Ծիծեռնակաբերդի բարձունքի 8.5 հա տարածքը նախատեսվում է կանաչապատել
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Այս մասին Երևանի քաղաքապետարանում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետարանի տարեկան ծրագրերով աշխատանքներ կտարվեն նաև ոռոգման ցանցում առկա խնդիրները լուծելու նպատակով: Ջուրը այդ տարածք հասցնելու նպատակով նախորդ տարի հիմնական ջրատարի 1.9 կմ խողովակաշար է փոխարինվել: Քաղաքապետը հանձնարարել է մնացած 377 մետրն էլ փոխարինել այս տարի, որպեսզի համայնքապատկան տարածքի ոռոգման խնդիրն ամողջությամբ լուծում ստանա:
Ընթացիկ տարում, ըստ քաղաքապետարանի, ամբողջությամբ կարդիականացվի Հանրապետության հրապարակի շատրվանների կառավարման համակարգը: «Հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ հնարավորին շուտ գործարկվի շատրվանային համալիրի երաժշտական ու լազերային շոուի համակարգը»,- ասված է քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը հունվարի 26-ի դրությամբ կազմում է 2 մլրդ 932 մլն. դրամ, կատարողականը՝ 113 %: Եկամուտների հաշվառման և գանձման վարչության բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանն էլ զեկուցել է, որ այն 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 160 մլն. դրամով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել