HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ն հայտարարել է Արևելյան Եվրոպայում հավելյալ ուժերի տեղակայման մասին

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հավելյալ ուժեր են ուղարկել Արևելյան Եվրոպա։ Այդ մասին նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։

Այսպես, Դանիան ֆրեգատ է ուղարկել Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչ ուղարկել Լիտվա։ Իսպանիան ռազմանավեր է ուղարկում ՆԱՏՕ-ի խմբավորման ուժեղացման համար։ Բացի այդ, այդ երկիրը դիտարկում է նաև Բուլղարիա կործանիչների ուղարկման հնարավորությունը։

Նիդերլանդներն արդեն որոշել է ապրիլին Բուլղարիա ուղարկել F-35 երկու կործանիչ։ Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել իր զինծառայողներին ուղարկել Ռումինիա։ ԱՄՆ-ն ևս հայտարարել է, որ պատրաստ է ուժեղացնել իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայի այն երկրներում, որոնք անդամակցում են Հյուսիսատլանտյան դաշինքին։ 

«ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իր ու իր դաշնակիցների պաշտպանության համար, այդ թվում՝ դաշինքի արևելյան հատվածում ամրապնդման ճանապարհով։ Մենք միշտ կարձագանքենք անվտանգության ոլորտում իրավիճակի ցանկացած վատացման, այդ թվում՝ մեր հավաքական պաշտպանության ամրապնդման ճանապարհով»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ԱՄՆ ռազմական ուժերի մեծացման պարագայում։ «Բնականաբար, Ռուսաստանն այդպիսի քայլերն անպատասխան չի թողնի և կձեռնարկի համարժեք գործողություններ՝ սպառնալիքների ուժեղացմանն արձագանքելու համար»,- նշել է նա։

The New York Times պարբերականը հունվարի 22-ին, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ամերիկյան մի քանի հազար զինծառայողների, նավերի և ինքնաթիռների տեղակայման հնարավորությունը, ինչը պայմանավորված է Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ։ 

2021 թվականի աշնանից Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է մոտ 100 000 զինծառայող։ Արևմտյան երկրները կարծում են, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա։ Ռուսական իշխանությունները հերքում են դա՝ նշելով, որ զորքերի տեղաշարժը պայմանավորված է զորավարժություններով։ 

Ուկրաինայի շուրջ իրավիճակի լարման ֆոնին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հայտարարել են իրենց դիվանագետների մի մասին և նրանց ընտանիքներին Կիևից տարհանելու մասին։

Լուսանկարը՝ EPA-EFE/GEORGI LICOVSKI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter