
Թիվ 21-ի ընտրողները բողոքում են եւ քվեաթերթիկում նոր թեկնածուի անուն են գրում
Արմավիրի մարզի թիվ 21/15 ընտրատեղամասում ընտրողներից Մուշեղ Մխոյանը հրաժարվել է վերցնել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների քվեաթերթիկը: Մ. Մխոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ իրենց կողմնակիցները ամենայն հավանականությամբ անվավեր են դարձնելու իրենց մեծամասնականի քվեաթերթիկները:
Հիշեցնենք, որ Մուշեղ Մխոյանի ազգականը՝ Մերուժան Մխոյանը, այս ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր: Նրան ապրիլի 6-ի վաղ առավոտյան տնից տարել էին եւ Սարդարապատ գյուղի գերեզմանոցում ծեծել՝ ստիպելով հանել թեկնածությունը: Մուշեղ Մխոյանը եւս ծեծվել էր այդ օրը:
Նրանց կողմնակիցներից մի քանիսն էլ ասացին, որ քվեաթերթիկի վրա գրել են «Մերուժան Մխոյան» եւ նրա օգտին էլ քվեարկել են` այդպես արտահայտելով իրենց բողոքը:
Թիվ 21/15 ընտրատեղամասի նախագահ Շահեն Օրդուբեկյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Մուշեղ Մխոյանը սկզբում հրաժարվել է քվեաթերթիկ վերցնել, սակայն հետո վերցրել է, իսկ ընտրողը շարունակում է պնդել, որ քվեաթերթիկ չի վերցրել:
Նշենք, որ թիվ 21 ընտրատարածքում առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից Ալեքսան Պետրոսյանն ու ՀԱԿ-ի թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանը:
Այս ընտրատարածքի նախագահը ընդհանրապես աչքի է ընկնում խիստ գաղտնապահությամբ, ասում է, թե օրենքի պահանջն է կատարում եւ ընտրողների տվյալների մասին տեղեկություն տալու է միայն թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովին: Մի լրագրողի էլ ասել էր, թե տվյալներ չտալու հրահանգ ստացել է թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանից:
«Մենք ընտրողների թիվը հաշվում ենք եւ այդ մասին տեղյակ ենք պահում ընտրատարածքային հանձնաժողովին: Գաղտնի չի, բայց այն, ինչ իմ պարտականությունն է, դա եմ անում: Իմ պարտականությունն է տեղեկություն տալ միայն ընտրական հանձնաժողովին»,- ավելացրեց Շահեն Օրդուբեկյանը:
Մեկնաբանել