HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:

«Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները:

Հայտնաբերվել է 1328  հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում: Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Միաժամանակ հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:

Դեպքի առնչությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter