HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԲՏԱ նախարար. «Արհեստական բանականության օգտագործումը շատ դեպքերում դառնում է վտանգավոր»

Արհեստական բանականության օգտագործումը շատ դեպքերում դառնում է վտանգավոր։ Այդ մասին «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում․ կրթությունն առանցքում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ 

«Ես փորձում էի նաև ինքս իմ խոսքի մեջ գտնել այն կարևոր ասելիքը, որ պիտի փոխանցեմ ձեզ և այդ առումով տարբեր նյութեր էի կարդում կամ հաղորդումներ նայում, և երեկ մի հետաքրքիր հրապարակում կար, եթե չեմ սխալվում BBC-ում, որը նաև խոսում էր արհեստական բանականության վտանգների մասին։ Եվ միշտ այդպես է եղել։ Ցանկացած առաջընթաց իր հետ նաև խնդիրներ է առաջացրել։ Կլինի առաջին արդյունաբերական հեղաշրջումը, երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, որի մեջ ենք հիմա, ինքն իր խնդիրներն է առաջացնում»,- նշեց նախարարը։ 

Ըստ նրա՝ մշտապես եղել են մարդիկ կամ հասարակության խմբեր, որոնք դիմադրել են այդ առաջընթացին։ Ինչքանով է հաջողվել, ինչքանով չի հաջողվել, դրանով է պայմանավորված եղել նաև տվյալ երկրի առաջընթացը։ 

«Եվ այսօր փորձել արհեստական բանականության մեջ գտնել պրոբլեմներ և այդ պրոբլեմների շարքում դնել և չմասնակցել այդ գործընթացներին, որոնք ապահովում են նաև զարգացում՝ ի շնորհիվ արհեստական բանականության, նշանակում է պարզապես ընդհանուր մարդկության զարգացման այս ճանապարհից հետ մնալ»,- նշում է Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է ընդգծել արհեստական բանականության դերը, որովհետև ժամանակակից աշխարհում առկա մի շարք խնդիրների լուծումն անհնար է առանց արհեստական բանականության։ 

Այդուհանդերձ, նախարարի պնդմամբ, արհեստական բանականության կողմից առաջ քաշվող լուծումները պետք է հնարավորինս կառավարելի լինեն և անվտանգության առումով ոչ խոցելի։

«Այն, ինչ որ օգտագործվում է լավագույն նպատակներով, մարդկանց բարեկեցիկ կյանքի բարձրացմանն ուղղված, հակառակն էլ է արվում։ Եվ նորից եմ կրկնում տեխնիկական ցանկացած առաջընթաց այս դիլեմայի առջև կանգնած է։ Եվ մասնագիտական շրջանակները փորձում են այդ խնդիրները լուծել»,- նշում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Ըստ նրա՝ թվայնացման ուղին զարգացնելով պետությունը կարող է բախվել նաև կիբեռանվտանգության խնդրին։ «Երբ մենք չենք կարողանում կիբեռանվտանգության մարտահրավերների դեմը առնել, այն աշխատանքները, որ մենք կատարում ենք և որի նպատակն է իրականում շատ հեշտացնել հանրային կառավարումն ընդհանրապես, մենք պարզապես լրացուցիչ պրոբլեմներ ենք ստեղծում լրացուցիչ մեզ համար և խոցելի ենք դառնում։ Դրա ականատեսը ոչ վաղ անցյալում մենք եղել ենք և տեսել ենք»,- նշում է նախարարը՝ ի նկատի ունենալով 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական հաքերների կողմից Mulberry համակարգի կոտրումը։ 

Վահագն Խաչատուրյանն ընդգծում է, որ արհեստական բանականությունը, ամեն դեպքում, լավագույն գործիքն է, որը հնարավորություն կտա մեր երկրին չդառնալ կիբեռանվտանգության կամ կիբերհարձակումների զոհ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter