
Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում է առաջադրվել ԱԺ 65 պատգամավորների կողմից․ Փաշինյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածուի պաշտոնում Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից։ Այս մասին Կառավարության փետրվարի 3-ի հերթական նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ դա որոշակի վստահություն է հաղորդում, որ ԲՏԱ նախարարը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի Հանրապետության նախագահ։
«Հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, ԲՏԱ նախարարի Ձեր դերակատարումը լիարժեք կկատարեք, և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ աշխատել Կառավարությունում»,- ասաց վարչապետը։
Վահագն Խաչատուրյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա նշեց, որ կուսակցության որոշումը բարձր է գնահատում։
«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց կուսակցության որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի։ Ես ավելի մեծ եռանդով և պատասխանատվությամբ եմ պատրաստվում աշխատել»,- ասաց իշխող խմբակցության նախագահի թեկնածուն։
Վահագն Խաչատուրյանը հավելեց՝ Կառավարությունում աշխատելը նաև փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն էր։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրության բերումով Հանրապետւթյան նախագահը, ըստ էության, վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է համազգային, պետական շահերով։ Հավատացած եմ, որ Կառավարությունը, խորհրդարանը նույնպես պետական, ազգային և համազգային շահերով են առաջնորդվում»,- եզրափակեց Փաշինյանը։
Մեկնաբանել