HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ո՞վ է մատնել Աննա Ֆրանկին և նրա ընտանիքին. 77 տարի անց հետազոտողները պարզել են հնարավոր կասկածյալի անունը

Ամստերդամից հրեա աղջնակ Աննա Ֆրանկի պատմությունը հայտնի է ողջ աշխարհին՝ շնորհիվ նրա փրկված օրագրի։ Նացիստներն Աննային, նրա ընտանիքի մյուս անդամներին ու ընկերներին, ընդհանուր 8 մարդու, Ամստերդամում հայտնաբերել էին 1944 թվականի օգոստոսի 4-ին։ Մինչ այդ, շուրջ երկու տարի նրանք հաջողությամբ թաքնվում էին գաղտնի թաքստոցում, որը գտնվում էր Ամստերդամի ջրանցքներից մեկի ափին գտնվող շինության պահեստային տարածքում։ 

Հայտնաբերումից հետո նրանց բոլորին տեղափոխեցին համակենտրոնացման ճամբարներ։ 15-ամյա Աննա Ֆրանկը՝ քրոջ Մարգոյի հետ զոհվեց 1945 թվականի սկզբին Բերգեն-Բելզեն ճամբարում։ 

Սակայն այս պատմությունը երկար տարիներ ուներ մի մեծ հանելուկ. ո՞վ էր մատնել Ֆրանկների ընտանիքին։ BBC-ն ներկայացնում է հետաքննության արդյունքները։

Հետպատերազմական ժամանակաշրջանում առաջ էին քաշվում ամենատարբեր վարկածներ և նշվում տասնյակ հնարավոր մատնիչների և այդ հանցագործության մեղսակիցների անուններ, իսկ Աննա Ֆրանկի թանգարանը, 2016 թվականին իրականացնելով սեփական հետաքննությունը, նույնիսկ ենթադրեց, որ Աննան և նրա հետ թաքնված անձինք կարող էին հայտնաբերվել զուտ պատահականությամբ։

Այդպիսի եզրահանգումը շատերին չէր գոհացրել և վեց տարի անց այդ գործին լծվեց շուրջ երկու տասնյակ պատմաբաններից և քրեագետներից բաղկացած խումբը։ Ուսումնասիրված մեծածավալ տեղակատվության հիման վրա նրանք անվանեցին, իրենց կարծիքով, գլխավոր կասկածյալին։ Անսպասելիորեն, դա կարող էր լինել հրեա նոտար Արնոլդ վան դեն Բերգը, որը կարող էր նման քայլի դիմել՝ սեփական ընտանիքը փրկելու համար։ 

Աննա Ֆրանկի մասին պատմող ֆիլմում այդ իրադարձությունների մանրամասները բավականին ճշգրիտ են վերարտադրված։ Պատերազմն ավարտին էր մոտենում, ռադիոյով հաղորդում էին դաշնակիցների հարձակման մասին և մարդիկ, որոնք գրեթե երկու տարի թաքնվում էին թաքստոցում, հույս ունեին, որ շուտով այդ ամենը կավարտվի։

Սակայն 1944 թվականի օգոստոսի 4-ին, երբ Աննա Ֆրանկի հայրը՝ Օտտոն անգլերենի քերականության դաս էր տալիս իր ընկերների որդուն, որոնք Ֆրանկների ընտանիքի հետ գաղտնի թաքստոցում պատսպարվել էին նացիստներից, աստիճաններին ծանր քայլեր լսվեցին. գերմանացիները հայտնաբերել էին նրանց։ 

Օտտոն, որն ութից միայն ինքն էր կենդանի մնացել համակենտրոնացման ճամբարում, Օսվենցիմից վերադառնալուց հետո ցանկանում էր իմանալ ողջ ճշմարտությունը։ Սակայն Նիդերլանդների իշխանությունները նրան քիչ բանով կարող էին օգնել։ Հետաքննիչների թիվը քիչ էր (նացիստական կոլաբորացիոնիստներից շատերին հեռացրել էին), իսկ մնացածները մինչև կոկորդն զբաղված էին այլ, իրենց կարծիքով ոչ պակաս կարևոր գործերով, այդ իսկ պատճառով գործը կմնար չբացահայտված, եթե չլիներ գերմանացի սպայի ագահությունը, որը ղեկավարում էր ձերբակալությունը։

Երբ ՍՍ-ի օբերշարֆյուրեր Կարլ Յոզեֆ Զիլբերբաուերը հրամայեց գերիներին հետևել գեստապոյի շտաբ-գրասենյակ, Աննան վերցրեց հոր պորտֆելը։ Զիլբերբաուերը նրանից խլեց այն, մեջի պարունակությունը լցրեց գետնին, իսկ պորտֆելի մեջ լցրեց արժեքավոր պարագաներ, այդ թվում ոսկի, որը մնացել էր ատամնաբույժ Ֆրից Պֆայֆերի մոտ։ Նա ևս Ֆրանկների հետ թաքնվում էր թաքստոցում։ Այնպես որ, եթե չլիներ էսէսականի ագահությունը, երբեք չէր իմացվի Աննայի օրագրի մասին, որը մնացած փաստաթղթերի հետ միասին թափվել էր գետնին։ 

Գերմանացիների հեռանալուց հետո օրագիրը վերցրել էր Միպ Գիզը, որը թաքնվելու ժամանակաշրջանում օգնել էր Ֆրանկների ընտանիքին, իսկ այնուհետ օրագիրը փոխանցել Օտտո Ֆրանկին։ 

Օրագիրը թարգմանվել է աշխարհի տասնյակ լեզուներով, այդ թվում հայերեն։ Դրա մոտիվներով նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ։ Բացի այդ, իրականացվել են բազմաթիվ հետաքննություններ, որոնց նպատակն էր հասկանալ, թե ով է մատնել Աննա Ֆրանկին։ Սակայն քանի որ միանշանակ պատասխան ոչ ոք չէր կարողացել տալ, 2016 թվականին հոլանդացի երկու կինեմատոգրաֆիստներ՝ Դեյս Վայենսը և նրա ընկերը՝ Փիթեր վան Թվիսքը, որոշեցին նկարահանել ֆիլմ, որտեղ փորձագետների խումբը կիրականացներ սեփական հետաքննությունն ու վերջակետ կդներ այս ամենին։ 

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Anne Frank House (@annefrankhouse_official)

Խումբը, որի կազմում եղել են քրեագետներ, պատմաբաններ, տեղեկատվության մեծ ծավալների թվային մշակմամբ զբաղվող մասնագետներ և նույնիսկ ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնաթող գործակալ, սկսեց նրանից, որ ուշադրությամբ ուսումնասիրում էր նախկին բոլոր վարկածները, մինչև սեփականի առաջքաշումը։

Փորձագետները կազմել են մատնիչների, նացիստների համախոհների, ոստիկանական զեկուցագրերի և պատմական այլ փաստաթղթերի վերաբերյալ ընդլայնված բազա։ Հրեաների թաքնվելու վայրի, մոտիվների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, որոնցով կարող էին առաջնորդվել պոտենցիալ մատնիչները, մատնության ֆիզիկական հնարավորության և այլ տվյալների հիման վրա, նրանք նեղացրել են կասկածյալների շրջանակը։ 

Սկզբում նրանք որոշել են համոզվել, որ խուզարկությունը նպատակամիտված է եղել, քանի որ չէր կարելի բացառել այն հավանականությունը, որ գերմանացիները պատրաստվում էին զբաղվել կողոպուտով և պատահաբար հայտնաբերել են թաքնված հրեաներին։ Արդյունքում նրանք կարող էին համոզվել, որ նացիստները հաստատ իմացել են, թե ինչու էին եկել, և պատճառը հարստությունը չի եղել։ 

Ընդորում, նրանք հերքել են նաև նախնական վարկածն այն մասին, որ մատնիչը եղել է պահեստի կառավարիչ Վիլեմ վան Մարենը, որին Օտտոն 1945 թվականին կասկածել էր առաջին հերթին։

Իրականում վան Մարենը եղել է փոքր խաբեբա, կարող էր իմանալ գաղտնի սենյակների գոյության մասին, քանի որ պահեստների մեծ մասը կառուցված էին միանման։ Պատերազմից հետո նա խոստովանել էր, որ պահեստից գողություններ է արել։ Նրան շատ էր հետաքրքրում, թե ինչ է կատարվում պահեստում, հատկապես ոչ աշխատանքային ժամերին։ Նա նույնիսկ սեղանին թողնում էր մատիտներ, իսկ գետնին ալյուր լցնում, որպեսզի իմանա, թե արդյոք գիշերներն այնտեղ մարդիկ են լինում։ 

Սակայն իմանալով հեռախոսազանգի հանգամանքների մասին, որի միջոցով գերմանացիներին հայտնել էին պահեստում թաքնված հրեաների մասին, հետաքննիչները բացառեցին վան Մարենին, քանի որ նա այդ պահին հասանելիոթյուն չի ունեցել հեռախոսին։ Բացի այդ, նա շատ փոքր կերպար էր, որ կարողանար զանգահարել այդպիսի բարձրաստիճան սպայի։

Համաձայն մեկ այլ վարկածի՝ Աննայի և նրա ընկերների ձերբակալության հետ կարող է կապ ունենար տխրահռչակ Անս վան Դեյքը։ Երբ նրան հանձնեցին գերմանացիներին, վան Դեյքը համաձայնվեց աշխատել նացիստների համար և Դիմադրության շարժման մարտիկի անվան տակ ձեռք բերեց մյուս հրեաների վստահությունն ու այդպես նացիստներին հանձնեց ավելի քան 200 մարդու։ Նա բնակվում էր Ֆրանկների թաքստոցից ոչ շատ հեռու և կարող էր իմանալ գաղտնի թաքստոցի մասին։ 

Սակայն ինչպես պարզվեց, ձերբակալության պահին Աննա վան Դեյքը գերմանացիների հանձնարարությունն էր կատարում Ուտրեխտում՝ փորձելով այնտեղ հայտնվել Դիմադրության շարքերում։ 

Կասկածյալների շարքում է եղել նաև Նելլի Վոսքեյլը՝ Բեփ Վոսքեյլի քույրը, որն օգնել է Ֆրանկների ընտանիքին։ Համենայն դեպս, այդպես էր կարծում նաև նրա որդին։ Նելլին կապի մեջ է եղել ավստրիացի նացիստի հետ, նրա հետ մեկնել Ֆրանսիա, որտեղ աշխատել է վերմախտի համար և դրա պատճառով վիճել ընտանիքի հետ։

«Գնացեք ձեր հրեաների մոտ»,- հոր և քրոջ հետ հերթական ընտանեկան վեճի ժամանակ բղավել է Նելլի Վոսքեյլը, որոնք օգնում էին պահեստի թաքստոցում պատսպարված մարդկանց։ Այսինքն, նա հաստատ իմացել է, կամ գլխի ընկել, թե ինչ է կատարվում, չնայած բոլորը, որոնք իմացել են, փորձում էին գաղտնի պահել Ֆրանկների և նրանց ընտանիքի թաքստոցի վայրը։ 

Արդյունքում, հետաքննիչները բացառեցին նաև այս վարկածը, քանի որ նրանց կարծիքով իրական մատնիչին պարզեցին հենց Օտտո Ֆրանկը և Միպ Գիզը, որոնք գրեցին, որ մատնիչը տղամարդ է եղել, հրեա և նա այլև ողջ չէ։

Ուսումնասիրելով նախորդ հետաքննությունների արդյունքները և կիրառելով փաստաթղթերի իսկության ստուգման ժամանակակից քրեագիտական մեթոդներ` փորձագետները իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են անանուն գրառման վրա, որն Օտտո Ֆրանկը ստացել էր՝ Ամստերդամ վերադառնալուց անմիջապես հետո։ 

Այնտեղ նշվում էր, որ թաքստոցում թաքնվածներին մատնել է ոմն Արնոլդ վան դեն Բերգ, որը նացիստներին հայտնել է մի քանի այլ հասցեներ ևս, որտեղ թաքնվում էին հրեաները։ 

Վան դեն Բերգը նոտար է եղել և, որ պակաս կարևոր չէ, Յուդենրատի՝ Ամստերդամի Հրեական խորհրդի անդամ, որը գերմանացիների պահանջով ստեղծվել էր բռնազավթված Նիդերլանդներում՝ տեղական հրեական համայնքի ղեկավարման համար։

Յուդենրատի գործունեությունը ոչ միանշանակ էր ընդունվում Դիմադրության շարժման աջակիցների կողմից, որոնց կարծիքով այն միայն նպաստում էր հրեաների ոչնչացման նացիստական ծրագրերին։ Այդուհանդերձ, յուդենրատն օբյեկտիվորեն օգնել է հրեաներին կենդանի մնալ այնպիսի պայմաններում, որոնք գնալով անտանելի էին դառնում։ 

Օրինակ, երբ հրեաներին արգելվել է խանութներ կամ շուկաներ մտնել, Յուդենրատը փնտրում էր մթերքի հայթայթման շրջանցող ճանապարհներ։ Երբ հրեաների երեխաներին արգելում էին դպրոց հաճախել, Յուդենրատը կազմակերպում էր այլընտրանքային կրթություն։ Հրեական խորհուրդը հրեաներին ապահովում էր տաք հագուստով, որոնց արգելվում էր համակենտրոնացման ճամբարներ բերել տաք հագուստ։ Նույնիսկ խորհրդում չվճարվող աշխատանքը մարդկանց կարող էր փրկել գազախցիկներ ուղարկումից։

Ուսումնասիրելով վան դեն Բերգի վերաբերյալ առկա տվյալները՝ հետաքննիչները պարզեցին, որ նա կարողացել է հասնել նրան, որ պաշտոնապես նացիստները դադարել են նրան հրեա համարել և դուրս է եկել խորհրդի կազմից։ Այդ ամենը սակայն քիչ օգնեցին նրան։ Վան դեն Բերգի բիզնեսը բռնագրաված նոր սեփականատերը որոշել էր, որ իրեն խաբել են և բողոք էր ներկայացրել, որի արդյունքում նոտարին դարձյալ սկսել էին հրեա համարել ու ընտանիքի հետ միասին զրկել էին իրավաբանական որևէ պաշտպանությունից։ Այդուհանդերձ, վան դեն Բերգի ընտանիքը չուղարկվեց համակենտրոնացման ճամբար։ Ինչու՞։

Հետաքննիչների վարկածի համաձայն՝ վան դեն Բերգը Յուդենրատում աշխատելու տարիներին կարող էր իմանալ գաղտնի թաքստոցների հասցեները և իր ու ընտանիքի կյանքի դիմաց փոխանցել դրանք նացիստներին։ Երբ Օտտո Ֆրանկն իմացել է այդ մասին, նա հասկացել է նոտարի՝ իր նման հրեայի մոտիվը, որը պատրաստ էր ցանկացած քայլի, ինչը կփրկեր իր ընտանիքին։ Դա է պատճառը, որ Օտտոն չհրապարակեց նրա անունը։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Anne Frank House (@annefrankhouse_official)

Բոլոր այս փաստերը համոզիչ են հնչում, առավել ևս, որ Օտտոյի կողմից անանուն գրառման ստացումը կարելի է համար հավաստի, քանի որ նա ևս հավատում էր դրա բովանդակությանը։ Սակայն կարո՞ղ ենք արդյոք մենք 100 %-ով վստահ լինել, որ իրական մատնիչը հայտնաբերվել է։ 

Դուք ինքներդ կարող եք ենթադրություններ անել՝ ծանոթանալով կանադացի գրող Ռոզմարի Սալիվանի «Աննա Ֆրանկի դավաճանությունը» գրքին, որը գրվել է այս նոր հետաքննության արդյունքներով։ Այն վաճառքի է հանվել այս տարվա հունվարի 18-ին։ 

Բայց այսպես թե այնպես, ի սկզբանե հետաքննությունն իր առջև նպատակ չէր դրել որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, առավել ևս վան դեր Բերգին, որը հոլանդական de Volkskrant թերթի տվյալներով, մահացել է դեռևս 1950 թվականին։ 

Ավելի շուտ, դա փորձ էր լույս սփռել պատերազմական ժամանակաշրջանում Նիդերլանդների ամենամեծ հանելուկներից մեկի վրա և միաժամանակ ցույց տալ, թե որքան անհաղթահարելի են կենդանական բնազդներն ու իրենց հարազատների կյանքը փրկելու ձգտումը, որոնք կարող էին դրդապատճառներ լինել՝ դավաճանության ու նացիստների հետ համագործակցության համար։

Լուսանկարը՝ Ֆրանկների ընտանեկան արխիվից/Աննա Ֆրանկի թանգարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter