Քնարիկ Սահակյան. երբ միայնակները մնում են անհատների ու ՀԿ-ների հույսին
Խավար միջանցքում կանգնած կինը հետաքրքրությամբ զննում է երեքիս, հետո դիմում է ինձ:
-Ես քեզի գիտեմ, դու...,-դեմքը լարվում է հիշելու ճիգերից,- դու,՛Կարինեն ես:
-Չէ,- թափահարում եմ գլուխս,- ես Կարինեն չեմ, մենք իրար չենք ճանաչում:
-Չէ, չէ, սպասի, ես հաստատ քեզի գիտեմ, ուղղակի անունդ հմի չեմ հիշե,- մի քանի վայրկյանից հաղթական շարունակում է,- լավ, հիշեցի՝ Գայանեն ես:
Ես մոլորված ժպտում եմ: Մնացել ենք կանգնած, մենք՝ լուսավոր սանդղահարթակում, ինքը՝ բնակարանի խավար միջանցքում: Դուռը բաց է, սակայն ներս մտնելու հրավեր դեռ չենք ստացել:
-Չէ, ինքը Գայանեն էլ չէ, Քնարիկ ջան: Դու առաջին անգամ իրան կտեսնիս, բայց ընձի հիշեցիր չէ՞, ցերեկն օր եկա, ըսի իրիկունը պլիտա պիտի բերեմ՝ բերել ենք,- Աշոտը ձեռքի էլեկտրական վառարանն է ցույց տալիս: Սակայն Քնարիկը դեռ իր կորսված հիշողությունների հետ է: Վառարան բառի վրա աչքերը փայլում են, սակայն պատասխանի փոխարեն կրկին դիմում է ինձ.
-Հա, ներս արեք, բայց մեկ է, ես քեզի տեղիցմ գիտեմ, բայց ուրդեղից՝ հեչ չեմ հիշե, էդ քու մազերդ...տեղըմ տեսել եմ: Դու ծաղիկ չէի՞ր ծախե, հետո սիրուն բաներ կգործեիր, թե՞...
Ես ուսերս եմ թոթվում: Ասում եմ՝ ինչ ինձ հիշում եմ, լրագրությամբ եմ զբաղվել, քո թվարկածներից գլուխ չեմ հանում: Հետո կատակում եմ.
-Հաստատ դերասանուհի Տերեխովային ես նմանեցնում, իրան գիտե՞ս:
Քնարիկը ժպտում է: Խնդրում ենք գոնե մեկ լամպ վառել, որ կարողանանք համատարած խավարի մեջ կողմնորոշվել: Միջանցքը կարճ է, եւս մի քանի քայլ եւ հայտնվում ենք քառակուսի, փոքր տարածքում, որը Քնարիկը կոչում է խոհանոց: Գուցե տարիներ առաջ այն, իրոք, ծառայել է որպես խոհանոց, այդ մասին հիշեցնող միակ առարկան՝ լվացարանը, դեռ տեղում է: Փոքրիկ սենյակը զուրկ է պահարանից, սեղանից, աթոռներից, գազօջախից, մի խոսքով՝ այն ամենից, ինչ մենք սովոր ենք տեսնել խոհանոց մտնելիս: Պատի տակ լուծվող սուրճի տուփեր են, երեւի մի 20 հատ: Մտածում եմ՝ հաստատ հավաքել է աղբամաններից, բայց ի՞նչ նպատակով: Մի անկյունում նկատում եմ նավթավառ եւ փոքրիկ, լիցքավորվող գազօջախ, հավանաբար երկուսն էլ՝ դատարկ:
Հատակին պոլիէթիլենե երեք տոպրակի մեջ չոր սնունդ է՝ մակարոնեղեն, ձեթ, ձու, հաց, շաքարավազ եւ այլն: Աշոտն ասում է, որ փաթեթները տեսել է դեռ ցերեկվա այցի ժամանակ, հավանաբար ինչ-որ մեկն է բերել, դրանց ձեռք տված չէ: Հետաքրքրվում ենք, թե ինչու ոչինչ չի կերել:
-Ես ուտող չեմ,-Քնարիկի հայացքը դառնում է թափառող,-համ էլ ինչի՞ վրա սարքեմ, պլիտա չունիմ: Հետո էլ ես ձեթ չեմ սիրե՝ կարագ կուտեմ:
Գնում ենք մի սենյակ, որը Քնարիկին ծառայում է եւ հյուրասենյակ, եւ ննջասենյակ: Նույն սեւ, մրոտ պատերն ու առաստաղը, նույն դեղին, թույլ լույս արձակող լամպը: Սենյակում երկու մահճակալ կա: Դրանցից մեկը, որքան հասկացանք, պահարանի տեղ է ծառայում, մյուսի վրա քնում է տանտիրուհին: Մահճակալի թիկնակին կարմիր վերարկու է գցած: Մյուս մահճակալին դրված իրերը տանտիրուհին ծածկել է ձեռագործ աշխատանքներով:
-Ըսոնք սաղ ես եմ գործել, սիրուն են, չէ՞,-ձեռքերը շփելով նկատում է տանտիրուհին:
Կիսախավարի մեջ դժվար է հասկանալ՝ որն է սիրուն, որը՝ չէ: Տրամադրությունը չգցելու համար գլխով եմ անում: Նիհար, կաշվից ու ոսկորից բաղկացած 58-ամյա կինն ուրվականի է նման: Ես հայացքս հառում եմ նրա սեւացած, ոսկրոտ մատներին: Եղունգների վրա պահպանված կարմիր լաքի հետքեր եմ նկատում, որ հուշում է սիրուն երեւալու՝ կնոջ չմարող ձգտման մասին: Թույլտվություն եմ խնդրում լուսանկարել իրեն:
-Հա, բայց սպասի ապադոկս դնեմ, ես կսիրեմ օր ապադոկով կեղնիմ,-ասում է ու արագ շարժումով գլխից պոկում գլխարկը:
Երբ թեքվում է, նկատում եմ աջ ականջի ճղված բլթակը: Ուզում եմ հարցնել, թե ինչ է պատահել, բայց դրա փոխարեն ակնարկում եմ, որ հետաքրքիր ականջօղեր ունի: Քնարիկի դեմքը կրկին պայծառանում է:
-Ըսոնք հեչ՝ երկաթ են, ես օսկի էլ եմ ունեցել: Ես շատ կսիրեմ սիրուն բաներ,-դա ասելիս ժպիտ է հայտնվում դեմքին, ձայնը դառնում է ծորուն,-սիրուն հագնիմ, սիրուն տեղեր էրթամ...ես հո սաղ կյանքս ըսպես չեմ ապրել:
Այդ ընթացքում Աշոտը փորձում է ինչ-որ կերպ միացնել վառարանը: Ես Քնարիկին եմ մեկնում գնածս տաք գուլպան ու տրիկոն: Կինը կիսաբերան շնորհակալություն է հայտնում՝ ուշքն ու միտքը վառարանի կողմը: Հարցնում եմ, թե ամուսնացած եղե՞լ է երբեւէ եւ ստանում դրական պատասխան: Իսկ երեխանե՞ր...
-Տղա ունիմ, 1988թ.-ին է ծնվել:
-Չի գալի՞ս քեզ այցելության,-փորձում եմ հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ:
Քնարիկի դեմքը խոժոռվում է, շրջվում է՝ հասկացնելով, որ անձնական բնույթի հարցերին պատասխանելը տհաճ է իրեն: Բայց ես չտեսնելու եմ տալիս՝ փորձելով հասկանալ, թե ինչու է անտեսված զավակի կողմից: Քնարիկը ցուցադրական սեղմում է շուրթերը: Միայն հայտնում է, որ քույր ունի Հոռոմ գյուղում: Այդ ընթացքում Աշոտը հասցնում է կարգավորել վարդակի հարցը, միացնել վառարանը, հետո բացատրում է Քնարիկին՝ ինչպես միացնել անջատել, թեպետ հորդորում ենք ամեն դեպքում վառ պահել՝ խոստանալով լուծել էլեկտրաէներգիայի վարձի հարցը:
Առաջին այցը 58-ամյա Քնարիկ Սահակյանին հունվարի 24-ին էր: Գնացել էի գյումրեցի նկարիչ Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ: Վերջինս կնոջ մասին տեղեկացել էր «Միասնություն հանուն հայության» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Իսահակյանի ֆեյսբուքյան հրապարակումից եւ որոշել էր որպես անհատ աջակցել՝ տրամադրելով գումար ու էլեկտրական վառարան:
Վերադառնալով երեկոյան այցից՝ նույն օրը ֆեյսբուքյան էջումս մի քանի լուսանկար ու կարճ լուր էի տեղադրել: Առաջին արձագանքը «Կարիտաս» հայկական բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Մխոյանից էր, որը խոստացավ խնդիրը քննարկել տնօրինության հետ ու փորձել հասկանալ, թե ինչ տիպի օժանդակություն կարող են ցույց տալ կնոջը:
Գյումրու Մանուշյան փողոցի 18ա շենքի անտեսված բնակչին երկրորդ այցը հունվարի 27-ին էր: Օրը անցավ բացահայտումներով: Արմինե Մխոյանի հետ նախ հյուրընկալվեցինք 4-րդ հարկի բնակչուհի Ռիտա Խաչատրյանին: 80-ամյա կնոջից տեղեկացանք, որ Քնարիկն ամուսնու հետ շենքում սկսել է բնակվել 2001թ.-ից:
-Ամուսինը ղայդով տղա էր, կսեին` լավ էլ անուն է ունեցել քաղքի մեջ, բայց ես չեմ ճանչել իրան: Մարդն օր մեռավ, ըսիկ խելքը լրիվ գցեց: Ինքն երկու երեխա ունի՝ տղա ու աղջիկ, բայց էրեխեքը հետը կապ չեն պահե, էրթ ու գալ չկա, ըսպես անտեր ու դուս կմնա: Չիդենք՝ ում դիմենք, օր գան տեր էղնին, գոնե ծերանոց տանին՝ ընդեղ մաքուր, իստակ կպահեն, ամեն օր տաք ճաշ կուդան,-տարեց կինը հոգոց է հանում:
Ռիտա տատը հայտնում է, որ մյուս հարեւաններն իրեն հաճախակի են բողոքում, թե Քնարիկը բարձրաձայն խոսում է, տպավորություն է, որ տանը լիքը մարդ կա ու կռիվ են անում: Նկատում եմ, որ գուցե կինը գտել է մենակությունից չխելագարվելու միակ միջոցը՝ խոսել ինքն իր հետ:
-Ես չիդեմ ինչ էնեմ, մե հարեւանմ էլ ես եմ: Ես ոչ իրա հարազատն եմ, ոչ բարեկամը, բայց ձեռքիցս ինչ եկել է, էրել եմ: Իրան հոգեբան է պետք, վրա գլուխը մաքրել է պետք: Մի քանի ամիս է իրան հասանելիք աջակցությունը չի ստացել, թե ինչով կապրի, մարդ կզարմանա: Վախտմ առաջ տակի հարեւանի գլխին ջուր էր բաց թողել, բողոքեցին, միլիցիան էլ միջամտեց, բերեցին թազա ունիտազ դրեցին: Ըսենք ըսպես, ամեն անգամ բողոքելով, հնարավոր չէ հարցը լուծել, կամ քաղաքապետարանը կամ մարզպետարանը բդի զբաղվին իրա հարցով,-նկատում է տիկին Ռիտան:
Արմինե Մխոյանի եւ Ռիտա տատի հետ բարձրանում ենք 5-րդ հարկ՝ Քնարիկին փոխանցելու «Կարիտաս»-ի տրամադրած հիգիենայի ու մաքրության պարագաները: Արմինեն կնոջից խնդրում է էլեկտրաէներգիայի մուծման վերջին կտրոնը, որի տվյալների հիման վրա կարողանան հունվարի 31-ին 40 հազար դրամ փոխանցել (արդեն փոխանցվել է-հեղ.): Պարզվեց՝ որպես այցելու մենք միակը չենք: «Միասնություն հանուն հայության» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Իսահակյանը եւ մի անծանոթ բարերարուհի բերել էին մի քանի պարկ չոր սնունդ, անկողնային եւ հիգիենայի պարագաներ, որ միայնակ ապրող կնոջը կհերիքեր մեկ ամիս: Սուսաննա Իսահակյանն ասում է, որ Քնարիկ Սահակյանի մասին իրեն ահազանգել են փոստային ծառայության աշխատակիցները: Նրա համոզմամբ եւս, կնոջ հետ պետք է պարտադիր հոգեբան աշխատի, իսկ տունը հիմնովին մաքրման կարիք ունի:
Բերված նոր իրերին Քնարիկը նայում է անտարբեր: Աշխուժանում է միայն այն ժամանակ, երբ պարզում է, որ երշիկ, կարագ ու սուրճ էլ կա, անմիջապես հրաժարվում է բուսական յուղից ու սառած հավից՝ ասելով. «Ըդոնք հանեք, ես ըդոնք չեմ ուտե»: Անծանոթ բարերարուհու բերած անկողնային պարագաները՝ սպիտակեղեն, բարձ, վերմակ, Քնարիկի ցանկությամբ տեղավորում ենք եղած հնի վրա:
-Ես հետո էն տակի հինը կհանեմ,-խոստանում է կինը:
-Քնարիկ ջան, գուցե հիմա հանես թափե՞ս, քո համար էլի կբերենք, տաք ջուր էլ չունես,-փորձում ենք համոզել:
-Չէ, ընչի՞ թափեմ, կլվամ, ես հեչ բան չեմ թափե,-Քնարիկը կամակոր երեխայի նման թափահարում է գլուխը:
-Իսկ գոնե հիշու՞մ ես վերջին անգամ երբ ես լողացել,-փորձում եմ վերջին անգամ կոտրել կնոջ դիմադրությունը:
Քնարիկը վրաս է հառում կապույտ, ջրակալած աչքերը: Հարցս մնում է օդում անպատասխան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել