Արարատ Միրզոյան. «Մեզ հետ եղած արհավիրքը մեծ ինքնախաբեության հետևանք է»
«Պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի, ինչպես և մնացած բոլոր պետական ինստիտուտների առողջացմամբ, վերակենդանացմամբ»: Եռաբլուր զինվորական պանթեոնում այսպես արձագանքեց հարցին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, թե Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո արդյոք դասեր քաղվե՞լ են։
Դիտարկմանը, որ ընդդիմության գնահատմամբ` հայ-թուրքական երկխոսության փորձը անարգում է պատերազմում զոհվածների հիշատակը, Միրզոյանը հարցով արձագանքեց.
«Խնդրում եմ ընդդիմությունից հետաքրքրվեք` ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի: Էնպես որ խնդրում եմ՝ էդ հեքիաթները դրե՛ք մի կողմ, ո՛չ դուք արեք, ո՛չ էլ թույլ տվեք իրենց ընդդիմադիր հռչակած մարդիկ մանիպուլացնեն հասարակությանը: Բավական է ապրել խաբկանքի մեջ, էն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության հետևանք է»:
Արտգործնախարարը կոչ է անում առերեսվել իրականությանը և ոչինչ չթաքցնել, ըստ նրա` պետք չէ վարվել այնպես, ինչպես տարիներ շարունակ է եղել, երբ բանակցություններին ասվել է մի բան, սակայն տարբեր ամբիոններից մեկ այլ բան է հայտարարվել:
«Ինչ բանակցում եմ ԱԺ հարցուպատասխանին, շատ ուղիղ ասում եմ, որևէ գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է»,- ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել