2 պայթյուն է տեղի ունեցել Երևանի Տիչինայի փողոցում․ կա տուժած
Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ տներից մեկում (200 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։20-ին։ Այրվել են նախասրահը (30 քմ)՝ գույքով, տանիքի կառուցատարրերը՝ 50 քմ, վնասվել լոգասենյակի և խոհանոցի դռները, առաստաղը։ Ջերմահարվել են նաև հարակից տան տանիքի կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։ Տուժածներ չկան։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում բնակիչներին տրամադրել է հոգեբանական աջակցություն։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է Տիչինայի փողոցում տեղի ունեցած ևս մեկ պայթյունի մասին, որը տեղի է ունեցել ժամը 09։54-ին «Բոռա» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում։
Նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Տիչինայի փողոցի տներից մեկում (100 քմ) գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Փլուզվել է միջսենյակային մեկ պատ՝ 12 քմ, վնասվել են պատուհանի ապակիները։
Վ․ Թ․-ն (ծնված 1943 թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել