HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպացի գիտնականներն իրենց հայտնաբերած քարաքոսի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Բուսաբանության ինստիտուտի գիտնական Արսեն Գասպարյանի

Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումը հայտնաբերել են քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակ և այն անվանակոչել են ի պատիվ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավար Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն Եվրոպացի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակված են Քեմբրիջի համալսարանի կողմից տպագրվող «The Lichenologist» գիտական ամսագրում: Գիտական հոդվածում մասնավորապես նշված է. «Այս նոր տեսակն անվանվել է մեր ականավոր գործընկեր դոկտոր Արսեն Գասպարյանի պատվին, ով վերանայել է Ramalina pollinaria քարաքոսերի խմբի դասակարգումը (Gasparyan et al. 2017), նա նաև հրապարակել է Հայաստանի էպիֆիտային քարաքոսերի վերաբերյալ հետաքրքիր մենագրություն (Gasparyan & Sipman 2016) (This new species is named after our distinguished colleague Dr Arsen Gasparyan, who revised the taxonomy of the Ramalina pollinaria group (Gasparyan et al. 2017); he also published an interesting account of epiphytic lichens in Armenia (Gasparyan & Sipman 2016)»: 

Ramalina ցեղը շուրջ 200 տեսակի քարաքոսեր է պարունակում: Այս նոր տեսակը, որը հայտնաբերվել է ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի Ալպերում, միջին գոտիներում քարերի վրա աճող տեսակ է: «Ես՝ ինքս, Հայաստանում հայտնաբերել եմ Ramalina ցեղի քարաքոսի 2 նոր տեսակ: Իմ գործընկերները, հաշվի առնելով այս իմ ներդրումը, այդ նոր տեսակն անվանակոչվել են իմ անունով», - ասաց Արսեն Գասպարյանը:

Իր դոկտորական աշխատանքի ընթացքում Արսեն Գասպարյանը քարաքոսերի լայնածավալ հետազոտություններ է կատարել Հայաստանի տարածքում: «2011 թ-ին, երբ նոր էի սկսում իմ հետազոտությունները, ամբողջ Հայաստանից հայտնի էր քարաքոսի 422 տեսակ: Երբ եղավ իմ դոկտորական աշխատանքի ավարտական հրապարակումը, այդ թիվը հասել էր 617-ի: Ընդամենը մի քանի տարվա ինտենսիվ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց քարաքոսի 195 նոր տեսակ Հայաստանում և 5 նոր տեսակ աշխարհում: Սա ցույց է տալիս, որ եթե կենսաբազմազանության ոլորտի այս կամ այն ճյուղը մի քանի տարի շարունակ ինտենսիվ հետազոտվի, տեսակների այն թվերը, որոնք մենք ունենք, մի քանի անգամ կարող են աճել», - ասաց Արսեն Գասպարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter