HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մեր համայնքին չի սազում․ Արենիի համայնքապետը՝ տրանսպորտի բացակայության մասին

Վայոց ձորի Արենի խոշորացված համայնքի Ելփին, Չիվա, Խաչիկ և Ռինդ բնակավայրերը Եղեգնաձոր գնալու համար երթուղային միջոց չունեն։

Համայնքի բնակիչներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ, դիմել է «Հետք»-ի խմբագրություն։

Բնակչի խոսքով՝ 1 տարուց ավելի է՝ հանրային տրանսպորտ չկա։ Դեկտեմբերին երթուղին որոշ ժամանակով նորից գործել է, սակայն հետո բնակիչներին տեղեկացրել են, որ ուղևորները քչացել են, համայնքապետարանն էլ չի կարող վառելիքի գումարը ֆինանսավորել։

«Բոլորը Եղեգնաձորից են աշխատավարձ ստանում, գյուղում ոչ բանկոմատ կա, ոչ դեղատուն, ոչ մի բան չկա, ամեն ստից բանի համար մարդիկ պիտի գնան, հասնեն Եղեգնաձոր։ Ասում են՝ ֆինանսավորում չկա ու վերջ»,- նշում է բնակիչը։

Երևան-Եղեգնաձոր երթուղին, նրա խոսքով, գործում է, սակայն միևնույն է, եթե իրենք Եղեգնաձորից գալիս են գյուղ, ամբողջ ուղեվարձը պետք է վճարեն, դա էլ ծախսատար է, երբեմն էլ՝ մինչև տրանսպորտը հասնում է իրենց գյուղ, այլևս տեղ չի լինում։

Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ փոխադրողը հրաժարվել է սպասարկելուց։

«Ասում են՝ գազի գումարը չեն կարողանում հանել։ Համայնքապետարանը «Ֆորդ» մարդատար մեքենա ունի, ավագանու որոշմամբ որոշ ժամանակ անվճար սպասարկեցինք մարդկանց, մանկապարտեզ ունենք Ռինդում, 4 գյուղերից երեխեքին տեղափոխում էինք։ Այո՛, ցավոք սրտի, մեր մոտ էդ խնդիրը կա»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ երթուղին չի գործում դեկտեմբերի վերջից։

Դիտարկմանը, թե համայնքի բնակիչը նշում է՝ 1 տարի երթուղին չի գործել՝ Հուսիկ Սահակյանը նշեց․ «Չէ, դե ո՞նց 1 տարի, մենք անվճար տարել ենք ժողովրդին, ո՞նց չի գործել»։

Ճշտող հարցին, թե որ ժամանակահատվածի մասին է խոսքը՝ ղեկավարը նշեց, որ չի հիշում․

«Բայց հաստատ անվճար մի քանի ամիս տարել ենք բոլոր գյուղերից, ընդ որում, գյուղ կար մեքենան մի 2-3 անգամ էր մտնում, դուրս գալիս։ Հիմա այդ հնարավորությունը չունենք։ Երեկ խոսել եմ վարորդի հետ, իրեն էլ եմ հրավիրել, որ իր պատճառաբանությունը լսենք, ինչ-որ ելքեր գտնենք։ Ուղեվարձը չեմ ուզում թանկացնեն։ Մարդը գնում ա՝ իրա համար դեղ առնի, գա, թանկացնե՞նք, դա էլ էդտեղ ա խնդիր լինում։ Մեր համայնքին չսազող բան ա»,- նշեց համայնքապետը։

Սահակյանի խոսքով՝ պատրաստվում են տրանսպորտի բացակայության հարցը քննարկել նաև մարզպետի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter