեղծման միտքն Աշոտի մոտ ծնվել է 2018թ-ին: Այս ընթացքում գաղափարը խմորվեց, հասունացավ, մինչեւ որ ընդամենը մեկ ամիս առաջ հանրությանը ներկայանալու հնարավորություն ընձեռվեց: Մանրաքանդակները բոլորն ունեն անձնագիր, որտեղ նշված է ծննդյան թիվը, հասակը, քաշը, անունը, ինչպես նորածին մանուկի պարագայում: Բավական հետաքրքիր են ընտրված անունները՝ «Հայելի», «Էրզրում», «Աղբյուր», «Հավքեր», «Ճայ», «Սունդուկ», «Մերկուրով», «Յուզբաշ» եւ այլն: Դրանք ծնվում են՝ կապված քարի կամ փայտի նախշից: Կան անուններ, որոնք հուշում են քաղաքում պահպանված տոհմերին պատկանող շինությունների մասին: 

Որոշ մանրաքանդակներ Արեւմտյան Հայաստանի բնակավայրերի անուններն են կրում՝ հիշեցնելով աշխարհասփյուռ հայերին, թե ինչեր ենք ունեցել եւ կորստյան մատնել, թե որտեղից են Ալեքպոլում հաստատվել մեր նախնիները: Կա դուռ, որ անունը ստացել է այն վայրից, որտեղից բերվել է քարը, օրինակ՝ Ջրաձոր: Կան մանրաքանդակներ, որոնց օրիգինալները կարելի է գտնել Կումայրի արգելոցի տարածքում շրջելիս: Եվ կան մոդելներ էլ, որոնք հորինվածք են, վարպետի երեւակայության արդյունք: 

Մանրաքանդակները 14 սմ են, քաշը՝ 300-330 գրամ: Պարամետրերն հատուկ են ընտրված: Հուշանվեր-քանդակը հանգիստ տեղավորվում է չափահաս մարդու ափի մեջ: «Ամեն մի դուռը մի բռաչափ Գյումրի է, օր կռնաս վերցնես ու տանիս հետդ»,- պարզաբանում է զրուցակիցս: Մանրաքանդակը պատրաստելիս Աշոտն օգտագործում է Շիրակի մարզի տուֆը՝ հիմնականում կարմիր ու սեւ տարբերակները, դռները պատրաստում է սոճու փայտից: Աշխատելիս քարտաշին ու հյուսնին միանում է դարբինը, որ ստեղծվեն գյումրվա դռան բռնակներն ու պատուհանի ճաղերը: Նեղլիկ, երկար պատուհանները ծածկում են սպիտակ, ասեղնագործ վարագույրները: 39-ամյա ավեստագետին ստեղծագործելիս օգնության են հասնում արհեստավոր պապերի գեները: Մեկ մանրաքանդակի ստեղծման համար՝ ի դեմս Աշոտի, միավորվում են նկարիչը, դիզայները, ճարտարապետը, քարտաշը, հյուսնը, դարբինն ու ալեքպոլցի պատվիրատուն:

«Մեկ դար առաջ մենք ունեցել ենք վերնակուլյար ճարտարապետություն, այսինքն՝ չի եղել կոնկրետ ճարտարապետ, որ գծի, նախագծի, ողջ աշխատանքը կատարել են մեր ուստեքը: Կպատկերացնե՞ք, թե տարիներով ինչքան են աշխատել իրանք իրանց վրա, կատարելագործել իմացածը, որ քարի կամ փայտի վրա արվող զարդանախշի տեխնիկան զարգացրել հասցրել են կատարելության: Այսինքն՝ մեր քարտաշներն ու հյուսներն են իրենց ձեռքով ստեղծել ալեքպոլյան ճարտարապետություն կոչվածը,-նկատում է զրուցակիցս,-հիմա կան նախագծողներ, կան կատարողներ, բայց վերջնարդյունքի պատասխանատուն շատ դեպքերում կհամարվի ճարտարապետը, որովհետեւ կատարող վարպետը պարզապես գործիք է: Մեկ դար առաջ ուրիշ է եղել, վարպետների մեջ մրցակցություն է եղել, թե ով ումից բդի լավ սարքե: Գնացեք գյումրվա թաղերով ման եկեք, տների ֆասադները նայեք, դռներն ուսումնասիրեք, նախշերը տեսեք, շատ բան կհասկնաք: Պահանջարկը մեծ է եղել, ուզեցել են մեկը մեկին գերազանցել իրենց վարպետությամբ ու ըդուրից միմիայն շահել է քաղաքը: Բացի դրանից, պատվիրատուներն եղել են կրթված մարդիկ, կարելի է ասել՝ աշխարհ տեսած: Ճաշակը գերակշռել է, ռաբիզություն չի եղել: Չմոռանանք, որ Ալեքպոլում ապրող Սանկտ Պետերբուրգից եկած բարձրաստիճան զինվորականներն էլ են պատվերներ տվել, իրանց նախագծերով էլ են դռներ սարքվել: Ալեքպոլյան շինություններում միավորվել են արեւմուտքն ու արեւելքը»: 

Աշոտի պատրաստած 31 քանդակից 11-ն արդեն գտել են իրենց տերերին: Ասում է, շատ դժվարությամբ է եկել այն մտքին, որ պիտի վաճառի ու բաժանվի իր ստեղծագործություն-զավակներից: Սակայն, ըստ զրուցակցիս, թերեւս սա էլ մի փորձ է աշխարհին հասցնելու մեր հնամենի մշակույթը, տեղաբնակին ստիպելու գնահատել ունեցածն ու պահպանել այն: Գյումրի այցելող զբոսաշրջիկին հետաքրքիր չեն նոր կառույցները, նա գալիս է տեսնելու չաղավաղված հինը: «Գյումրին ճանչնալու համար բդի հազար տարի աբրիս, ու ամեն օր  բդի նորից ծանոթանաս իրա հետ: Ես ամեն օր կքելեմ էդ փողոցներով, կնայեմ էդ շենքերին, դռներին, լուսամուտներին ու ամեն անգամ նոր բան կգտնիմ: Ինքը էնքան խորը քաղաք է, օր անընդհատ բացահայտելու տեղ ունի: Ըստեղ մե մարդու կյանքը շատ քիչ է, օր հասցնես ամբողջությամբ զգաս, ճանչես»:

Հրաժեշտից առաջ Աշոտը ցույց է տալիս իր ապագա տան գծագիրը, հետո ինձ է մեկնում խունացած, մոտ 35 տարվա վաղեմություն մի լուսանկար: «Էս դուռը կտեսնի՞ս, պապիս սարքած դուռն է, պահել եմ: Տունն օր սարքեցի, մուտքի դուռն էս դուռը բդի էղնի: Ես աչքս բացել, էս դուռն եմ տեսել: Ընձի կթվա, սերը գյումրվա հին դռների նկատմամբ, հենց էս դռնից էլ սկսվել է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter