Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021 թվականի տարեկան զեկույցի մասին
2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար լարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեժ պայքարով։ Տարին լի էր լրագրողների նկատմամբ ճնշումների և սահմանափակումների դեպքերով, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Մասնավորապես՝ ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Այս մասին ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021 թ. զեկույցում:
«Թե՛ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների, թե՛ քաղաքացիների կողմից լրագրողները և օպերատորները հաճախ թիրախավորվել են՝ նույնականացվելով այն քաղաքական ուժի հետ, որի հովանու ներքո է գործում տվյալ ԶԼՄ-ն։ Հարձակումներ են գրանցվել հատկապես զանգվածային միջոցառումների՝ ցույցերի, երթերի ու հանրահավաքների ժամանակ, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում։ Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր։ Տարատեսակ այլ ճնշումները 107-ն են։ Դրանց մեջ են ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ուղղված սպառնալիքները, հաշվեհարդարի կոչերը, դատական գործերը, ինչպես նաև՝ քաղաքացիների, իշխանության ներկայացուցիչների, հայտնի քաղաքական գործիչների կողմից դրսևորած անվայելուչ պահվածքի և անարգանքի դեպքերը։
Ինչ վերաբերում է զրպարտության և վիրավորանքի հիմքով ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական նոր հայցերին, ապա դրանց մեծ հոսքը տարվա ընթացքում շարունակվել է. գրանցվել է 60 նոր գործ։ Այս միտումը հատկապես մտահոգիչ է իշխանությունների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների ֆոնին։ Այսպես՝ մարտի 24-ին Ազգային ժողովն ընդունեց Ալեն Սիմոնյանի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումների առավելագույն չափերը եռապատկվեցին։ Իսկ օգոստոսի 30-ին ուժի մեջ մտավ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեականացվեց, այսպես կոչված, «ծանր վիրավորանքը»։ Ընդ որում՝ առավել պաշտպանության տակ առնվեցին հանրային ու պետական գործունեություն իրականացնողները, մի քանի այլ խմբեր, որոնց վիրավորելն ավելի խիստ պատիժ է նախատեսում, քան շարքային քաղաքացու դեպքում, ինչը խտրական վերաբերմունքի դրսևորում է:
Օրենսդրական այս փոփոխությունները վտանգավոր են այն առումով, որ հատկապես հանրային դեմքերն իրենց հասցեագրված քննադատությունն ու սուր խոսքը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և փորձում են դատական հայցերի, իրավական այլ մեխանիզմների կիրառմամբ հաշվեհարդար տեսնել: Իրավապահ մարմիններն արդեն իսկ ակտիվորեն կիրառում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածի դրույթը. մինչև դեկտեմբերի 31-ն արձանագրվել է այդ հոդվածի հատկանիշներով 418 դեպք, որոնցից 263-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր, մեղադրանք է առաջադրվել 31 անձի: Հարուցված քրեական գործերից մեկն առնչվել է լրատվամիջոցի, սակայն կարճվել է:
Վիճակը բարվոք չէ նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի ապահովման հարցում։ Տարվա ընթացքում գրանցվել է այդ իրավունքի 99 խախտում՝ նախորդ տարվանից 9-ով ավելի։ Այս առումով մտահոգիչ է նաև ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի որոշումը, ըստ որի՝ նախատեսվում է govtravel.am կայքում այլևս չհրապարակել պաշտոնական այցերի, չվերթների, դրանց հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկությունները։ Քննարկման փուլում է մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է e-gov.am հարթակում չհրապարակել պաշտոնատար անձանց գործուղումների, ինչպես նաև՝ մեկ անձից իրականացվող գնումների մասին և մի շարք այլ տվյալներ:
Տարվա ուշագրավ իրադարձություններից էր «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի ընդունումից հետո հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթների ամփոփումը՝ 6 հանրապետական, 9 մայրաքաղաքային և 8 մարզային սփռման համար: Ըստ անկախ մեդիա փորձագետների՝ ոչ նոր օրենքը, ոչ էլ անցկացված մրցույթը էական ազդեցություն չունեցան հայաստանյան եթերի բարեփոխման վրա։
Դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ինչը, սակայն, դարձյալ լիարժեքորեն չի լուծում ոլորտում առկա խնդիրները։ Թեև նախաձեռնության հեղինակները որոշ չափով հաշվի էին առել ԽԱՊԿ-ի և այլ կազմակերպությունների քննադատությունն ու առաջարկությունները, այդուհանդերձ, մի շարք կարևոր խնդիրներ չլուծվեցին, այդ թվում՝ կապված պետական կառույցներում լրատվամիջոցների հավատարմագրման հետ»,- նշված է զեկույցում։
Մեկնաբանել