HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

2021թ.-ին դատավորների նկատմամբ քննված կարգապահական վարույթները

Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի ընթացքում 29 կարգապահական վարույթ է քննել, որից 28-ով որոշում է հրապարակել: Նշված 28 վարույթից 18-ը հարուցել է Արդարադատության նախարարությունը, 4-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, 6-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: Վարույթները քննելու արդյունքում խորհուրդը 2021-ին 2 դատավորի լիազորություն դադարեցրել է, 4 դատավորի խիստ նկարողություն է հայտարարել, 2 դատավորի հայտարարվել է նկատողություն, 3 դատավորի՝ նախազգուշացում, 4  դատավորի վերաբերյալ գործը կարճվել է, 13   միջնորդություն մերժել է:

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ 2021թ. ընթացքում ԲԴԽ-ն քննել է դատավորներ Արշակ Ալավերդյանի,  Զոյա Զաքինյանի, Էդուարդ Ամալյանի, Կարինե Պետրոսյանի, Հովհաննես Մելքոնյանի, Արթուր Մկրտչյանի, Ռաֆիկ Մելքոնյանի, Գայանե Մազմանյանի, Տիգրան Փոլադյանի, Լուսինե Աբգարյանի, Վարդան Գրիգորյանի, Նաիրա Գրիգորյանի, Կարինե Բաղդասարյանի, Դավիթ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի, Գագիկ Խանդանյանի, Զարուհի Նախշքարյանի, Մուրադ Հովակիմյանի, ինչպես նաև ԲԴԽ անդամներ՝ Անի Մխիթարյանի, Վիգեն Քոչարյանի և Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ կարգապահական գործերը:

2021թ.-ին կարգապահական պատասխանատվության ենթարկված առաջին դատավորը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանն է: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը, իսկ նախարարությանը դիմել է Գլխավոր դատախազի պաշտոնակատար Հայկ Ասլանյանը: Դատավորին հայտարարվել է խիստ նկատողություն:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմումը կրկին ներկայացրել է Արդարադատության նախարարությունը, իսկ նախարարությանը դիմել է քաղաքացի Ալեն Սիմոնյանը։ ԲԴԽ-ն կրկին բավարարել է Արդարադատության նախարարության միջորդությունն ու այս անգամ դատավորին հայտարարել նախազգուշացում:

Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ է դիմել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: Կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի դիմումի հիման վրա: Վերջինս հայտնել է, որ դատավորը վարչական գործով վճիռը կողմերից մեկի բացակայությամբ հրապարակելով տևական ժամանակ վերջիններիս չի հանձնել, ինչի արդյունքում խախտվել է գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը: Դատավորը պատճառաբանել է, որ ծանրաբեռնվածության պայմաններում չի հասցրել ուղարկել վճիռները, ինչպես նաև վիրահատվել է, դիմել է ԲԴԽ՝ գործերի բաշխման ցանկից անունը հանելու հարցով, սակայն դիմումը մերժվել է: ԲԴԽ-ն նախազգուշացում  է հայտարարել դատավորին:

Արշակ Ալավերդյանի նկատմամբ երկրորդ կարգապահական վարույթը նույնպես հարուցել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: Վարույթի համար հիմք է հանդիսացել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը: ԲԴԽ-ն դատավորին խիստ նկատողություն է հայտարարել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել է Արդարադատության նախարարությունը՝  փաստաբան Գարիկ Գրիգորյանի դիմումի հիման վրա: ԲԴԽ-ն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժել է:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ դիմել է էթիկայի հանձնաժողովը՝ իսկ հանձնաժողովին դիմել էր փաստաբան Արսեն Հարությունյանը: ԲԴԽ-ն դատավորին հայտարարել է նախազգուշացում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը կրկին ներկայացրել է էթիկայի հանձնաժողովը: Հանձնաժողովին դիմել է փաստաբան Էլինա Գյուրջյանը: ԲԴԽ-ն միջնորդությունը  մերժել է:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Նախարարությունը կարգապահական վարույթը հարուցել է Գլխավոր դատախազի դիմումի հիման վրա: ԲԴԽ-ն միջնորդությունը մերժել է,  դատավորը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, սակայն հետագայում նրա վերաբերյալ քննվել են նաև այլ վարույթներ:

Ռաֆիկ Մելքոնյանի վերաբերյալ մյուս միջնորդությունը ևս Արդարադատության նախարարությունն է հարուցել: Նախարարություն կրկին դիմել էր Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա. Աֆանդյանը։ ԲԴԽ-ն դատավորին խիստ նկատողություն է հայտարարել: Այս գործում հատկանշական է այն հանգամանքը, որ թեև դատավորի վերաբերյալ նիստը դռնփակ է քննվել, սակայն ԲԴԽ-ն որոշումն ամբողջությամբ տեղադրել է  պաշտոնական կայքում:

Անցնող տարում Ռ. Մելքոնյանի վերաբերյալ ևս մեկ վարույթ է քննվել: Այս անգամ ևս միջնորդությունը հարուցել է Արդարադատության նախարարությունը, իսկ դիմումը ներկայացրել է Գլխավոր դատախազը: Այս անգամ ԲԴԽ-ն դադարեցրել է դատավորի լիազորությունները:

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի վերաբերյալ գործով ԲԴԽ-ին դիմել է Արդարադատության նախարարությունը։ Ըստ գործի նյութերի՝ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյան է իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել կարգապական ենթադրյալ խախտումը: Նախարարության միջնորդությունը, սակայն, մերժվել է, Փոլադյանը պատասխանատվության  չի ենթարկվել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը հարուցել է էթիկայի հանձնաժողովը՝ քաղաքացի Արթուր Նաջարյանի դիմումի հիման վրա: ԲԴԽ-ն միջնորդությունը մերժել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Վարույթը նախարարությունում հարուցվել է «Այդի բանկ»-ի փաստաբան Արամ Օրբելյանի  և ընկերության իրավաբանական վարչության պետ Արթուր Մելիքյանի դիմումի հիման վրա, սակայն ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում նախարարությունը միջնորդությունը չի պնդել, գործը կարճվել է:

Դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկրորդ միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Վարույթի հիմքը եղել է քաղաքացի Գայանե Դավթյանի դիմումը նախարարին: ԲԴԽ-ն այս միջնորդությունը նույնպես մերժել է:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Վարույթ հարուցելու համար նախարարություն է դիմել Գլխավոր դատախազը: ԲԴԽ-ն միջնորդությունը մերժել է:

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ Արդարադատության նախարարություն է դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն: Նախարարությունը վարույթը հարուցել է ու դիմել ԲԴԽ, որտեղ գործի քննության արդյունքում դատավորին հայտարարվել է նկատողություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ ուղարկել է Արդարադատության նախարարությունը, որին դիմել էր Գլխավոր դատախազը: ԲԴԽ-ում գործի քննության արդյունքում դատավորին հայտարարվել է նկատողություն:

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանին և Վիգեն Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԲԴԽ-ում երկու դատավորների վերաբերյալ գործերն էլ կարճվել են, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի պնդել միջնորդությունները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են)  վերաբերյալ միջնորդությունը նույնպես ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԲԴԽ-ն մերժել է այն, դատավորը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի (լիազորությունները կասեցվել են) գործով միջնորդություն ներկայացնողը Արդարադատության նախարարությունն է, ԲԴԽ-ն այս միջնորդությունը ևս մերժել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցած մարմինը Արդարադատության նախարարությունն է: Այս գործն առանձնանում է նրանով, որ նախարարի պաշտոնակատարը  դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել քաղաքացուն արտահանձնելու վերաբերյալ իր միջնորդությունը մերժելու համար: ԲԴԽ-ն որոշեց դատավորի միջնորդության հիման վրա վարույթը կարճել:

Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել էր փաստաբան Տիգրան Ղազարյանի դիմումի հիման վրա: Վարույթը հարուցել է էթիկայի հանձնաժողովը, ԲԴԽ-ն միջնորդությունը մերժել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ  Խանդանյանի վերաբերյալ վարույթը հարուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այն վերաբերել է անհամատեղելիության կանոնների ենթադրյալ խախտմանը, որի դեպքում միակ տույժը լիազորությունների դադարեցումն է: ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել դատավորի լիազորությունները:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի վերաբերյալ վարույթը հարուցել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Քրիստինե Գրիգորյանը: Նախարարություն դիմողը կրկին Գլխավոր դատախազն է: ԲԴԽ-ն  մերժել է դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանի վերաբերյալ կարգապահական վարույթը նույնպես ներկայացրել է Արդարադատության նախարարությունը, որին դիմել են փաստաբաններ Նարինե Բեգլարյանն ու Սոֆյա Խառատյանը: Դատավորի վերաբերյալ վարույթը ԲԴԽ-ն կարճել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով 2021-ին երեք միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ, երեքն էլ ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: ԲԴԽ-ն միջնորդություններից մեկը մերժել է 2021-ին, երկրորդով՝ խիստ նկատողություն հայտարարել, երրորդով՝ հեռացել խորհրդակցական սենյակ և միջնորդությունը մերժելու մասին որոշումը հրապարակել է  2022-ի հունվարին:

Այսպիսով՝ արդարադատության նախարարության  հարուցած և ԲԴԽ ուղարկված միջնորդություններից 7-ի հիմքում գլխավոր դատախազության դիմումներն են նախարարությանը: Իրավական հանրությունը մտահոգված է, հատկապես, դատախազի կողմից արդարադատության նախարարությանը դիմումներ ուղարկելու, ինչպես նաև նախարարի կողմից մեծ թվով կարգապահական վարույթներ հարուցելու հարցով: Օրեր առաջ դատավորներ Դավիթ Բալայանը, Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին, Մխիթար Պապոյանը, Ալեքսանդր Ազարյանը, Արշակ Վարդանյանը, Զարուհի Նախշքարյանը հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Արդարադատության նախարարի կողմից իրեն տրված լիազորությունը չարաշահելու կապակցությամբ: 

Նշենք, որ փետրվարի 14-ին էլ ԲԴԽ-ում քննվելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, նախկինում՝ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու վերաբերյալ կարգապահական գործը: Այս գործն առանձնանում է նրանով, որ Արդարադատության նախարարությունը ոչ թե ինչ-որ մեկի բողոքի հիման վրա է վարույթ հարուցել, այլ սեփական նախաձեռնությամբ է ուսումնասիրել դատավորի գործերը:

Փաստաբանների դպրոցի ուսումնական դեպարտամենտի ղեկավար, փաստաբան Արմինե Ֆանյանին հաճախակի կարելի է տեսնել ԲԴԽ-ում դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների քննության վերաբերյալ նիստերին:  Ա. Ֆանյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կարգապահական վարույթների հարուցման գործընթացում ամենավիճահարույց հանգամանքը Արդարադատության նախարարին դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն  վերապահելն է:

Ըստ փաստաբանի՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության  ներկայացուցիչների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը կարող է լրջորեն վտանգել դատարանի անկախությունը և դիտարկվել՝ իբրև միջամտություն  նրանց անկախությանը: 

«Իմ դիրքորոշումն այն է, որ Արդարադատության նախարարն ընդհանրապես նման լիազորություն չպետք է ունենա, դա գործադիրի կողմից ուղիղ միջամտություն է դատական իշխանությանը, որը պետք է բացառվի: Մենք իշխանությունների տարանջատման սկզբունք ունենք, և այս դեպքում, իմ կարծիքով, այդ հավասարակշռությունը խախտվում է»,- ասաց Ֆանյանը: Փաստաբանը նշեց, որ շատ ավելի անվտանգ կլինի, եթե վարույթները հարուցի Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Փաստաբանը նշում է, որ ԲԴԽ-ում քննվել են կարգապահական վարույթներ, որոնց համաձայն՝ դատավորներն անձի կալանավորման միջնորդության արդյունքում կայացրած որոշումներով դուրս են եկել իրենց լիազորություններից և այդ  փուլում  քննարկել են հարցեր, որոնք հատուկ չեն մինջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը:

«Հատկանշական է, որ բոլոր վարույթները, որոնք հարուցվել են և որոնց վերաբերյալ տեղի են ունեցել դատական նիստեր, վերաբերել են կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելը կա՛մ մերժելուն, կա՛մ կալանքի ժամկետը չերկարացնելուն: Որևէ կարգապահական վարույթ չի վերաբերել անձին ապօրինի կալանավորելուն»,- նշեց Ֆանյանը: Փաստաբանին մտահոգում է, որ դատավորի նկատմամբ նաև մարդու իրավունքներից բխող որոշում կայացնելու համար է կարգապահական վարույթ հարուցվում: Դատավորի նկատմամբ, ըստ Ա. Ֆանյանի, կարգապահական վարույթներ են հարուցվել գերպատճառաբանված որոշումներ կայացնելու համար:

Ա. Ֆանյանը պնդում է, որ դատավորը չպետք է հետապնդվի իր կայացրած որոշման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter