HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները ցանկանում են հավաստիանալ, որ Ռուբեն Վարդազարյանի գործը օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից է քննվելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, հունվարի 24-ին սկսվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) վերաբերյալ քրեական գործի քննությունը: Քանի որ ավելի վաղ նշանակված նիստը հետաձգվել էր, այսօր, ըստ էության, առաջին դատական նիստն էր:

Նիստի մեկնարկին դատավոր Մանվել Շահվերդյանը հարցրեց՝ կողմերը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ունե՞ն: Վարդազարյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը նշեց, որ այդ հարցին պատասխանելու համար որոշ պարզաբանումների կարիք կա:

Պաշտպանը ճշտեց՝ արդյոք դատավոր Շահվերդյանին Վարդազարյանի գործը ձեռքով է մակագրվել։ Պարզվեց՝ այո: Սարգսյանն ասաց, որ պաշտպանական կողմը գրություն է ուղարկել  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ փորձելով պարզել մի շարք հարցերի պատասխաններ, որոնք հնարավորություն կտան գնահատել՝ արդյոք գործը օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից է քննվելու:

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը, ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը: Ազգային անվտանգության ծառայության կողմից «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները քրեական գործի շրջանակներում առգրավելն այժմ դիտարկվում է որպես անհաղթահարելի ուժ, և դատարանի ստացած գործերը մակագրվում են դատարանների նախագահների կողմից: Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք այս հանգամանքը անհաղթահարելի ուժ չեն համարում, բայց, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում ուզում են հավաստիանալ, որ գործերի բաշխման կանոնները պահպանվել են:

Պաշտպանն ասաց, որ մակագրման պրոցեսը չի կարող գաղտնի լինել, հետևաբար դատարանի նախագահին խնդրել է հայտնել, թե Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործը ո՞ր օրը, ո՞ր ժամին է մուտքագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, նույն օրը քանի՞ այլ քրեական գործ է մուտքագրվել, ի՞նչ գործեր, դրանք կոնկրետ ո՞ր ժամին են մուտք եղել դատարան, դրանցից յուրաքանչյուրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող ո՞ր դատավորին է մակագրվել։ Պաշտպանը խնդրել է տրամադրել յուրաքանչյուր դատական գործի համարը, ինչպես նաև փաստական ապացույց առ այն, որ Ռուբեն Վարդազարյանի գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակագրվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ դատավորների ազգանունների այբբենական հաջորդականությամբ:

Սարգսյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախագահող դատավորն ունի՞ այս հարցերի պատասխանները: Դատավորը միայն մեկ հարցի պատասխան ուներ՝ թե որ օրն է գործը մուտք եղել դատարան:

Երեմ Սարգսյանը նման պայմաններում միջնորդեց հետաձգել այսօրվա դատական նիստը՝ հնարավորություն տալու ստանալ իրենց համար էական այս հարցերի պատասխանները, որպեսզի կարողանան դիրքորոշում հայտնել դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցի վերաբերյալ:

Վարդազարյանի մյուս պաշտպանը՝ Հունան Բաբայանը, նշեց, որ վերը նշված հանգամանքների պարզումը և ինքնաբացարկի միջնորդությունը նախագահող դատավորի անձի հետ չէ կապված, այլ երևույթի:

Վարդազարյանի մեղադրանքը գործի նախաքննության փուլում պաշտպանել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն վերջինս դատարան չի ներկայանալու, դատարանում մեղադրողը Աշոտ Ժամկոչյանն է: Վերջինս չառարկեց գործի քննությունը հետաձգելու միջնորդության դեմ: Դատարանը նիստը հետաձգեց և հաջորդը նշանակեց մարտի 21-ին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ:

Վարդազարյանի վերաբերյալ գործում առկա է նաև ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, «Signal» հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա համոզմունք ունի, որ իրեն մեղադրանք առաջադրելու նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter