HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մեկուկես տարի անորոշության մեջ. մայոր Հայկյանին փնտրում են և՛ զոհվածների, և՛ ողջերի մեջ

Պատերազմի երկրորդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին, Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է զոհվածների անունները, որտեղ եղել է նաև մայոր Նիկոլայ Հայկյանի անունը: Այդ օրից անցել է 1,5 տարի, և մինչ օրս 48-ամյա մայորի ո'չ աճյունն է հայտնաբերվել, ո'չ էլ «Կարմիր խաչի» փնտրտուքն է արդյունք տվել:

Կինը՝ Կատյա Բուդաղյանը, պատմում է, որ ամուսինը Ջրականի զորամասում էր ծառայում, սեպտեմբերի 25-ին դիրքեր պետք է բարձրանար: Այդ օրն իրեն հիվանդանոցից տուն է տարել դեռևս լրիվ չապաքինված:

«Ամուսինս 24-ին էր տուն եկել, շատ անտրամադիր էր, հաց չկերավ, ոչինչ չխոսեց: Նեղվել էր, որ բուժումներն ինձ չէին օգնել, քայլել չէի կարողանում: Ինքն էլ առողջական խնդիրներ ուներ, ասացի` գնա հոսպիտալ, ասաց` դիրքերից գամ՝ հետո ու շտապ գնաց»,- ամուսնու հետ վերջին զրույցն է վերհիշում Կատյան:

Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի հայոց լեզվի ուսուցչուհի Կատյա Բուդաղյանը պատմում է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան գյուղն արդեն թիրախավորված էր: Իրենք արթնացել են առաջին զարկից, պատուհանի ապակիները փշրվել են, փոշին՝ պատել տունը: Այդպես են իմացել, որ պատերազմը սկսվել է: Երեխաների օգնությամբ իջել են առաջին հարկ, որ բեկորներից պաշտպանվեն:

Որդիներից ավագը ժամկետային զինծառայող էր այդ ժամանակ, նա նույնպես սեպտեմբերի 25-ին էր դիրքեր բարձրացել: «Զանգեցինք տղայիս, ամուսնուս, եղբորս, բայց ոչ մեկի հետ չհաջողվեց կապվել: Ամենից շատ որդուս համար էի անհանգիստ: Ամուսինս մեկ րոպեով զանգեց, փոքր տղաս հարցրեց՝ պա'պ, ի՞նչ է կատարվում, ասաց՝ լավ-լավ, հետո, վիճակը շատ վատ է, ու անջատեց: Դա նրա վերջին զանգն էր»,- պատմում է Կատյան:

Կատյայի ընտանիքը վերջինն է դուրս եկել Թաղասեռից, սեպտեմբերի 27-ի գիշերը քույրը զանգել և ասել է, որ պետք է դուրս գան: Ասում է՝ այդ ժամանակ նկատեցին, որ գյուղում մարդ չկա, բոլորը հեռացել են: Համայնքապետն ասել է՝ մենակ դուք եք մնացել, պետք է դուրս գաք:

«Քույրս իր երեխաների հետ եկավ մեզ մոտ, գիշերը մի մեքենա եկավ և մեզ տարավ անտառ: Այնտեղ հին շենատեղի ունենք և մի եկեղեցի, որտեղ էլ պատսպարվեցինք: Երեկոյան մեր թաքստոց եկավ հորեղբորս տղան և ասաց, որ Կոլյան վիրավորվել է: Նա լաց էր լինում, հասկացա, որ չցանկացավ վատ լուրը միանգամից հայտնել երեխաներիս: Նա նույնպես հեռուստացույցի հաղորդագրությունից էր տեղեկացել ամուսնուս զոհվելու մասին:

Մենք նորից հետ գնացինք տուն, տալերս արդեն մեր տանն էին, գյուղում ուրիշ ոչ ոք չկար: Սպասում էինք, որ հորեղբորս տղան մի լուր կբերի, բայց նա երկար փնտրել էր՝ զորամասում, հիվանդանոցներում և ոչինչ չէր կարողացել պարզել: Հաջորդ առավոտյան ասաց՝ գնամ, տեսնեմ դիակը որտեղից ենք գտնում: Հաջորդ օրն էլ ձեռնունայն վերադարձավ և ասաց՝ ձեզ պետք է տանեմ Գորիս, պետք է դուրս գաք, վիճակը շատ վատ է, դուք չեք պատկերացում, թե ինչքան վատ է, եթե մի լուր լինի, կգամ ձեր ետևից։ Այդպես հարկադրված հեռացանք գյուղից, ամուսնուս մահն էլ չկարողացանք սգալ»,- ասում է Կատյան:

Անտառով, Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերով հասել են Գորիս: Այնտեղից էլ տաքսիով ճանապարհվել են Աբովյան, որտեղ արդեն ապաստանել էր նրա ընտանիքը: «Սեպտեմբերի 29-ի գիշերը հասել ենք Աբովյան քաղաք և այդ օրից մինչև հիմա ոչ մի հստակ բան չգիտենք ամուսնուս մասին»,- պատմում է Կատյան:

Երևանի հանրակացարանի նրանց փոքրիկ սենյակում, որտեղ ժամանակավոր բնակվում է ընտանիքը, փոքրիկ սառնարանի վրա Նիկոլայ Հայկյանի լուսանկարն է դրված: Կատյան ասում է, որ այն մեծացրել են հեռախոսի մեջ պահպանված միակ լուսանկարից: Տնից միայն փաստաթղթերն են վերցրել՝ մտածելով, որ կվերադառնան: Ասում է՝ այդ պահին չէինք էլ կողմնորոշվի, թե ինչ պետք է վերցնենք հետներս:

Մեր զրույցին լուռ հետևող գործընկերս՝ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը, խախտում է լռությունը և ասում, որ հաճախ երազները հուշում են եղելությունը:  «Երբևէ երազում չե՞ք տեսել ձեր ամուսնուն»,- հարցնում է նա:

«Ես չեմ քնում, որ երազ տեսնեմ»,- պատասխանում է Կատյան: 

Նրա պատասխանից հետո փոքրիկ սենյակում շնչելն ավելի է դժվարանում: 

Կատյան ասում է, որ պատրանքներով չի ապրում, ամուսինը միշտ դիրքերում է եղել, և իրենք միշտ պատրաստ են եղել ամենավատ լուրին: Հիմա իրենց սպասածից էլ վատ վիճակ է:

«Գերեզման չունենք, որ մի ծաղիկ խոնարհենք՝ հանգստանանք»,- ասում է Կատյան:

Պատերազմի ավարտից հետո, երբ Թաղասեռ գյուղն անցավ թշնամու վերահսկողության տակ, նրանք, հույսներն ամեն ինչից կտրած, դիմել են արցախցիների նախնական կայանման կենտրոն՝ իրենց կացարանով ապահովելու համար: Կատյայի ասելով՝ սարսափելի պայմաններ էին Աբովյանի այն կացարանում, որտեղ տեղավորել էին տեղահանվածներին, շատերը նույն գիշերը դուրս են եկել կացարանից:

«Մենք նույնպես դուրս եկանք, Ջերմուկում տուն վարձեցինք և երկու ամիս մնացինք այնտեղ: Հետո մեզ օգնեցին տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել Երևանի հանրակացարաններից մեկում»,- հայտնեց Կատյան:

Պատերազմից հետո որդին ավարտել է զինվորական ծառայությունը ու միացել նրանց, կրտսեր որդին զորակոչվել է ծառայության: Կատյան հիմա բնակվում է դստեր և որդու հետ: Ամուսնու ճակատագրի անորոշությունը դժվարություններ է ստեղծում ընտանիքի սոցիալական կարգավիճակը ճշտելու հարցում և զրկում տեղահանվածների ու զոհվածների ընտանիքների համար նախատեսված սոցիալական օգնություններից:

«Պատկերացրեք, որ բաճկոն էին տալիս օգնություն։ Մեզնից մահվան վկայական են ուզել, իսկ մենք չունենք,- օրինակ է բերում նա և ավելացնում,- մենք մինչև հիմա ոչ մի կարգավիճակ չունենք՝ ո՛չ զոհվածի ընտանիք ենք համարվում, ո՛չ անհետ կորածի»:

Կատյան դիմել է դատարան՝ ամուսնուն զոհված ճանաչելու համար, իսկ դատարանը Նիկոլայ Հայկյանին անհետ բացակայող է ճանաչել:

«Անհետ կորած չճանաչեց՝ ասելով, որ անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց զոհվածի կարգավիճակ էլ չեն տալիս՝ պատճառաբանելով, որ դրա համար դիահերձարանի բժշկի տեղեկանքն է անհրաժեշտ»,- հայտնեց Կատյան:

Զորամասի հրամանատարությունը, որտեղ ծառայել է ամուսինը, ընտանիքին տեղեկանք է տվել, թե որտեղ, որ օրը և ինչ վիրավորումից է զոհվել մայոր Նիկոլայ Հայկյանը: 2021թ. փետրվարին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Ն. Հայկյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Դատարանի վճռից հետո զորամասի հրամանատարությունը փոխել է Նիկոլայ Հայկյանի վերաբերյալ նախկինում, իբրև զոհվածի, կայացրած հրամանները, նոր հրամանագրով նրան ազատել է աշխատանքից ու թողել կադրերի տրամադության տակ: Կատյայի պատմելով՝ հետո զորամասից առաջարկել են վերադարձնել մեդալը, երբ Նիկոլայը գտնվի՝ ավելի բարձր պարգև կտան: Պատասխանել է՝ թող նախագահի հրամանով պահանջեն, վերադարձնեմ:

Այնուհետև Կարմիր խաչից զանգել են ընտանիքին, Ն. Հայկյանի անձնական տվյալներն են ուզել՝ Ադրբեջանի Հանրապետություն հարցում կատարելու համար: Կասկածներ կան, որ կարող է գերեվարված լինել, բայց մինչ օրս ոչինչ չեն պարզել: Ընտանիքի անդամները երկու անգամ ԴՆԹ են հանձնել, սակայն համընկնում չի եղել:

Կատյան ասում է, որ այդ զորամասից երեք սպա է ողջ մնացել, երեքն էլ վիրավոր են եղել: Պատերազմից ամիսներ անց նրանք այցելել են իրենց, և սպաներից մեկը հայտնել է, որ Նիկոլայը սկզբում գլխից էր վիրավորվել, այնտեղ մեքենա է եղել, և ուզեցել են դուրս բերել մարտադաշտից, բայց հրաժարվել է: Նրա հետ 20 հոգի ժամկետային զինծառայող է եղել, որոնց չի ցանկացել մենակ թողնել, շարունակել է կռվել, հետո ոտքերից է վիրավորվել, վիճակը ծանր է եղել: Զինվորներից երկուսն ասել են, որ Ն. Հայկյանին մահացած են տեսել:

«Սակայն, բոլորի վերջնական խոսքն այն է, որ Կոլյային վիրավոր թողել են դաշտում»,- պատմում է կինը:

Որոնողական աշխատանքների մեկ տարին վաղուց լրացել է, Նիկոլայ Հայկյանը ո՛չ զոհվածների մեջ է հայտնաբերվել, ո՛չ ողջերի: Ուստի, մեկ ամիս առաջ Կատյա Բուդաղյանը կրկին դիմել է դատարան՝ ամուսնուն մահացած ճանաչելու համար:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter