HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը միացել է Մարտունու տեխնոդպրոցի ստեղծման նախագծին

Արցախի կառավարությունը միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին՝ այդ թվում ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Այս մասին հայտնում է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը:

«Արցախում Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից։ Նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիքներ տալն է, ինչը նրանց համար զարգացման հեռանկարներ կստեղծի իրենց իսկ բնակավայրերում և ճանապարհ կբացի դեպի ՏՏ շուկա։

Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման և Երևանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ և մշակել է Տեխնոդպրոցի գաղափարը։ Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 68 մլն դրամ։

«Մարտունու տեխնոդպրոցը Մարտունի քաղաքի և ենթաշրջանի գյուղերի տեխնոլոգիական ապագան է։ Տեխնոդպրոցի ստեղծմամբ մենք տեխնոլոգիական կրթությունը դնելու ենք որակական նոր հիմքերի վրա։ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը սատար է կանգնում այս բացառիկ նախագծի իրականացմանը՝ կրկնապատկելով մինչև 14 միլիոն դրամ արված ցանկացած ներդրում։ Մարտունու տեխնոդպրոցը մեր կրթական հաղթաթուղթն է»,- ասում է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Շարժական լաբորատորիաների հետ մեկտեղ ապագայում ստեղծվելու է մեծ տեխնոլոգիական դպրոց։ Շենքն ունենալու է երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ և սանհանգույց։ Նախագծի շրջանակում Հաղորտիի գյուղապետարանը տրամադրել է համայնքապետարանի շենքը։ Վերանորոգումից հետո այն կկարողանա ընդունել 100 երիտասարդ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280։ Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի շուրջ 1 մլրդ դրամ, ինչպես նաև կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։

«Այս կրթական ծրագրերը մշակվել էին դեռ 2017 թ.-ին, որպեսզի ուղղակի մի քիչ ակտիվացնենք Արցախի գյուղերի կյանքը, երեխաների և դեռահասների կրթության մեջ փոփոխություններ անենք, բայց ամենակարևորը՝ արդիականացնենք կրթության ոլորտը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք ուղղակի համակարգիչներով շրջում էինք գյուղերով։ Այնուհետ այս գաղափարի շուրջ միավորվեցին ՏՏ ոլորտի ավելի քան 30 մասնագետներ։ Հիմա մեր ուսանողական նախաձեռնությունը դարձել է մեծ տարածաշրջանային նախագիծ, որին միացել է և Արցախի կառավարությունը»,- ասում է «Ես» կրթական  հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter