
Վրաստանը չեղարկում է «քովիդ անձնագրերի» տրամադրումը
Վրաստանի իշխանությունները չեղարկում են, այսպես կոչված, «կանաչ անձնագրեր»-ի գործունեությունը, որոնք տրվում էին պատվաստված կամ կորոնավիրուսից ապաքինված քաղաքացիներին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամարա Գաբունիան։
Նրա խոսքով՝ օմիկրոնի զանգվածային տարածման պայմաններում քովիդ-անձնագրերը կորցրել են իրենց առաջնային նշանակությունը, քանի որ COVID-19-ի նոր տարբերակով վարակվում են և՛ պատվաստվածները, և՛ ապաքինվածները։
«Կանաչ անձնագրերը» Վրաստանում սկսել էին գործել 2021 թվականի դեկտեմբերի 1-ից։ 18 տարեկանից բարձր քաղաքացիները, որոնք ստացել էին քովիդ-անձնագրեր, իրավունք ունեին այցելել հանրային սննդի կետեր, մշակութային և սպորտային իրադարձությունների, ֆիթնես-ակումբներ, հյուրանոցներ, լեռնային հանգստավայրեր։
«Կանաչ անձնագրերի» օգնությամբ իշխանությունները մտադիր էին խթանել Վրաստանում պատվաստումների թիվը, սակայն, Գաբունիայի խոսքով՝ այդ միջոցը չի ունեցել անհրաժեշտ արդյունք։ Մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնք իրականացվում էին քովիդ-անձնագրերի ներդրման դեմ։
Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր առմամբ այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1,2 միլիոն դեպք։ Փետրվարի 1-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք։ Հիվանդությունից մահացել է ավելի քան 15 հազար մարդ, ավելի քան 1 միլիոնն էլ ապաքինվել են։ Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է ավելի քան 1,2 միլիոն մարդ։
Լուսանկարը՝ jam-news.net-ից
Մեկնաբանել