HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Առաջիկա տարիներին ուսուցիչների կազմում պետք է էական համալրում իրականացվի»․ Ժաննա Անդրեասյան

Ազգային ժողովում այսօր մեկնարկեցին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները։

Հանդիպման մեկնարկին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական լսմանը ներկայացել է 130 մասնակից։

Օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նախագծով  հանրակրթության ոլորտում նախատեսվում է կատարել փոփոխություններ հետևյալ ուղղություններով՝

1․ ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ,

2․անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը,

3․նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը,

4.ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման հնարավորություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ելույթի սկզբում նշեց, որ բոլոր մասնակիցների ելույթները լսելու են առաջիկա փոփոխություններում ներառելու համար, քանի որ կարեւոր է ոչ միայն կատարել փոփոխություններ, այլեւ՝ փոփոխությունները լինեն մտածված եւ որակյալ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով, եթե աշակերտները 12-ամյա կրթություն ստանան ու լավ սովորեն, կարողությունները կկարողանան իրականացնել 57 %-ով. «Այսինքն դպրոցի ավարտին մնում ենք կիսամարդ կամ կիսաքաղաքացի՝ մեր չիմացվածությամբ։ Այն արդյունքը, որին հասնում ենք երեխաների կյանքի 12 տարին վերցնելով, նրանք կարող էին ստանալ շուրջ ինը տարում։ Ի՞նչ ենք անում մեր երեխաների կյանքի երեք եւ ավելի տարիների հետ, որ վերցնում ենք դպրոցում եւ ոչինչ չենք տալիս։ Մինչեւ քսան առարկա ենք անցնում միջին դպրոցում, ամեն առարկան այն կենտրոնն է, որի շուրջ պտտում ենք երեխային ու ամեն տարի նոր ջերմեռանդությամբ խոսում նոր առարկա ներդնելու մասին՝ մոռանալով որ կարեւորը առարկան չէ, երեխան է»,- ելույթը սկսեց նախարարի տեղակալը, այնուհետեւ ներկայացրեց հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու բացերը։

Փոխնախարարը հիշեցրեց, որ վերջերս քննարկման առարկա են դարձել 2015թ-ին կատարված բնագիտության եւ մաթեմատիկայի ՀՀ արդյունքներով միջազգային հետազոտություն արդյունքները, ըստ որոնց՝ տարրական դպրոցի ավարտին սովորողը չի կարողանում կարդալ եւ պարզ տեքստեր հասկանալ՝ չնայած տառաճանաչ է։ Անդրեասյանն ասաց, որ երեւույթը կոչվում է ֆունկցիոնալ անգրագիտություն, երբ տառերն ու թվերը գիտեն, բայց անգիր գիտեն, կայուն գիտելիքներ չունեն։

Նա նշեց, որ 2003-2015-ին ՀՀ-ում աշակերտների 16-28%-ը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը, աշակերտների 8-11%-ը այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է դարձել նրանց գնահատելը։

Նույն թվականին աշակերտների 24-42% տոկոսը չի կարողացել հաղթահարել բնագիտական առարկաների ստորին շեմը։ 2019-ին բուհ դիմողների 20%-ը չի հաղթահարել հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության ստորին շեմը, 2017-2018 թվականներին նույն առարկայի ավարտական քննության շեմը հաղթահարել է աշակերտների 54,6%-ը։

«Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմացության մասին»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով որ այս ամենը կապված է նաեւ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի հետ. գյուղական բնակավայրերում երեխաները զրկված են կրթության նույն հնարավորությունից, քանի որ չկան ավագ դպրոցոցներ և հոսքային ուսուցում չի իրականացվում։

Անդրեասյանի խոսքով՝ այս ամենը կապված է նաեւ գնահատման համակարգի հետ, եւ գնահատման կարգով առաջարկվող փոփոխությունները արդարացված են։ «Չեղարկել անբավարար գնահատակ ստանալու շեմը, պատասխանատվություն վերցնել և սովորողի հետ աշխատել տարվա ընթացքում, հավելյալ կրթական աջակցություն ցույց տալ, կիրառել գնահատման բազմաբազան ձեւեր, սովորել եւ սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որ հաճախ դառնում է կյանքի ու մահվան հարց սովորողի եւ ավելի հաճախ՝ սովորողի ծնողի համար»,- նշեց փոխնախարարը։ 

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, որ մանկավարժ դառնալը երիտասարդների համար գրավիչ աշխատանք չէ, օրինակ բերեց, որ Մանկավարժական համալսարանում 1-4 կուրսերում ֆիզիկայի ֆակուլտետում սովորում է 7 ուսանող, 21 000 շրջանավարտից Մանկավարժական համալսարան են դիմում 500 հոգին, իսկ դպրոցում աշխատող ուսուցիչների կեսը 50-ից բարձր տարիքի են։

«Նշանակում է՝ առաջիկա տարիներին պետք է ուսուցիչների կազմում էական համալրում իրականացվի, ամեն երկրորդ ուսուցիչը պետք է նոր մուտք գործի համակարգ, որտեղի՞ց, տարեկան 700 տեղեր թափուր են մնում անգամ քաղաքի դպրոցներում»,- ասաց նախարարի տեղակալը։

Նա խոսեց ուսուցչի աշխատավարձի եւ խրախուսման մեխանիզմի գրեթե բացակայության մասին, հիշեցրեց, որ ուսուցչի աշխատավարձը մրցակցային չէ, իսկ տասը տարվա ընթացքում խրախուսման տարակարգով անցել է ուսուցիչների 6,2%-ը, որոնցից 94 %-ը միայն 10% հավելավճար է ստանում։

Փոխնախարարը անդրադարձավ նաեւ դպրոցներում աշակերտների թվաքանակին, ասաց, որ կան դպրոցներ, որոնց շինությունը բավականին մեծ է, սակայն աշակերտների թվաքանակը քիչ է եւ շինարարության պահպանումը անարդյունավետ է դարձնում առկա ծախսերը, որն ուղղորդում է գտնել թիրախային, գույքային եւ կառավարման այլ լուծումներ։ Նրա խոսքով՝ նման պարագաներում հաստատությունը կարող է ընդլայնել նշանակությունը՝ ապահովելով համայնքային մշակությային, մարզական ժամանցի միջավայրերը, նաեւ նախադպրոցական, լրացուցիցչ եւ շարունական կրթության բաղադիչները։

Անդրադառնալով դպրոցների կառավարման մեջ փոփոխություններ իրականացնելուն՝ փոխնախարարն ասաց, որ սրա համար հիմք է հանդիսացել այն, որ տնօրեններից պահանջվում է ատեստավորում անցնել՝ անգիր անելով Սահմանադրության դրույթները, իսկ դպրոցի կառավարման խորհուրդը դարձնել տնօրեն ընտրող խորհուրդ։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter