HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամիսներ առաջ 7500 դրամով վաճառվող պարարտանյութի գինը դարձել է 25 000 դրամ

Վերջին 4 ամիսների ընթացքում գյուղատնտեսական պարարտանյութերի գինը հայկական շուկայում թանկացել է 60-70%-ով: Նախկինում 7500 դրամով վաճառվող պարարտանյութն այսօր արժե 24-25 հազար դրամ: Գյուղացիներն անհանգստացած են, որ նման թանկացումները դժվարացնելու են գյուղատնտեսական աշխատանքները, ավելացնելու գյուղմթերքի ինքնարժեքը:

Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի մշակույթի տան սենյակներից մեկում գյուղի տղամարդիկ նարդի էին խաղում և ձեռքի հետ քննարկում երկրում կատարվող անցուդարձը: Վերջին օրերի նրանց քննարկման «թոփ թեման» պարարտանյութի գնի թանկացումն է:

Ակնաշենում գրեթե բոլորը ջերմոցներ ունեն: Առաջիկա օրերին սկսվելու է գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանը, ինչն էլ անհանգստություն է պատճառում գյուղացիներին: 

Վրեժ Ենոքյանը 700 քմ ջերմոց ունի: Արդեն վարունգի սածիլներն է աճեցնում, որպեսզի տեղափոխի ջերմոց: Նրա խոսքերով՝ պարարարտանյութի թանկացումը 30-40% բերքի ինքնարժեքի վրա ազդելու է, հետևաբար արդեն մտածում է՝ արժե՞ մտնել այդ բեռի տակ, թե՝ ոչ:

Վրեժ Ենոքյանն ասում է, որ առաջիկայում մարդիկ պարարտացնելու են նաև հացահատիկային մշակաբույսերը, ինչը գրեթե անհնար է. գյուղացին դեռ վաճառքի ապրանք չունի, այլ կերպ ասած՝ գումար չունի:

«Մեծ մասը չեն կարողանալու պարարտանյութ գնել, բերքը քիչ է լինելու: Քիչ բերքն էլ թանկ է լինելու: Թանկ էլ վաճառես, ով է առնելու: Մարդիկ ի վիճակի չեն թանկ ապրանք առնել: Ապրելը դժվարանալու է, ճամպրուկները հավաքելու են ու գնան: Սա հարկադրված փախուստ է»,-կանխատեսում է Վրեժ Ենոքյանը: 

Հողը ազոտական պարարտանյութով չծանրաբեռնելու նպատակով գյուղացիները նաև գոմաղբ են օգտագործում: Վրեժ Ենոքյանն ասում է, որ շշուկներ կան գոմաղբի թանկացման մասին, քանի որ պահանջարկը մեծացել է: Անցյալ տարի մեկ բեռնատար ավտոմեքենայով գոմաղբի տեղափոխման արժեքը կազմել է 70 000 դրամ, այժմ խոսվում է 120 000 դրամի մասին:

«Այս վիճակից դուրս գալու լուծումը ղեկավար պոստերում մտածող մարդիկ ունենալն է: Պարարտանյութ արտադրելը դժվա՞ր է, որ չենք արտադրում: Դժվար չէ: Թող ամեն ջերմոցատիրոջը մոտենան, ասեն՝ 100-500 դոլարի չափով ներդրում արա, գործարան սարքենք, հետո այդ գումարի դիմաց ձեզ պարարտանյութ կտանք:  Գյուղացիների մեծ մասը կանեն, ուղղակի ղեկավար կազմում մտածող մարդ չկա: Ես գյուղացի մարդ եմ, տարբերակներ մտածում եմ, իրենք չե՞ն կարող: Մի կողմից էլ չեն կարող, որովհետև չգիտեն գյուղատնտեսությունն ինչ է: Առանց գյուղատնտեսության պետություն չկա: «Ֆեյսբուքով» հաց ուտել չի լինի, պիտի այդ հացը սարքես, որ ուտես»,- ասում է Վրեժ Ենոքյանը:

Թանկացումից դժգոհում են ոչ միայն պարարտանյութ օգտագործողները, այլև վաճառողները: Արթուր Ներսիսյանը մոտ 2 տարի է՝ պարարտանյութի վաճառքով է զբաղվում: Պատմեց, որ անցյալ տարի այս օրերին վրացական ազոտական պարարտանյութի մեկ պարկը վաճառել են 6000 դամով, այսօր արդեն 15 000 դրամ է: Պարսկական կարբամիտը վաճառել են 7500 դրամ, այժմ 24 000 դրամ է, իսկ ռուսական պարարտանյութը 7500 դրամից դարձել է 17 000 դրամ: 

«Մեզ ասացին, որ ռուսական պարարտանյութի գործարանային գինը դարձել է 21 000 դրամ: Դե եթե նոր խմբաքանակ գնենք, պիտի այդ գնով առնենք, դրան էլ ավելանում է փոխադրման ծախսերը, մեր եկամուտը, վաճառքի գինը երևի կդառնա 23-25 հազար դրամ»,-ասում է Արթուրը: 

Նրա խոսքերով՝ կտրուկ նվազել են պարարտանյութի վաճառքի ցուցանիշները: Մարդկանց գիտի, ովքեր նախորդ տարի այս օրերին 50 պարկ պարարտանյութ են գնել, այժմ բավարարվում են 5-10 պարկով: 

«Չորս ամսվա ընթացքում գինը թանկացավ: Նախկինում նման բան չի եղել, 100-300 դրամի տարբերություն է եղել:  Բայց 4 ամսվա ընթացքում կտրուկ ավելացավ: Մենք էլ չգիտենք, թե վաղն ինչ գին է լինելու: Դեռ հին խմբաքանակն ենք վաճառում, նորը ավելի թանկ ենք գնելու»,- հավելեց Արթուր Ներսիսյանը:

Ներկրողները շատ, գինը՝ թանկ

2021թ․ Հայաստան գյուղատնտեսական պարարտանյութ է ներկրվել 16 երկրից: Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավելի շատ պարարտանյութ ներկրվել է Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից: Նշված 3 երկրներից միասին ներկրվել է 46 հազար 672 տոննա պարարտանյութ:

Նշենք, որ ներկրված պարարտանյութի առյուծի բաժինը հասնում է ամոնիումի նիտրատին կամ ժողովրդի լեզվով ասած՝ ազոտական պարարտանյութին:

Made with Flourish

Պարարտանյութի շուկան ազատականացված է: Միայն 2021թ. 92 ընկերություն կամ ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր պարարտանյութ է ներկրել: Խոշոր հինգ ներկրողներն են՝ «Ագրոտեխ», «Էյ ընդ էմ», «Ինովատոր», «Գեոպրոմայնինգ գոլդ» և «Սապսան թրեյդ» ՍՊԸ-ները:

«Գրին Ֆրենդ» ՍՊԸ-ն 92 ներկրողների ցանկում է: Ընկերության գլխավոր տնօրեն Ավո Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարիներ շարունակ խոշոր ներկրող են եղել, սակայն այս տարի կտրականապես հրաժարվել են պարարտանյութ ներկրել: 

«2020 թվականից հետո պարզ դարձավ, որ սա միայն բիզնես չէ, այլև երկրի տնտեսության համար է պետք, որ թափ առնի: Պարարտանյութն էլ լայն սպառվող ապրանք է, շուկան էլ բաց է, հետևաբար՝ օգուտը քիչ: Սակայն գներն անհասկանալի թանկացան, ինչն այլևս ձեռնտու չէր բերելը»,-ասում է Ավո Պողոսյանը:

«Գրին Ֆրենդ» ՍՊԸ-ն պարարտանյութը ներկրել է Իրանից, Վրաստանից և Ռուսաստանից: Պողոսյանն ասաց, որ հիմնավոր պատճառ չի լսել նաև դրսից, թե ինչն է թանկացման պատճառը: Ընկերության տնօրենի դիտարկմամբ՝ անցյալ տարի իրենք ազոտական պարարտանյութը վաճառել են պարկը 5850 դրամով, սակայն այս տարի սահմանի վրա 1 տոննա պարարտանյութի գինը կազմում է 800 դոլար, որը գրեթե համարժեք է պարկը 20 000 դրամին:

«Գների թանկացումը Հայաստանի հետ կապված չէ, միջազգային շուկայում է թանկացել: Հայաստանում միայն կարող են սուբսիդիա տրամադրել, պետական աջակցություն, որ գյուղացու բեռը մի քիչ թեթևանա: Այսինքն՝ պետությունը մասնակի վճարի գյուղացու փոխարեն»,- հավելում է Ավո Պողոսյանը:

Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ այժմ ԵԱՏՄ շրջանակներում ակտիվ քայլեր են ձեռնարկվում ամոնիակային սելիտրա և կոմպլեքս (ազոտ, ֆոսֆոր, կալիում) հանքային պարարտանյութերը հանրապետություն ներմուծող ընկերությունների համար հնարավորինս մատչելի գներով ձեռքբերում ապահովելու ուղղությամբ:

«Էկոնոմիկայի նախարարության կողմից դեռ 2021թ․ տարեվերջին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ պարարտանյութերի գնի կտրուկ աճը պայմանավորված է միջազգային շուկայի գներով, որին հիմնականում հանգեցրել է պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող եվրոպական մի քանի ընկերությունների գործունեության դադարեցումը, ինչպես նաև գազի համաշխարհային գների բարձրացումը»,- փոխանցում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter