HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ձգձգել դատական նիստերը՝ մինչև վրա հասնի վաղեմության բաղձալի պահը

Ոչ մեծ ծանրության հանցանքների դեպքում, դատավորի ծանրաբեռնվածության պատճառով, հնարավոր է դատաքննությունը ձգձգվի, և հարցը դատավճիռ կայացնելուն չհասնի: Դատավորը պարտավորված լինի վաղեմություն կիրառելով հանցագործին ազատել քրեական պատասխանատվությունից: Միջին ծանրության հանցանքների դեպքում, սակայն դատավորներն ակնհայտորեն շահագրգռված են քրեական գործերի քննությունը մինչև 5 տարի ձգելուն, որպեսզի վաղեմություն կիրառեն և հանցագործներին ազատեն քրեական պատասխանատվությունից: Դրա շնորհիվ առանձին դատավորներ արհեստական ծանրաբեռնվածություն են ստեղծում իրենց վարույթում, միաժամանակ խախտում են գործերի քննության ողջամիտ ժամկետները, հանցանքը՝ թողնում են չհիմնավորված, հանցագործին՝ անպատիժ, պետությունից արդարադատություն հայցող տուժողին՝ ձեռնունայն:

  «Տուժողի արդարադատությունն ավարտվում է դատախազության շենքում»

2014թ. հուլիսի 13-ին Վարդան Թումանյանը Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի, Կարախանյան փողոցի թիվ 36 շենքի մոտ գտնվող զրուցարանում վիճաբանել է Բաբկեն Սարգսյանի հետ, նրան հարվածել և վայր գցելուց հետո գնացել է տուն: Ըստ մեղադրական եզրակացության՝ դեպքից 15 րոպե անց, ինքնադատաստան տեսնելու համար այնտեղ են գնացել Բաբկեն Սարգսյանի որդին՝ Գևորգ Սարգսյանը, թոռնիկները, Սարգիս Ղուկասյանը, Վիկտոր Հովսեփյանը և տան բակում ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վարդան Թումանյանի գլխին, դեմքին՝ դիտավորությամբ պատճառելով վերջինիս կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: Վ. Թումանյանը տեղափոխվել է հիվանդանոց և դեպքից մեկ օր հետո, 2014թ. հուլիսի 15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է:

Քրեական գործի դատաքննությունը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2015թ.-ի հուլիսին և ավարտվել է 2021թ.-ի փետրվարին: Առաջին ատյանի դատարանում դատաքննությունը տևել է հինգ տարի և ընդհատվել է, քանի որ լրացել էր հանցագործության կատարման վաղեմության ժամկետը: Մեղադրյալների արարքը միջին ծանրության հանցագործություն է որակվել, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը: Դատարանը դադարեցրել է ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը, և քրեական գործը կարճելու որոշում է կայացրել:

Դատարանում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն առարկել է վաղեմություն կիրառելու դեմ՝ նշելով, որ ներկայիս իրավիճակը խախտում է տուժողի շահերը: «Մենք բողոքում էինք, որ արարքը ճիշտ չի որակված, առաջադրված հոդվածը ճիշտ չէ,  պետք է լինի դիտավորյալ սպանություն։ Նրանցից մեկը մարտարվեստի լավ տիրապետող անձ է եղել և չէր կարող չգիտակցել իր հարվածների հետևանքը։ Սպանելու դիտավորությունն իր մոտ գոնե անուղղակի առկա է եղել։ Նաև ասում էինք, որ այս սպանությունը որակելու հատկանիշ է մի խումբ անձանց կողմից կատարելը՝ 3 հոգով են եղել և պատկերացրեք, թե ինչպիսի հարվածներ են տվել, որ մահվան են հասցրել նրան»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Վաղեմություն կիրառելը տուժող կողմին հնարավորություն չի տվել դատարանին փաստարկել, որ պատճառահետևանքային կապ կա իրենց վստահորդի մահվան և վերջինիս պատճառված մարմնական վնասվածքների միջև: «Համոզված եմ, եթե դատաքննությունն ավարտին հասներ, կկարողանայինք ապացուցել, բայց դատարանը քննություն չի կարող իրականացնել, որովհետև 5 տարին լրացել էր, և դատավարությունը կեսից ավարտվեց: Մենք չկարողացանք դատավարական գործիքակազմը կիրառել՝ ապացույցներ ներկայացնել, դատական վիճաբանության փուլ մտնել, վերլուծել և այլն: Այսինքն՝օրենքը տուժող կողմին զրկում է համապատասխան փաստարկները դատարանին ներկայացնելու հնարավորությունից»,- հայտնեց Հայկ Ալումյանը։

Ենթադրենք, թե տուժող կողմը սպառիչ կերպով ապացուցել է, որ արարքը սխալ է որակվել, միևնույնն է, դատարանը ոչ մի գործիք չունի վիճակը շտկելու: Փաստաբանը նշում է, որ մեղադրողը կարող էր մեղադրանքը դատաքննության փուլում փոխելու իր մենաշնորհային լիազորությունից օգտվել մինչև քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրանալը, ինչը տեղի չի ունեցել: Եթե դատախազությունը շարունակում է մնալ իր կարծիքին՝ դատարանը վաղեմությունը պետք է կիրառի և քրեական գործը կարճի։ Նույնիսկ, եթե համոզված է, որ այս դեպքում հանցանքն ավելի խիստ պետք է որակվեր և դրանով վաղեմություն չպետք է կիրառեր:

Տուժողի ներկայացուցիչը շեշտում է, որ նման պայմաններում ոչ դատարանն է հնարավորություն ունենում որևէ բան ձեռնարկելու, ոչ էլ տուժող կողմը, որպեսզի վաղեմության ժամկետը չկիրառվի: «Մեր օրենսդրությունն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ տուժողի համար արդարադատությունն ավարտվում է դատախազության շենքում»,- ասում է փաստաբանը։

Այսպիսով, տուժողի իրավահաջորդի փաստարկները` կապված ամբաստանյալների արարքի որակման հետ, առաջին ատյանի դատարանը գնահատականի չի արժանացրել: «Մեր օրենսդրությունը հակասում է Եվրոպական կոնվենցիային և եվրոպական դատարանի վճիռներին՝ կյանքի իրավունք, խոշտանգված չլինելու իրավունք։ Եվրոպական դատարանն ասում է, որ պետությունը պետք է ապահովի քննության պատշաճ մակարդակ և այնպես անի, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Պետությունն այդ հնարավորությունը չի տալիս, սա համատարած երևույթ է»,- նշում է Հայկ Ալումյանը։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով՝ կյանքի իրավունք և խոշտանգված չլինելու իրավունքի հիմքով, փաստաբանն այս գործով բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։

Դատարանում նաև նշել է, որ այս իրավիճակը կարող էր չառաջանալ, եթե գործի քննությունն իրականացվեր առանց ձգձգումների։ Մինչդեռ, ստեղծված իրավիճակում մարդուն խոշտանգելով սպանել են և առանց պատասխանատվություն կրելու գնացել են տուն:

Դատական դեպարտամենտը վիճակագրություն չի վարում, իրավական վերլուծություններ չի կատարում

Ինչպես փաստաբան Հայկ Ալումյանն է նշում, այս գործը եզակի չէ: Պատճառներից մեկն էլ դատական գործերի քննությունն անհարկի ձգձգելն է, որի վերաբերյալ դժգոհությունները մեկ տասնամյակ է հնչում են: Դատարանից արձագանքում են, որ դատավորները ծանրաբեռնված են, սակայն դատական պրակտիկայի վերլուծություն, ամփոփ վիճակագրություն չի ներկայացվում, որից պարզ կլիներ, թե ինչպես և ինչու են ծանրաբեռնվում դատավորները: Արդյոք, օբյեկտի՞վ իրավիճակում է առաջանում դատավորների ծանրաբեռնվածությունը, և բոլո՞ր դատավորներն են հավասարապես ծանրաբեռնված:

«Հետքը» Դատական դեպարտամենին ուղղված գրությամբ խնդրել էր տրամադրել վերջին երեք տարիներին դատարաններում վաղեմության հիմքով կարճված գործերի վիճակագրությունը: Դեպարտամենտից, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ էլ պատասխանեցին, որ նման վիճակագրություն չեն վարում: Առաջարկեցին մեզ տրամադրել վերջին երեք տարիներին կարճված բոլոր գործերի համարները, և մենք դրանից առանձնացնենք վաղեմության կիրառումով կարճված գործերը:

Նույն հարցումը ուղարկել էինք Գլխավոր դատախազություն՝ որպես վարույթների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի, և խնդրել էինք տրամադրել, թե 2109-2021թ. առաջին կիսամյակում վաղեմության հիմքով քանի քրեական գործ է կարճվել դատաքննության փուլում: Դատախազությունը հետևյալ վիճակագրությունն է տրամադրել. 

Դատական դեպարտամենտը «Հետք»-ին տրամադրել է մոտ 900 քրեական գործերի համարներ՝ 2019, 2020 և 2021թ.-ի առաջին կիսամյակ, և մենք դրանցից առանձնացրել ենք  դատաքննության փուլում վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճված գործերը: Մեր ստացած վիճակագրական տվյալները խիստ տարբեր են դատախազության տրամադրած տվյալներից, որի պատճառը թերևս Դատական դեպարտամենտը կարողանա բացատրել: Ստորև դատարանի ունեցած վիճակագրությունը, որը կազմել ենք մեզ տրամադրված գործերն ուսումնասիրելու արդյունքում:

Ըստ այդմ՝  2019թ.-ին կարճվել է 37 քրեական գործ, 2020թ.-ին՝ 46, 2021թ.-ի առաջին կիսամյակում՝ 51 գործ:      

Made with Flourish

Վիճակագրական տվյալները կազմելուց բացի, առանձնացրել ենք ևս 4 գործ, որոնց ուսումնասիրությունը հետաքրքիր պատկեր է ներկայացնում և պարզաբանում է, թե առանձին դատավորներ ինչպես են արհեստական ծանրաբեռնվածություն ստեղծում իրենց վարույթում, միաժամանակ խախտում են գործերի քննության ողջամիտ ժամկետները, հանցանքը՝ թողնում են չհիմնավորված, հանցագործին՝ անպատիժ, պետությունից արդարադատություն հայցող տուժողին՝ ձեռնունայն:

 Դատարանն այդպես էլ չի պարզել՝ բժիշկը մեղավո՞ր էր զինծառայողի մահվան համար

Զինծառայող Սևակ Գասպարյանը 2015թ. սեպտեմբերի 5-ին ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվում և տեղափոխվում է Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ: Այստեղ նրան բժշկական օգնություն է ցուցաբերել Պաշտպանության նախարարության Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալի պետ, մասնագիտությամբ վիրաբույժ Երվանդ Հովհաննիսյանը: Հաջորդ օրը Սևակ Գասպարյանը տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ թեև նրան վիրահատել են ներքին արյունահոսությունը դադարեցնելու համար, սակայն 2015թ. սեպտեմբերի 11-իննա մահացել է:

Նախաքննական մարմինը Երվանդ Հովհաննիսյանին մեղադրել է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար, որի հետևանքով զինծառայող Սևակ Գասպարյանը մահացել է։

«Երվանդ Հովհաննիսյանը ճիշտ չի գնահատել Սևակ Գասպարյանի օբյեկտիվ վիճակը, պատշաճ կերպով չի իրականացրել անհրաժեշտ բուժական-ախտորոշիչ միջոցառումները, չի իրականացրել որովայնի վիրահատություն, պատռվածքների կարում, փայծաղի հեռացում, որը հնարավորություն կտար կանխելու երկարատև, բաց թողնված շոկային վիճակի ծանրագույն հետևանքները, որից հետո լայնածավալ և լիարժեք հետվիրահատական բուժման պայմաններում այդպիսիք հնարավորություն կտային խուսափել մահացու ելքից»,- ասվում է մեղադրական եզրակացության մեջ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի դատաքննությունն սկսվել է 2017թ. ապրիլի 13-ին և ավարտվել է 2021թ.-ի հունվարին:

2017թ. մարտի 20-ին քրեական գործն ընդունվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին: Վ. Մելիքյանն այս գործը քննել է երկու տարի՝ մինչև 2019թ. հունիսի 4-ը, որի ընթացքում հրավիրել է 33 նիստ: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ բոլոր նիստերը կայացել են, բայց դատավորը գործի քննությունը չի ավարտել, և դատական ակտ չի կայացրել:

Վ. Մելիքյանն այդ շրջանում գործուղված է եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի ժամկետը լրացել է 2019թ.-ի հունիսի 4-ին: 2019թ. հունիսի 5-ին քրեական գործը վերամակագրվել է դատավոր Դավիթ Սարգսյանին:

graph_1-Sara.jpg (125 KB)

Վերջինս վերսկսել է գործի քննությունը և 2019թ. հունիսի 20-ին դատաքննություն է նշանակել: Դ. Սարգսյանն այս գործով նշանակել է 23 դատական նիստ, որից երկուսը չի կայացել՝ նրա ամենամայա արձակուրդում գտնվելու պատճառով: 2021թ. հունվարի 11-ին դատավորը քրեական գործի վարույթը կարճել է և Երվանդ Հովհաննիսյանի նկատմամբ հետապնդումը դադարեցրել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: «Երվանդ Հովհաննիսյանին մեղսագրվող միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է ավելի քան հինգ տարի, ամբաստանյալը տվել է իր համաձայնությունը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իրեն քրեական պատասխանատվությունից ազատելու մասին»,- ասվում է որոշման մեջ:

Այսպիսով, զինծառայողի մահվան գործի քննությունը դատարանում տևել է շուրջ 4 տարի և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել դրա համար: Զինծառայողի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Երվանդ Հովհաննիսյանը կալանավորված չի եղել:

Ամբաստանյալը գույքային վնաս է պատճառել 74 քաղաքացու, դատական նիստերին ներկայացել է իր ցանկությամբ և մնացել է անպատիժ

2017թ. օգոստոսի 2-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունը Սոս Սաֆարյանին մեղադրել է 74 քաղաքացիների խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար: 2014թ. ապրիլի 17-ին նրանց անվամբ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Գեղարքունիք» մասնաճյուղում գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող 1.308.5 գրամ ոսկյա ձուլակտորները, վարկեր է վերցրել նրանց անունով՝ խոստանալով ժամանակին մարել վարկը և տոկոսագումարները, սակայն խոստումը չկատարելով նշված քաղաքացիներին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Սոս Սաֆարյանը քաղաքացիներից թաքցրել է, որ բանկում գրավադրվող ոսկու արժեքից երաշխավորության կարգով շուրջ 40 տոկոս ավել գումար է վերցնում: Նրանց հայտնել է, որ ոսկի է գրավադնում և անհրաժեշտության դեպքում բանկը ոսկին կվաճառի և նրանք խնդիրներ չեն ունենա: Նրանց անվամբ հիշյալ բանկում ձևակերպել է լոմբարդային վարկի, գրավականի և երաշխավորության պայմանագրեր և բանկից ստացել է 29 մլն 150 հազար դրամ գումար, որից 20 մլն 881 750 դրամ գումար ոսկու ձուլակտորների գնահատման արժեքով, իսկ 8 մլն 268 250 դրամը երաշխավորներով:

Այնուհետև չկարողանալով մարել տոկոսագումարները և մայր գումարը, գրավադրված ոսկյա ձուլակտորները վաճառելով 2014թ. ապրիլի 17-ից մինչև 2015թ. մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանց անվամբ ձևակերպված վարկերից որոշ մասը մարել է:

2017թ. օգոստոսի 14-ին քրեական գործն ընդունվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ դատավոր Մնացական Հարությունյանի վարույթ: Մ. Հարությունյանն այս գործով 12 դատական նիստ է նշանակել, սակայն «Դատալեքս» տեղեկատվական համակարգում նշում չկա՝ դրանք կայացե՞լ են, թե՝ ոչ: Մ. Հարությունյանը ՀՀ նախագահի 2018թ. մարտի 15-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

graph_2-Sara.jpg (134 KB)

2018թ.-ի ապրիլի 4-ին քրեական գործը վերամակագրվել է դատավոր Յուրիկ Իսկոյանին: Վերջինս դատաքննությունը վերսկսել է 27.04.2018թ.-ին, քննել է մոտ 2,5 տարի և դատական ակտ չի կայացրել: Յ. Իսկոյանի վարույթում այս գործը քննվել է մինչև 03.08.2020թ.-ը: Յ. Իսկոյանն այս գործով 38 դատական նիստ է հրավիրել, որից 27-ը չեն կայացել տարբեր պատճառներով, այդ թվում՝ 10 անգամ հետաձգվել է ամբաստանյալի ներկայությունն ապահովելու համար, 4 անգամ՝ մեղադրողի և այլն: ԲԴԽ որոշումով 2020թ. օգոստոսի 13-ից Յ. Իսկոյանի լիազորությունները դադարել են պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ:

Iskoyan cases
Infogram

25.08.2020թ.-ին քրեական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Սարգսյանին, որն այս գործով արդեն երրորդ դատավորն էր, և օրենքի պահանջով, նա նույնպես գործի քննությունը պետք է սկսեր սկզբից: Վերջինս 6 ամսվա ընթացքում այս գործով նշանակել է 7 նիստ և վերջին նիստի ժամանակ կարճել է գործը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Սոս Սաֆարյանին մեղսագրվող արարքները հանդիսանում են միջին ծանրության հանցանքներ և ավարտված են համարվել 2014թ. ապրիլի 26-ին: Դատարանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը  դադարեցրել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով և քրեական գործի վարույթը կարճել է: «Դատարանը, նկատի ունենալով, որ Սոս Սաֆարյանին վերագրվող միջին ծանրության հանցանքներն ավարտված համարելու օրվանից անցել է ավելի քան հինգ տարի, ամբաստանյալը տվել է իր համաձայնությունը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իրեն քրեական պատասխանատվությունից ազատելու մասին»,- ասվում է դատական ակտում։

Գործով տուժող Հարություն Հարությունյանը հայտնել է, թե չի առարկում վաղեմություն կիրառելուն, բայց խնդրում է, որ դատավճռով վաղեմություն կիրառվի, քանի որ ներկայումս քաղաքացիական հայցեր են քննվում, որն ուղակիորեն պայմանավորված է քրեական գործի վերջնական արդյունքով: «Քրեական գործով շատ կարևոր է, որ ամբաստանյալն ամբողջ ծավալով ընդունի առաջադրված մեղադրանքը կամ դատարանն իր դատավճռով քննարկի մեղավորության հարցը կամ վաղեմության կիրառումը»,- հայտնել է 74 տուժողներից մեկը՝ Հ. Հարությունյանը:

Ամբաստանյալ Սոս Սաֆարյանը կալանավորված չի եղել, իսկ դատական նիստերին ներկայացել է իր քմահաճույքով՝ բացակայել է 10 նիստից։ Եթե ճիշտ են դատական նիստերը չկայանալու մասին դատարանի կատարած գրառումները՝ միայն երկու անգամ նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել: Այդուհանդերձ, դատարանը խիստ բարեհաճ է գտնվել ամբաստանյալի նկատմամբ, և նրա խափանման միջոցը չի փոխել՝ չի կալանավորել: Այստեղից էլ այն կասկածները, որ դատարանն ինքը շահագրգռված է եղել կողմերի չներկայանալով, որպեսզի դատաքննությունը ձգձգվեր այնքան՝ մինչև կլրանար հանցանքը կատարելու 5 տարին:

Դատարանին 5 տարում չհաջողվեց պարզել՝ գանձագողերի փորած փոսը պատմամշակութային հուշարձանի տարածքո՞ւմ էր

2021թ.-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է «Ամրոցի համալիր Ախթամիր» հնավայր հանդիսացող հանրապետական նշանակության հուշարձանը վնասելու գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ «Ամբաստանյալ Արման Հովհաննիսյանը 2016թ. մարտի 22-ին, մարտի 23-ին և 2016թ. մարտի 25-ին, գանձագողություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Նվեր Զախարյանի հետ պետության կողմից պահպանություն իրականացվող, պատմության և մշակույթի առանձնակի արժեք ունեցող մ.թ.ա IV-րդ հազարամյակի ժամանակաշրջանի ամրոց համալիր «Ախթամիր» հնավայր հանդիսացող հանրապետական նշանակության հուշարձանում կատարել են հողաքանդման աշխատանքներ: Փորել են 275 x 320 սմ չափերի փոս, որի հետևանքով «Ախթամիր» պատմամշակույթային հուշահամալիրի հնագիտական շերտին պատճառվել է առանձնակի վնաս:

Քրեական գործը Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան մուտք է եղել 28.11.2016թ.-ին և քննվել է դատավոր Սամվել Ուզունյանի վարույթում: Դատաքննությունը տևել է 5 տարի, գործը քննող դատավորները ձգձգումներով բարեհաջող այն հասցրել է մինչև 2021թ.-ը, երբ լրանում էր այս գործով վաղեմություն կիրառելու ժամկետները: Դատարանը որոշել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Այս գործով առաջին դատական նիստը նշանակվել է 22.12.2016թ.-ին և հետաձգվել է ամբաստանյալ Արման Հովհաննիսյանի չներկայանալու հիմքով: 2017թ.-ի ընթացքում 13 նիստ է նշանակվել, որից 4-ը չի կայացել պաշտպանի չներկայանալու պատճառով:

2018թ.-ին, ըստ «Դատալեքս»-ի, 14 դատական նիստ է նշանակվել, սակայն գործի քննության ավարտին չեն մոտեցել: Դատաքննության միայն երրորդ տարում՝ 2019թ.-ի կեսերին է ամբաստանյալների պաշտպան Հ. Գալստյանի մոտ կասկածներ առաջացել, որ իր պաշտպանյալների փորած փոսը «Ախթամիր» պատմամշակութային համալիրի պահպանման ենթակա տարածքում չի գտնվում և դա պարզելու համար անհրաժեշտ է փորձաքննություն նշանակել: Դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը և համալիր փորձաքննություն է նշանակել:

2019թ. օգոստոսի 6-ից դատավոր Սամվել Ուզունյանի լիազորությունը դադարեցվել է  պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ: Քրեական գործը միայն 4 ամիս հետո, 2019թ. դեկտեմբերի 10-ին է փոխանցվել նույն դատարանի դատավոր՝ Էդգար  Կարապետյանին: Երբ գործը վերամակագրվել է դատավոր Էդգար Կարապետյանին, քրեական գործն արդեն նախորդ դատավոր Սամվել Ուզունյանի որոշումով ուղարկվել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ` փորձաքննությունը կատարելու նպատակով:

graph_3_sara.jpg (140 KB)

Քրեական գործի վարույթը կարճելու որոշումից 2 շաբաթ առաջ, 13.04.2021թ.-ին դատարանի գրության հիման վրա քրեական գործը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից վերադարձվել է դատարան: Դատավորը վերջին նիստի ժամանակ՝ 2021թ. ապրիլի 28-ին, քրեական գործով ամբաստանյալ Նվեր Զախարյանին և Արման Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել:

«Ամբաստանյալներին մեղսագրվող արարքը միջին ծանրության հանցագործություն է համարվում, որի համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը: Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հինգ տարի միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը»,- որոշումն այսպես է հիմնավորել դատավորը: 

Այսպիսով, 5 տարի քննելով գործը, դատարանն այդպես էլ չի պարզել՝ ամբաստանյալ Նվեր Զախարյանն ու Արման Հովհաննիսյանը «Ախթամիր» պատմամշակութային հուշահամալիրի հնագիտական շերտին առանձնակի վնաս պատճառե՞լ են, թե՝ ոչ։ Հավանաբար, փորձաքննության եզրակացությունն էլ պատրաստ չի եղել։

Սակայն, մինչ այդ, դատավոր Կարապետյանը, ըստ «Դատալեքս»-ում կատարված գրառման, այս գործով 15 դատական նիստ է նշանակել և բոլորն էլ կայացել են:

Ի՞նչ խնդիրներ կան դատական համակարգում

Ուսումնասիրված քրեական գործերից ակնհայտ է, որ միջին ծանրության հանցանքները, որի համար ամբաստանյալին պատասխանատվության ենթարկելու ժամկետը 5 տարի է, հաճախ երեք դատավորի վարույթով է անցնում: Յուրաքանչյուր դատավոր գործը վարույթ ընդունելուց քննությունն սկսել է սկզբից, ինչը օրենքի պահանջ է և քննել է 2-2,5 տարի: Գործերի մեծ մասի դեպքում այդ ժամանակահատվածը լիովին բավարար էր դատական ակտ կայացնելու համար, քանի որ առանձնակի բարդություն չեն ներկայացրել, փորձաքննությունների անհրաժեշտություն չի եղել, վկաների մեծ թիվ չի եղել և այլն: Բայց ակնհայտորեն դատավորները շահագրռված չեն եղել դատաքննությունն ավարտելու հարցում:

Երբեմն գործով փորձաքննություն նշանակելը զուտ ժամանակ շահելու նպատակ է ունեցել՝ նկատի ունենալով, որ առնվազն մեկ տարի հնարավոր է այդպես ձգձգել քննությունը: Որոշ դեպքերում, զարմացնող է ամբաստանյալների նկատմամբ դատավորի ցուցաբերած անսահման ներողամտությունը՝ դատաքննության ներկայացել են իրենց ցանկությամբ: Որոշ դեպքերում էլ զարմանալի անգթություն են դրսևորում տուժողի հարազատների նկատմամբ, որոնց միակ սփոփանքը մնում է արդարադատության իրականացումը: Հետաքրքրական է, որ մեղադրող կողմը, որը տուժողի և պետության շահերի պաշտպանն է դատարանում, նույնպես չի ընդվզում այս երևույթի դեմ, շատ հաճախ ակնհայտորեն դառնում է դատավորի և ամբաստանյալի աջակիցն այդ հարցում:  

Ինֆոգրաֆիկաները` Քրիստինե Աղալարյանի, Սամսոն Մարտիրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter