HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պատմություն այն մասին, թե ինչպես մի ոզնին կարողացավ «չեղարկել» չրանոց հիմնելու գաղափարը

-Դու երբեւէ լսե՞լ ես լռությունը, Ոզնի,-հարցրեց Արջուկը:

-Լսել եմ,-պատասխանեց Ոզնին:

-Եվ ին՞չ...

-Դե, ինչպես ասեմ՝ խաղաղ է...

-Իսկ ես սիրում եմ, երբ լռության մեջ ինչ-որ բան շարժվում է,-նկատեց Արջուկը:

-Օրինակ ասա,-խնդրեց Ոզնին:

-Դե, ասենք, օրինակ՝ ամպրոպ,-իրենից գոհ պատասխանեց Արջուկը:

(Սերգեյ Կոզլով, «Ոզնին մառախուղի մեջ»)

Իսկ Ուջանում պայծառ, արեւոտ եղանակ է: Ձյան շերտն այստեղ ավելի քիչ է, սակայն ամեն դեպքում կա եւ այգում ոզնիների բները հայտնաբերելու հնարավորություն չի տալիս: Մոտ 40 անդամից բաղկացած ոզնիների համայնքի հետ ծանոթանալու համար հարկ կլինի սպասել գարնան գալուն, չէ՞ որ փշոտ այս էակներն էլ արջերի նման ձմռանը քուն են մտնում: Ոչ այնքան մարդամոտ, օրվա մեծ մասը սեփական բնում անցկացնող, առավելապես գիշերային կյանքին սովոր փոքրիկ գազանիկների համար Ուջանում մի ամբողջ այգի է հատկացված: 

«Ճիշտն ասած՝ ուզում էինք չրանոց հիմնել,-ասում է «Ոզնիների այգու» համահիմնադիր Արտակ Մարտիրոսյանը,-երբ մի քանի տարի առաջ եղբորս հետ քննարկում էինք համատեղ գործ սկսելու մասին, մտքերիս չրանոցն էր գալիս: Մտածում էինք՝ մեծ այգի ձեռք բերել, որտեղ համ հանգստանալու հնարավորություն կունենանք ընտանիքներով, համ էլ բիզնեսով կզբաղվենք: Ես 20 տարուց ավելի աշխատում եմ ապահովագրության ոլորտում, եղբայրս իրավաբան էր, գյուղատնտեսությունից բավական հեռու էինք, բայց կար ցանկություն, երազանք ու հենց այդ երազանքն էլ մեզ հասցրեց Ուջան»:

Եղբայրներն արմատաներով Գյումրիից են, սակայն ծնվել են Երեւանում: Որոշեցին, որ եթե նոր բիզնես, ապա դա պետք է լինի երկու սիրելի քաղաքները բաժանող ինչ որ հատվածում: Ուջանում գտան շատ հարմար տարածք, որի մի հատվածն արդեն իսկ պատրաստի այգի էր: Իրավաբան եղբայրը սկսեց գծագրել ապագա չրանոցի շենքը: «Շուկա մտնելու համար պիտի անպայման մտածես բրենդավորման մասին, որ ճանաչելի լինես, քո ապրանքը տարբերակեն ոչ միայն համային որակով, այլեւ՝ պիտակով: Եղբորս՝ Արմանի հետ որոշել էինք, որ փաթեթի վրա կլինի ոզնի՝ փշերին մրգեր: Գիտեք, մի հետաքրքիր բան եմ նկատել, մարդկանց մի մասը շուն է սիրում, մյուս մասը՝ կատու, կան սողունների սիրահարներ եւ այլն, բայց ոզնի սիրում են բոլորը,-Արտակը ծիծաղում է,-բայց որ չրարտադրության գաղափարը սահուն կվերափոխվի ոզնիների այգու, որ սկսենք պահել կենդանի ոզնիներ, շատացնել, ինչ որ ծրագրեր մշակել այս ուղղությամբ՝ սա մեր նախագծում չկար»:

Դիպվածը շատերի կյանքն է փոխել: Շատերն ունեն իրենց լավագույն պատմությունն այս առումով: Սա  էլ մի պատմություն է, որ հնարավոր է չծնվեր, եթե սովորական մի օր, դիպվածն այգում չհանդիպեցներ մարդուն ու օձին: «Մեր շինարարները այգում օձ էին տեսել: Դե Ուջանում շատ տաք է եւ նորմալ է, որ օձեր էլ պիտի լինեն: Չգիտեինք շատ են, քիչ են, բայց զգուշության ու ապահովության համար որոշեցինք 2-3 ոզնի գնել, բերել բաց թողնել: Իրենք նաեւ բնության սանիտար են համարվում: Կարծում եմ լրիվ փոխշահավետ գործարք էր մեր նոր բարեկամների հետ՝ մենք իրենց տրամադրում էինք տարածք ու ուտելիք, իրենք՝ ապահովություն ու սանիտարական մաքրություն»,-Աշոտը ծիծաղում է: 

Իսկ ե՞րբ ծնվեց «Ոզնիների այգու» գաղափարը: Զրուցակցիս փոխանցմամբ, այն պահից, երբ այգու փշոտ սանիտարների համար խոհանոց առանձնացրեցին՝ սնվելու համար: «Դե որ գալիս էինք տարածքում աշխատելու, հետո օրվա վերջ լինում էր, որ խորոված էինք անում: Իրենք սկսեցին մսի համար գալ՝ էդպես իմացանք, որ մեր բարեկամներն ավելի շատ մսակեր են, քան թե մրգակեր: Հետո իրենց համար խոհանոց առանձնացրեցինք, որտեղ ուտելիք էինք դնում, որ մեր չեղած ժամանակ իջնեն սնվեն,-պատմում է զրուցակիցս,-էդպես, ուտելիքի շնորհիվ, քիչ-քիչ մտերմացանք, անգամ ցերեկվա ժամերին էին հայտնվում, երբ զգում էին, որ տարածքում ենք: Հենց դա էլ միտք տվեց ստեղծելու «Ոզնիների այգի», որտեղ մարդիկ կարող են գալ, հանգստանալ, կերակրել կենդանիներին, վայելել բնությունը: Սա ինչու եմ շեշտում, որովհետեւ ոզնիներին չենք կտրելու բնական միջավայրից, իրենք վանդակներում չեն լինելու՝ ազատ շրջելու են տարածքում»:

Ոզնիների «սեփականություն» հանդիսացող ֆերմայի տարածքը 3500 մ է: Ոզնիները բավական արագաշարժ են, նրանք հրաշալի լողում են, համառ են, եթե որոշում են ճողոպրել իրենց պարտադրված տարածքից՝ անպայման իրականացնում են: Արտակը հիշում է, որ ոզնիներից մեկին որոշել են գիշերը պահել ստվարաթղթե տուփի մեջ, որտեղ տեղադրել են նաեւ կերակուրն ու ամանով ջուրը: Առավոտյան հայտնաբերել են տուփի մեկ անկյունը ջրից թրջված, պոկված, ոզնին էլ՝ ազատության մեջ: «Ուրեմն ինչքան խելացի է, որ հասկացել է, թե ինչ պիտի անի, ամանի ջուրը շուռ էր տվել, թրջել էր անկյունային հատվածը, հետո թաթիկներով փորել էր ու փախել: Եվ այսպես, մենք հրաժարվեցինք նրանց համար բներ սարքելու մտքից, սակայն կերակրելը մնաց ուժի մեջ: Դա նաեւ էն խայծն է, վստահությունը, որ իրենք չեն հեռանա այգուց»,-ասում է Արտակը:

Որքան շատանում էին ոզնիներն, այնքան չիր արտադրելու միտքը դառնում էր անիրական: Մյուս կողմից էլ ընկերներն էին պնդում, որ Երեւան-Գյումրի մայրուղու հարեւանությամբ հետաքրքիր, նմանը չունեցող որեւէ բան ստեղծելն ավելի շահավետ կլինի: 2019թ-ին ներգնա տուրիզմի աշխուժացումն ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների մեծ հոսքը սկսնակ չրագործներին ստիպեց մտքափոխվել: «Ուջանը սովորաբար ասոցացվում է ուտելու վայրի հետ: Այստեղ մեքենայատերերը կանգնում են, որ ասենք խորոված, քյաբաբ պատվիրեն: Ու սրանով Ուջանի այս հատվածի հմայքն ավարտվում է,-նկատում է զրուցակիցս,-հիմա մենք ուզում ենք զբոսաշրջային յուրահատուկ, չկրկնվող մի կղզյակ ստեղծել, որը եւ զբոսաշրջիկներ կբերի, եւ ճանապարհով անցնողների համար առավել հետաքրքիր կանգառի վայր կլինի: Քանի որ գտնվում ենք Երեւան-Գյումրի ճանապարհի մեջտեղում, ես մեկ-մեկ կատակով ասում եմ, թե՝ մշակութային անցակետ ենք, Գյումրի գնացողների վիզան մենք ենք տալու»:

Մարտիրոսյան եղբայրները աշխատանքը սկսել են սեփական միջոցներով, գործը դանդաղ էր առաջ գնում: Հետո, երբ որոշեցին ընդլայնել տարածքը, հարկ եղավ վարկ վերցնել: Պատերազմից առաջ դիմեցին կառավարության 19-րդ ծրագրին, որ սկսնակ բիզնեսներին է աջակցում՝ արձագանքը դրական էր: Սակայն ավագ եղբոր՝ Արմանի մահը (ծանր հիվանդությունից հետո) մի որոշ ժամանակով թեւաթափ արեց Արտակին, անգամ ցանկություն ուներ թողնել սկսածը: Ընտանեկան ողբերգությունը, համաճարակով պարտադրված սահմանափակումները, պատերազմն ու հետպատերազմյան տրամադրություններն իրենց ազդեցությունը թողեցին աշխատանքների ընթացքի վրա: «Միակ բանը, որ ուժ տվեց ինձ սկսած գործն ավարտին հասցնելու՝ եղբորս հիշատակն է,-ասում է Արտակը,-այգին նվիրվելու է նրան, սա մեր երկուսի երազանքն էր, որ հիմա միայնակ եմ իրականացնում»:

Այգու բացումն էլ Արտակը նախատեսել է մայիսին՝ եղբոր ծննդյան օրը: Գարնանը կարթանան նաեւ ոզնիները: Կարեւորը, որ օդի ջերմաստիճանը լինի +15: Ուջանում գարունը շուտ է գալիս, Արտակի հաշվարկով ոզնիների բներից դուրս գալուն կարող են սպասել արդեն ապրիլի սկզբներին: «Որպես սոցիալական ձեռնարկատիրություն, մտածում ենք նաեւ ոզնիաթերապիա կազմակերպել աուտիզմով հիվանդ երեխաների համար: Կարծում եմ կկարողանանք ճիշտ ձեւը գտնել, թե ինչպես երեխաները շփվեն: Կունենանք տուրիզմի հետ կապված անկյուն, որտեղ կներկայացվեն Գյումրու տեսարժան վայրերը: Կլինենք հայրաքաղաքի այցեքարտն էն իմաստով, որ կփորձեք նախնական տեղեկատվություն տրամադրել Գյումրի այցելողին: Հետո մտածում եմ ունենալ օրեր՝ նախաճաշ կամ ընթրիք ոզնիների հետ, մարդիկ գան լուսաբացն ու մայրամուտը վայելեն մեր փշոտ բարեկամների հետ: Գաղափարներ շատ կան, կարծում եմ կկարողանամ բոլորն իրականացնել, թեկուզ միայն նրա համար, որ ասեմ՝ Արման, եղբայրս, տե՛ս, մեր երազանքն իրականացավ»:

-Իսկ դու նման ես ոզնու, գիտե՞ս,-դիմում եմ Արտակին:

-Էլ ի են ասել,-Արտակը ծիծաղում է,- երբ առաջին անգամ հարցրեցին, թե արդյոք ինձ չեմ նմանացնում ոզնու, կատակով ասի՝ նայած ժամանակ, կախված է նրանից, թե որ վարսավիրի մոտ եմ մազերս կտրում:

Գլխավոր լուսանկարում Արտակ Մարտիրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter