
Հանրապետության նախագահի լիազորությունները կկատարի Ալեն Սիմոնյանը
Այսօր հրաժարական է տվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս այն հիմնավորել է Սահմանադրությամբ նախագահին վերապահված թույլ լծակների և երկրի ներքին ու արտաքին ոլորտներում ազդեցություն չունենալու հանգամանքով: Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, Սահմանադրության ուժով, Հանրապետության նախագահի լիազորությունները կատարելու է Ազգային ժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանը:
Սահմանադրության համաձայն՝ նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
«Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձինք (բացառությամբ վարչապետի և Վճռաբեկ դատարանի դատավորների), որոնց թվում է նաև Հանրապետության նախագահը, հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։
Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում վերջինիս պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:
Մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Նշենք, որ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: Նա իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:
Եթե Հանրապետության նախագահը դիմումը հետ չվերցնի, ապա իրականացվելու է արտահերթ ընտրություն, որի ժամանակ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:
Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Հանրապետության նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել