HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է SOCAR-ից կաշառք ստանալու եւ Ադրբեջանի ազգային օրակարգն առաջ մղելու մեջ

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն նախորդ շաբաթ խուզարկություն է իրականացրել Տեխասի օրենսդիր մարմնում՝ ադրբեջանական գործարար շահերին առնչվող հետաքննության շրջանակում: Ավելի վաղ ՀԴԲ-ն խուզարկություն էր իրականացրել ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ Հենրի Քուեարի՝ Տեխաս նահանգի Լարեդո քաղաքում  գտնվող տանը:

«Էյ Բի Սի Նյուզ»-ի տվյալներով՝ հետախուզությունն իրականացվել է Ադրբեջանի հետ կապված շարունակվող հետաքննության կապակցությամբ։ Թեև ՀԴԲ-ի այս հետաքննության մասին քիչ բան է հայտնի, «Սի-Էն-Էն»-ի հաղորդմամբ, Քուեարի հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնավորված են փաստերով: Հետաքննությանը մասնակցում է արդարադատության նախարարության կոռուպցիայի կանխարգելման բաժինը։

Ադրբեջանական կազմակերպությունը, որի հետ Քուեարը երկար տարիներ սերտ կապեր էր պահպանում, երկար ժամանակ ՀԴԲ-ի հետաքննության օբյեկտ էր հանդիսանում, իսկ տվյալ կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կոնգրեսի անդամներին կաշառք առաջարկելու միջոցով փորձել է քողարկել ազգային նավթային ընկերությունը, որն ամբողջությամբ պատկանում է պետությանը:

2013 թվականի հունվարին Քուեարը և նրա կինը մեկնել են Թուրքիա և Ադրբեջան՝ «Ամերիկացիների և եվրասիացիների փիրուզագույն խորհուրդ» կոչվող հովանավոր կազմակերպության հրավերով՝ համաձայն Կոնգրեսի զեկույցների: Քուեարների ուղևորությունն արժեցել է մոտ 20,000 դոլար և հաստատվել է ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի կողմից:

Քեմալ Օքսուզը, որը համարվում է տվյալ խորհրդի նախագահ, էթիկայի կոմիտեին հայտնել է, որ տեղեկատվության բացահայտման համաձայն, ուղեւորության համար օտարերկրյա պետությանը պատկանող գումար չի վճարվել, սակայն այդ պնդումը կասկածելի է՝ հաշվի առնելով այն իրադարձությունները, որոնք ծավալվել են դրանից անմիջապես հետո:

2018 թվականին Օքսուզը մեղավոր է ճանաչվել 2013թ.-ի մայիսին Կոնգրեսի անդամի ուղևորության՝ օտարերկրյա կառավարության կողմից ֆինանսավորվելու փաստը թաքցնելու համար, և 2019 թվականին դատապարտվել է: Օքսուզը պնդել էր, որ խնդրո առարկա ուղևորությունը վճարվել է «Ամերիկացիների և եվրասիացիների փիրուզագույն խորհրդի» և Ադրբեջանի Ասամբլեայի կողմից, որոնք երկուսն էլ նպատակ ունեն խթանել տարածաշրջանային և անդրազգային համագործակցությունը:

Իրականում, ճանապարհորդությունը վճարվել է SOCAR-ի ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության կողմից, որն ամբողջությամբ պատկանում է ազգային նավթագազային ընկերությանը: Դատական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Օքսուզը 750,000 դոլար է ստացել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունից, որպեսզի կազմակերպի Ներկայացուցիչների պալատի 10 անդամների և նրանց անձնակազմի այցը Ադրբեջան (Քուեարը չի մեկնել այս երկրորդ ուղևորությանը): Մինչ այդ Ադրբեջանի Ասամբլեայի ընթացիկ հաշվում գրանցված ավանդն ընդամենը 283,15 ԱՄՆ դոլար էր: Ադրբեջանի բարեկամական ասամբլեան հիմնադրվել է Քուեարի հունվարյան այցից անմիջապես հետո, սակայն Օքսուզը երկուսի ղեկավարն է եղել, ինչպես ավելի ուշ հայտնել է Կոնգրեսի էթիկայի գրասենյակը:

Հարաբերությունները տվեցին իրենց պտուղները: 2013 թվականի հուլիսին Քուեարը ելույթ ունեցավ Վաշինգտոնում՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ, կազմակերպության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ միասին: Ելույթի ընթացքում խոսվեց գազամուղի միջոցով բնական գազը Եվրոպա հասցնելու կարևորության մասին:

Այդ գազատարը և հարակից նախագծերը առանցքային են Ադրբեջանի ազգային շահերի համար։ SOCAR-ը Ադրբեջանի խոշորագույն նավթային ընկերությունն է և հարկային եկամուտների աղբյուրը։ Ընկերությունը ձեռնամուխ է եղել իր միջազգային ներկայությունն ընդլայնելու հավակնոտ ծրագրերի իրականացմանը, ներառյալ խողովակաշարերի ցանցը, որոնք անցնում են մի քանի երկրներով Եվրոպա գազ մատակարարելու համար: Այսպես կոչված Հարավային գազային միջանցքը, որը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը կառուցել Է Բրիտանական նաֆթագազային ընկերության և արեւմտյան այլ էներգետիկ հսկաների հետ համագործակցությամբ, ավելի քան 45 մլրդ դոլարի ներդրում է պահանջել:

Ավելի ուշ՝ 2013 թվականի սեպտեմբերին, Քուեարը եւ մյուս օրենսդիրները Կոնգրեսում հավանություն տվեցին Ադրբեջանի Հարավային գազային միջանցքի նախագծին՝ հայտարարելով, որ  ԱՄՆ-ի «ազգային շահերից է բխում» աջակցել շինարարությանը եւ սերտորեն համագործակցել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների կառավարությունների հետ՝ խողովակաշարի շինարարությունն ավարտելու համար: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձևն ընդունել է միաձայն։ 2020 թվականին Ադրիատիկ ծովով անցնող խողովակաշարի մի մասը սկսեց առևտրային շահագործումը՝ Ադրբեջանից Իտալիա գազ հասցնելու համար։

2015 թվականի ապրիլին Քուեարը հայտարարել էր Տեխասի «Էյ ընդ Էմ» միջազգային համալսարանի եւ Ադրբեջանի բարեկամական ասամբլեայի միջև համաձայնագրի մասին: Վերջինս Քուեարի մամուլի հաղորդագրության մեջ նկարագրված էր որպես «կրթական և մշակութային կազմակերպություն», սակայն Օքսուզի խոստովանությամբ պարզ է դառնում, որ վերոնշյալ կազմակերպությունը զուտ շղարշ ադրբեջանական նավթային ընկերության համար:

«Իմ շնորհակալությունն եմ հայտնում կոնգրեսական Քուեարին՝ կազմակերպության համար շատ կարևոր դեր խաղալու համար»,- մեջբերում է Օքսուզը Քուեարի մամուլի հաղորդագրությունում: Այնուհետև ավելացրել է. «Նա Տեխասի «Էյ ընդ Էմ» միջազգային համալսարանի եւ Ադրբեջանի բարեկամական ասամբլեայի միջև կնքվող համաձայնագրի գլխավոր շարժիչ ուժն է։ Այս համաձայնագիրը հնարավորություն կտա Տեխասի «Էյ ընդ Էմ» միջազգային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին ոչ միայն ուսումնասիրել միջազգային էներգետիկ իրավունքը, էներգետիկայի քաղաքականությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը եւ ռազմավարական կառավարումը, այլեւ նրանք կհանդիպեն եւ շփվեն պետական եւ մասնավոր հատվածների մարդկանց հետ»:

2015 թվականի մայիսին Կոնգրեսի էթիկայի գրասենյակը հրապարակեց զեկույց, որտեղ մանրամասն ներկայացվում էր Օքսուզի կողմից կազմակերպված ֆինանսավորման խախտումը: Հետաքննությունների դաշնային բյուրոն նույնպես սկսեց հետաքննություն: Հայտարարելով նրան վերջնականապես մեղավոր ճանաչելու մասին՝ Արդարադատության դեպարտամենտն ասաց, որ Օքսուզը բացահայտել է սխեման:

Էթիկայի հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Օքսուզը կեղծել է Ադրբեջան կատարված այցի դրամական հովանավորության ձևաթղթերը: Օքսուզը կեղծ կերպով ներկայացրել եւ տեղեկատվության բացահայտման պահանջվող ձեւերում հաստատել է, որ Ամերիկացիների եւ եվրասիացիների փիրուզագույն խորհուրդը (TCAE)՝ Հյուսթոնի շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որի նախագահն էր ինքը, Կոնգրեսի անդամների ուղևորության ֆինանսավորումը որևէ արտաքին աղբյուրներից չի ընդունել, այլ ամբողջ ծախսը հոգացել է ի հաշիվ իրենց խորհրդի: Սակայն, ավելի ուշ, իր մեղավորության ճանաչման կապակցությամբ արված խոստովանությունում Օքսուզն ասել է, որ իրականում ուղեւորության ֆինանսավորումը կազմակերպվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության հաշվին (SOCAR), իսկ հետո թաքցրել է ֆինանսավորման իրական աղբյուրը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ներքին կանոնների խախտման:

Գրառումներն ապացուցում են այն փաստը, որ Օքսուզը նաեւ Քուեարի քարոզարշավի հովանավորն էր: Քուեարի քարոզարշավը 2012 թվականի հունիսին Օքսուզի հովանավորությամբ  արժեցել է 1000 դոլար, իսկ 2015 թվականի փետրվարին՝ 2500 դոլար:

Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախմբի համանախագահ Քուեարը շարունակում էր առաջ մղել Ադրբեջանի շահը: 2020թ.-ի հայ-ադրբեջանական կործանարար պատերազմից հետո Քուեարը դիմել է Կոնգրեսի իր գործընկերներին՝ խնդրելով ապահովել, որ հակամարտության համար ցանկացած մարդասիրական օգնություն «տրամադրվի Ադրբեջանի կառավարության կամ ՄԱԿ-ի միջոցով», ոչ թե ուղղակիորեն Հայաստանին:

Ֆինանսավորման խնդրանքով Քուեարի ստորագրած նամակը շրջանառվել է Ադրբեջանի դեսպանատունը ներկայացնող «Բի Ջի Ար» լոբբիստական ընկերության կողմից ՝ համաձայն արդարադատության նախարարության արխիվում պահվող փաստաթղթերի:

Ադրբեջանը բազմիցս ներքաշվել է սկանդալների մեջ ամբողջ աշխարհում, որոնց ընթացքում նրան մեղադրել են օրենսդիրներին կաշառելու փորձի մեջ։ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2018 թվականի հաշվետվության մեջ ասվում է, որ նրա նախկին անդամները Ադրբեջանի կառավարության հետ «կոռուպցիոն գործունեությամբ» են զբաղվել:

Անցյալ տարի Գերմանիայի Բունդեսթագը նույնպես աջակցել է կոռուպցիայի հետաքննությանը: Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող փողերի լվացման գաղտնի օպերացիայի հետաքննությունը պարզել է, թե ինչպես է կեղծ հիմնադրամների ցանցը ֆինանսավորել նման «խավիարային դիվանագիտությունը»: Ադրբեջանի լոբբիստական ռազմավարության էությունը օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին պետության հաշվին իրենց երկիր հրավիրելն է։

Նվերներն ու վճարումները եվրոպական քաղաքականություն մշակողներին մասամբ արվել են նույն ադրբեջանական նավթի և գազի շահերին աջակցելու համար, իսկ դրանք ֆինանսավորվել են 2013թ.-ին:

«Ադրբեջանը հատկապես ցանկանում է դրական անդրադարձ գտնել Եվրոպայում, քանի որ նրան անհրաժեշտ է Եվրոպայի զգալի աջակցությունը իր առաջատար նախագծի՝ «Հարավային գազային միջանցք»-ի համար, չնայած վարչակարգի կողմից մարդու իրավունքների հերթական խախտումներին, համակարգային կոռուպցիային և ընտրությունների կեղծմանը», - մեկնաբանելով սկանդալը՝ նշել է մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող «Փլեթֆորմ» և «Բենք Վոթչ» հասարակական կազմակերպությունների իրավապաշտպանների խումբը։

Պատրաստեց Վանուհի Խաչատրյանը

Աղբյուրը՝ theintercept.com, occrp.org, cnn.com, abcnews

 Լուսանկարում՝ Հենրի Քուեարը/Kevin Dietsch/Getty Images, FILE  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter