HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արհեստական բանականության միջոցով Հայաստանում ստեղծվող արտադրանքի մեծ մասը Հայաստանին չի ծառայում. Հրանտ Խաչատրյան

Արհեստական բանականությամբ ստեղծված արտադրանքի 95%-ը թիրախավորում է գլոբալ շուկան և որևէ առանձնահատուկ թիրախավորում չունի Հայաստանի համար։ Այդ մասին «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում․ կրթությունն առանցքում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «ԵրեվանԷն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այդ արտադրանքը Հայաստանի համար բնորոշ չէ, իսկ շատ դեպքերում նույնիսկ հայերեն չէ։ 

Խոսելով Հայաստանում իրենց աշխատանքում արհեստական բանականությունը կիրառող ընկերությունների մասին՝ Հրանտ Խաչատրյանը նշեց. «Այսօր Հայաստանում գործում են ավելի քան 30 ընկերություններ, որոնք ստեղծում են պրոդուկտներ՝ տարբեր խորությամբ և ձևաչափով կիրառելով արհեստական բանականության մեթոդները։ Այս ընկերություններն աշխատում են ամենատարբեր ոլորտներում՝ ֆինանսական, առողջապահական և այլն։ Կան առնվազն ևս 10 ընկերություններ, որոնք ունեն գիտելիքներ արհեստական բանականության ոլորտում և այս ուղղությամբ մատուցում են ծառայություններ»: 

Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ արհեստական բանականության միջոցով Հայաստանում ստեղծվող արտադրանքի ճնշող մեծամասնությունը Հայաստանին չի ծառայում։ «Այստեղ հարց է առաջանում, թե այս բոլոր ընկերությունների ստեղծած արտադրանքը արդյոք հասնում է Հայաստանի բնակչությանը։ Պատասխանն է՝ հիմնականում ոչ»,- նշեց նա։

Հայաստանի բնակչությանը սպասարկելու համար հայերենի տվյալների շտեմարաններն են պակասում։ Ըստ Հրանտ Խաչատրյանի՝ այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարվել են և շարունակվում են։ Նա նշեց, որ վերջին տարիներին շատ կրթական կենտրոններ հասկացել են այս ոլորտի պահանջարկի աճն ու սկսել մասնագիտական դասընթացներ իրականացնել։ Մասնավորապես՝ ԵՊՀ-ում, Սլավոնական և Ֆրանսիական համալսարաններում կան մագիստրոսական ծրագրեր։ Բացի այդ, ԵՊՀ-ն ունի նաև բակալավրիատի մի քանի ծրագիր։ Ամերիկյան համալսարանում էլ վաղուց կա մեքենայական ուսուցման վերաբերյալ առանձին դասընթաց։ 

Ամենամեծ խնդիրը, ըստ Խաչատրյանի, իրական ասպիրանտական ծրագրի բացակայությունն է։ 

Հրանտ Խաչատրյանը նշեց, որ իրականացված աշխատանքների արդյունքում վերջին տարիներին ձևավորվել է որոշակի համայնք, առցանց հարթակներում կան գործող խմբեր։ Նրա խոսքով՝ մյուս ոլորտների համեմատ գիտությունը վատ վիճակում է։ Վերջին տարիներին Հայաստանից մեքենայական ուսուցման ոլորտի ընդամենը 6 գիտական աշխատանք է տպագրվել գիտական լավագույն ամսագրերում, դրանց կեսը կապված է «ԵրեվանԷն»-ի հետ։ 

Խաչատրյանի խոսքով, Հայաստանում գիտության զարգացման ամենապարզ եւ արդյունավետ լուծումը հետեւյալն է՝ մեր երկրի բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները պետք է անհատապես կապվեն այն հայերի հետ, որոնք աշխարհի տարբեր անկյուններում աշխատում են այս ուղղությամբ՝ նրանց աշխատանքի առաջարկ անելով։  

Մեկ այլ տարբերակ է գիտական լուրջ կենտրոնների ստեղծումը, որը բավականին ծախսատար է։ «ԵրեվանԷն»-ի հաշվարկներով՝ 2,5 միլիոն դոլարով հնարավոր է Հայաստանում տարեկան 4-5 պրոֆեսորի ու նրանց ասպիրանտների նորմալ աշխատանքն ապահովել։ «Այսպիսի բյուջեի խոստում եթե մենք կարողանանք տալ դրսում աշխատող գիտնականներին, շատ մեծ քանակի որակյալ մարդկային ռեսուրս կարող ենք հավաքել»,- եզրափակեց Խաչատրյանը։

Լուսանկարը՝ Mediamax-ի

Մեկնաբանություններ (1)

Mary Boghosian
Հայաստանի մեծամասն ստեղծված տեխնոլոգիաները Հայաստանին չեն ծառայում ու դա ցաւ է ու ոչ ընդունելի։ Պիտի փոխել միայն երբ երկրի մեջ դրամաշնորհները շատանան ու պետությունը լինի հաճախորդը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter