HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գնել Սանոսյանը վերանայել է իր հրամանը․ Արմավիրի մարզի երթուղու նոր մրցույթը չեղարկվեց

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը վերանայել է իր նախորդ հրամաններից մեկը և չեղարկել է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղու համար հայտարարված նոր մրցույթը։

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին ՏԿԵ նախարարության հայտարարած մրցույթին դիմած երկու ընկերություններից «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ ակնհայտ խախտումներով չեղարկվել է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի նոր միասնական երթուղու մրցույթը։ Ըստ Խաչատրյանի՝ իր ընկերությունը միավորներով բացարձակ առաջատարն էր և պետք է հաղթող ճանաչվեր, սակայն նախարարության մրցութային հանձնաժողովը ապօրինի չեղարկել է այդ մրցույթը, որպեսզի մյուս ընկերությունը հնարավորություն ունենա հաջորդ անգամ ավելի շահեկան դիրքում հայտնվել և հաղթել նոր մրցույթը։ Մյուս ընկերությունը՝ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա մտերիմ, քրեական գործերով անցնող «Նորագյուղցի Բոգո» անունով հայտնի Ռուբեն Կոստանյանի հետ։

Նոյեմբեր ամսին հայտարարված մրցույթը չեղարկելու Գնել Սանոսյանի հրամանը վարչական դատարանում վիճարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենը։ Թեև դատարանը վարույթ էր ընդունել նրա հայցը և ըստ գործող օրենսդրության՝ պետք է կասեցվեր վիճարկվող վարչական ակտը, ՏԿԵ նախարարությունը նոր մրցույթ էր հայտարարել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան էլ՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտնել էր, որ նոր մրցույթը կասեցնելու հիմքեր չկան։

Ըստ Շուշանիկ Խաչատրյանի՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի իրավաբաններն ու փաստաբանները բազմաթիվ անգամ դիմել են ՏԿԵ նախարարություն, գրություններ ուղարկել, սակայն նախարարութունից նոր մրցույթը կասեցնելու որոշումը չեն կարողացել ստանալ։ Հարկադրված դատարանից գրություն են վերցրել այն մասին, որ պետք է կասեցվի վիճարկվող վարչական ակտը, անձամբ տարել նախարարություն, որից հետո միայն կասեցվել է նոր մրցույթի ընթացքը։

2022 թվականի հունվարի 17-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նոր հրաման է ստորագրել, որով կասեցվել է նոր մրցույթը։ Նախարարությունը նոր մրցույթ այլևս չի կարող անել և պետք է սպասեն վարչական դատարանում գործի քննությանը և վերջնական դատական ակտին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter