HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ռուսական կողմին է փոխանցել Վաշինգտոնի պատասխանը՝ անվտանգության երաշխիքների առաջարկների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Այն մասին, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել գրավոր պատասխանը, ավելի վաղ թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Bloomberg գործակալության լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։ «ԱՄՆ գրավոր պատասխանն արդեն փոխանցվել է Ռուսաստանին»,- պնդում էր ամերիկացի լրագրողը։ 

Ավելի վաղ, Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել էր ռուսական արտաքին քաղաքական գերատեսչություն։ Իր հերթին CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան կողմն արդեն չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին մտադիր է Մոսկվային փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը։ 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պետդումայում ելույթ ունենալով կառավարության ժամին, հայտարարել էր, որ Ռուսաստանը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը, եթե այդպիսի խնդրանք լինի։ Ընդորում, նա նշել էր, որ Վաշինգտոնի արձագանքի էությունն ու բովանդակությունը կհասցվի հանրությանը։ Միացյալ Նահանգները դիմել էր այդ խնդրանքով։

Անցած տարվա դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի ռուսական առաջարկները, որոնք Մոսկվան ակնկալում է Վաշինգտոնից և ՆԱՏՕ-ից։ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ երկու պայմանագրերը ենթադրում են դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարում, այդ թվում Դաշինքի կազմում Ուկրաինայի բացառում։ Բացի այդ, կողմերը պետք է սահմանափակումներ դնեին հարձակողական լուրջ զինատեսակների վրա, մասնավորապես՝ միջուկային։

Այս ամենը պայմանավորված է ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածությամբ։ Դրա հերթական փուլը սկսվել է նախորդ տարվա աշնանից, երբ արևմտյան մի քանի լրատվամիջոցներ հայտնեցին Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին։ Ավելի ուշ, այդ պնդումները հաստատեցին ուկրաինական և արևմտյան քաղաքական գործիչները։ Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր ուկրաինական սահմանին ռուսական շուրջ 100 000 զինծառայողների տեղակայման մասին, իսկ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինա կներխուժի 2022 թվականի սկզբին։

Կրեմլը բազմիցս հերքել է նման մեղադրանքները և նշել, որ ռուսական զորքերը տեղաշարժվում են սեփական տարածքում և ունեն այդ իրավունքը։ Իր հերթին Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է անվտանգության երաշխիքներ տա Ռուսաստանին, ինչը ենթադրում է դեպի արևելք ընդլայնումից Հյուսիսատլանտյան դաշինքի հրաժարում և Դաշինքին Ուկրաինայի անդամակցության բացառում։ Այդ նպատակով Բայդենն ու Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում էին ունեցել, իսկ մի քանի օր առաջ Ժնևում հանդիպել էին նաև ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը։ 

Ուկրաինական հետախուզությունը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածք է տեղափոխվել մի քանի տանկ և ինքնագնաց հրետանային համակարգեր։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում նշել էին, որ տեղափոխումն իրականացվել է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ Բացի տանկերից, ուղարկվել էր նաև վառելիք, զինամթերք, ինչպես նաև այլ սպառազինություն։ 

Մի քանի օր առաջ նաև հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ն որոշել է ռազմանավեր և ավիացիա ուղարկել Արևելյան Եվրոպայի դաշինքին անդամ երկրներ, մասնավորապես՝ Բուլղարիա, Ռումինիա և Լիտվա, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ Ուկրաինային կտրամադրվի 1,2 միլիարդ եվրոյի վարկ և դրամաշնորհներ։

Լուսանկարը՝ Sputnik / Vladimir Trefilov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter