HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում». քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

Էներգաարդյունավետ և էներգախնայող լուսավորություն. Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագիծը հենց այս նպատակին է ուղղված: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Ծրագրի արդյունքները տեսանելի են ոչ միայն երևանյան փողոցներում, այլև «Երքաղլույս» ընկերության պահեստային տարածքում, ուր և տեղափոխվել են արդեն փոխարինված ու, կարելի է ասել, իրենց «դարն ապրած» նատրիումային լուսատուները:

Աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է ընկերության պահեստային տարածքի պայմաններին ու ներկայացրել առաջիկա անելիքները:

«Այստեղի արդյունքն այդքան էլ գոհացուցիչ չէ: Մենք դեռ 2021թ. աշխատանքներ էինք տանում, որպեսզի վերազինենք այս միջավայրը, որտեղ «Երքաղլույս»-ը աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ կառավարում իրականացնել: Այս պահի դրությամբ արդեն նախագիծն ունենք, մոտակա օրերին մրցույթ կհայտարարենք, որպեսզի այս տարածքն ամբողջությամբ փոփոխության ենթարկենք»,- նշել է քաղաքապետը:

Երևանն արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում: Միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի:

«2017թ.-ից մինչև 2021թ. տարեկան վճարվող էլեկտրաէներգիայի գումարը նվազել է շուրջ 500 մլն դրամով: Այն մեզ հնարավորություն է տվել բարձրացնել ընկերության աշխատակիցների աշխատավարձը, նաև ՄԱԿ-ի հետ իրականացվող ծրագրով լուսատուներ ենք փոխարինում: Ընտրված փողոցները մոդելավորում ենք, ընտրվում են համապատասխան լուսատուներ: Բավականին լավ համագործակցություն ունենք: Նախորդ տարի մենք նախատեսել էինք, որ 2022թ. շուրջ 100 մլն դրամով պետք է ծրագիրն իրականացնենք, բայց մեր ֆինանսական մուտքերը բավարար են, և որոշում եմ կայացրել, որպեսզի 100 մլն-ը դառնա 250 մլն: Արդյունքում կունենանք էլ ավելի մեծ խնայողություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա օրվա յոթ ու կես ժամ նախատեսված լուսավորությունն ավելացնել, ինչպես նաև լուսավորություն չունեցող փողոցներում ծրագիր իրականացնել»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Գրանցած խնայողությունների հաշվին համայնքը հնարավորություն է ստացել նաև թարմացնել «Երքաղլույս» ընկերության տեխնիկական հնարավորությունները: Ձեռք է բերվել 9 միավոր բազմաֆունկցիոնալ հատուկ տեխնիկա:

Մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 70 հազար լապտեր, որից 17000-ն արդեն փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով: Ծրագրի շնորհիվ քաղաքը ոչ միայն էլեկտրաէներգիա է խնայում, այլև բարելավվում է լուսավորությունը: Նոր ու ժամանակակից լուսավորությամբ է ապահովվել նաև քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Թբիլիսյան խճուղին։

«Սա հաջողված ծրագրերից մեկն է Երևանի համար, այն շարունակական բնույթ է կրելու: Մենք լուսավորությունը փոփոխության ենք ենթարկելու բոլոր վարչական շրջաններում: Առաջին ծրագիրը, որ սկսեցինք, Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջաններից էր, դրանով նաև մատնանշեցինք, որ բացի Կենտրոնից մյուս վարչական շրջանները ևս մեզ համար կարևոր են, և պետք է համաչափ զարգացում ապահովենք»,- նշել է քաղաքապետը:

Երևանի գիշերային երթևեկությունն առավել լուսավոր ու անվտանգ դարձնելու համար վերջին տարիների ընթացքում ամբողջությամբ արդիականացվել է տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունը, բացի այդ, գիշերային լուսավորությամբ են ապահովվում նաև հետիոտնային անցումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter