
Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի․ գրավի գումարն արդեն վճարված է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Բորիս Բախշիյանի, հունվարի 22-ին որոշել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել անազատության հետ չկապված խափանման միջոցով: «Հետք»-ի հետ զրույցում Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանը Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 2 մլն դրամ գրավը և ստորագրությունը չհեռանալու մասին:
Երևանում գրավի գումարն արդեն վճարվել է: Միհրան Պողոսյանն ասաց, որ Մինասյանն այս պահին դեռևս ազատության մեջ չէ, նրան բերում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո նա ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է զենք-զինամթերք պահելու մեջ: Նրան ի սկզբանե մեղադրանք էր առաջադրված նաև Նիկոլ Փաշինյանի սպանությունն, ինչպես նաև իշխանության յուրացումը նախապատրաստելու հոդվածներով, սակայն մոտ մեկ տարի անց այս հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցվել է:
Մինասյանի վերաբերյալ գործը հունվարի 4-ին է ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Մեկնաբանել