HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ողբերգական ավտովթարից 8 տարի անց որևէ մեկը չի պատժվել, զոհերի հուղարկավորության ծախսերը չեն փոխհատուցվել

Աշտարակ-Ապարան ճանապարհին 8 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական վթարի մեղավորը պատասխանատվության չի ենթարկվել։ Վթարի հետևանքով զոհված ամուսինների իրավահաջորդները մինչ օրս նյութական վնասի փոխհատուցում չեն ստացել իրեց կատարած ծախսերի դիմաց, ամբողջությամբ չի վերականգնվել նաև տուժողներին պատկանած մեքենայի վնասը։ Ավելին, ամբաստանյալի վարած մեքենան, որը պետք է վաճառվեր վնասը փոխհատուցելու համար եւ գտնվում էր ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում, թալանվել է ու դրանով բարդացրել նյութական վնասի հատուցման գործընթացը։

2013թ. դեկտեմբերի 28-ին բեռնափոխադրում իրականացնող «Ման» բեռնատարը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Արագածոտնի մարզի Ուշի-Արտաշավան գյուղերի միջանկյալ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել իր ճանապարհով ընթացող «Գազել» մակնիշի բեռնատարին։ Վթարի հետևանքով «Գազելի» վարորդը՝ 45-ամյա Արշակ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ նրա կինը՝ 38-ամյա Գոհար Գրիգորյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Վթարից հետո քրական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ման» բեռնատարի վարորդ, Ուկրաինայի քաղաքացի Իլյա Նացյուկը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մառախլապատ ճանապարհով բեռնափոխադրում իրականացնելիս չի պահպանել այդ պայմաններում երթևեկելի թույլատրելի՝ 29 կմ/ժամ արագությունը, դրա փոխարեն 15 տոննա բեռով բեռնված մեքենան և կցորդիչը վարել է 50կմ/ժամ արագությամբ, այն էլ՝ հանդիպակաց երթևեկելի գոտում։ Հանրորեն վտանգավոր այդ արարքը անզգուշությամբ կատարելով՝ Իլյա Նացյուկը վթարի առաջացման պատճառ է դարձել, որի հետևանքով մահացել են ամուսինները։ Ուկրաինայի քաղաքացին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ 2014թ.-ին վթարի մասնակցի 2 մեքենան էլ ճանաչվել են իրեղեն ապացույց և տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Նույն տարվա մայիսի 7-ին նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մայիսի 14-ին դատավոր Ռուզաննա Բարսեղյանը վարույթ է ընդունել գործը և նշանակել դատաքննություն։ Վարույթ ընդունելուց 7 ամիս անց դատավոր Ռ. Բարսեղյանը տեղափոխվել է այլ դատարան, և գործը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին։ 2015թ. հունիսի 24-ին և 2016թ. հունիսի 1-ին նշանակվել են կրկնակի դատաավտոտեխնիկակական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, և գործի վարույթը կասեցվել է: 2016թ. հուլիսի 12-ին դատավոր Ս․ Մարաբյանը նշանակվել է վերաքննիչ դատարանի դատավոր։ 

Արդեն 2017թ. փետրվարին փորձաքննության եզրակացության հետ գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Սամվել Ուզունյանին։ Մինչև 2019թ. փետրվարը նիստեր են նշանակվել, որից հետո մեղադրյալի պաշտպանները միջնորդել են վաղեմության ժակետի հիմքով գործի վարույթը կարճել։ Դատավոր Ս. Ուզունյանը փետրվարի 7-ին որոշել է բավարարել միջնորդությունը, և գործի վարույթը կարճել է վաղեմության հիմքով։

Շուրջ 5 տարի տևած դատաքննության ընթացքում գործը քննած երեք դատավորները միասին նշանակել են 52 դատական նիստ։ Այդ նիստերից 12-ը չեն կայացել տարբեր պատճառներով։ Նիստերից 3-ը չի կայացել դատավորի վատառողջ լինելու պատճառով, 2-ը՝ ամբաստանյալի և նրա պաշտպանի՝ նիստին չներկայանալու պատճառով, մյուսներն՝ այլ պատճառներով։

Վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումից ազատվելը

ՀՀ Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը սահմանում է, թե ինչպես կարող է հանցանք կատարածը անձն ազատվել քրեական հետապնդումից վաղեմության ժամկետի հիմքով։ Հիմքերը դասակարգվում են ըստ հանցագործության ծանրության աստիճանի։ Օրենսգրքի 19-րդ հոդվածը սահմանում է հանցագործության տեսակները (ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր)։ Քրեական գործ հարուցելուց հետո վթարի մեջ մեղադրվող Իլյա Նացյուկին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով։ Այն է՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։

Այն հանցանքը, որի համար առավելագույն պատիժը 5 տարի ժամկետով  ազատազրկումն է, դասվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին։ Իսկ վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցագործությունն ավարտված համարվելու օրվանից։ 

Վթարը տեղի էր ունեցել 2013թ. դեկտեմբերի 18-ին, որի հետևանքով երկու մարդ զրկվել էր կյանքից, վաղեմության ժամկետը լրացել է 2018 թ. դեկտեմբերի 18-ին (լրացել է 5 տարին)։ Դատարանը հենց այս հիմքի առկայության և Իլյա Նացյուկի պաշտպանի միջնորդությամբ որոշել է քրեական հետապնդումը դադարեցնել։

«Չի վերականգնվում սոցիալական արդարությունը, չի պատժվում հանցանք կատարած անձը»

Վթարի հետևանքով մահացած ամուսինների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում պնդեց, որ Իլյա Նացյուկի մեղավորությունն ապացուցված էր փորձաքննություններով և ակնհայտ էր, որ մեղադրական դատավճիռ պետք է հրապարակվեր։ 

«Ամբաստանյալը, երբ համաձայնվում է գործի վարույթի կարճմանը վաղեմության հիմքով, դա նշանակում է, որ նա անուղղակի կերպով ընդունում է իր մեղավորությունը։ Գիտակցում է, որ չի արդարացվելու»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով, թեև առկա էր վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը, բայց կարող էր բանը դրան չհասնել։ Ե՛վ քրեական գործի նախաքննության ժամանակ, և՛ դատաքննության ընթացքում փորձաքննություններ են նշանակվել, որոնք երկար ժամանակ են խլել։ Նիկոլայ Գրիգորյանը չի բացառում, որ դա կարող էր լինել պաշտպանական կողմի մարտավարությունը, որ դատաքննությունն այնքան ձգվի, մինչև լրանա վաղեմության ժամկետը։

«Էլի գործ ունեմ, դարձյալ տուժող կողմի շահերն եմ ներկայացնում։ Վաղեմության ժամկետն անցել է։ Պաշտպանական կողմը փորձաքննությունների է տանում։ Փորձաքննությունները գիտենք, որ երկար են տևում։ Այստեղ խնդիրը ոչ թե օրենսդրությունն է, այլ՝ փորձաքննությունների ձգձգվելը, որը կարող է 7 ամսից մինչև 1 տարի տևել։ Փորձաքննություն իրականացնող ընկերությունները, երևի, պետք է շատ լինեն, կամ պետությունն այնպիսի քաղաքականություն իրականացնի, որ ընկերություններն ավելանան, փորձաքննությունները չերկարաձգվեն։ Մի գործով, եթե երկու անգամ փորձաքննություն նշանակվի, արդեն վաղեմության ժամկետն անցնում է»,- նկատում է փաստաբանը: Ապա հավելում է, որ այդ դեպքում արդարադատություն չի իրականացվում, չի վերականգնվում սոցիալական արդարությունը, հանցանք կատարած անձը չի պատժվում։ 

Նիկոլայն Գրիգորյանը կարծում է, որ այդկերպ արդարադատության նկատմամբ հանրային ընկալումն է նվազում։

«Վնասի փոխհատուցման իրավունքը կա, փոխհատուցումը չկա»

Դատաքննության ժամանակ դատարանը տուժողների իրավահաջորդներին քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք է վերապահել։ Իրավաջորդներն իրենց կրած վնասների փոխհատուցում ստանալու իրավունք են ունեցել՝ հուղարկավորության ծախսեր, շարքից դուրս եկած մեքենայի արժեքի փոխհատուցում։

2019թ.-ին տուժողների իրավահաջորդները դիմել են դատարան և պահանջել, որ  բեռնափոխադրում իրականացնող ուկրաինական ընկերությունից բռնագանձվի 6 մլն 752 հազար դրամ, որից 3․2 մլն դրամը՝ որպես Արշակ Ադամյանի հուղարկավորության համար կատարված ծախս, 3․3 մլն դրամը ` Գոհար Գրիգորյանի հուղարկավորության համար կատարված ծախս, իսկ 1 մլն 252 հազար դրամը՝ որպես «Գազել» մակնիշի 07 ՕՕ 194 հ/հ ավտոմեքենային պատճառված վնաս:

2021թ. մայիսին դատարանը որոշել է բավարարել հայցը, սակայն բռնագանձման գումարի չափը նվազեցրել է։  Ըստ վճռի, բեռնափոխադրող ընկերությունից հոգուտ տուժողների իրավահաջորդների պետք է բռնագանձվի 3 մլն 900 հազար դրամ, այդ թվում՝ 900 հազար դրամ որպես Արշակ Ադամյանի գույքին պատճառված և հատուցված վնասի տարբերություն, ինչպես նաև 1․5 մլն դրամ գումար որպես տուժողներ Արշակ Ադամյանի և Գոհար Գրիգորյանի հուղարկավորության ծախսեր: Մինչ առաջին ատյանի դատարանի որոշումը հայցվորները միջնորդել էին, որ կալանք դրվի վթարի մասնակից «ՄԱՆ» բեռնատարի վրա, որպես հայցի ապահովման միջոց։ 

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պետք է աճուրդի հաներ բեռնատարը դրա վաճառքից գոյացած գումարից հայցվորներին վճարելու համար։

Մինչ հայցվորների իրավահաջորդները փոխհատուցման համար իրավական գործընթաց էին նախաձեռնել, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության տուգանային հարթակում գտնվող «ՄԱՆ» բեռնատարը թալանվում է։ Դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ։ Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքից իրականացված գողության վերաբերյալ մենք գրավոր հարցում ենք կատարել Քննչական կոմիտե, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։

Երևան-Աշտարակ ճանապարահի՝ Աշտարակի կամրջի մոտակայքում գտնվող ոստիկանության տուգանային հարթակն ամբողջությամբ պարսպապատ տարածք է։ Դա երևում է անօդաչու սարքով մեր լուսանկարահանումից, որտեղ ֆիքսել ենք թալանված բեռնատարը։ Բեռնատարի լուսանկարների դիտարկումից էլ ակնհայտ է, որ բազմաթիվ մասեր են հափշտակվել։

Քաղաքացիական գործով հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Լիլիթ Ենոքյանը կասկածներ ունի, որ հանցագործությանը կարող է առնչություն ունեցած լինեն ոստիկանները։ «Ինձ համար շատ կասկածելի է և անհասկանալի, թե ինչպես կարող էր ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում գտնվող մեքենան թալանվել և մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեր դրա համար։ Ինձ մոտ ողջամիտ կասկածներ կան, կամ՝ ողջամիտ ենթադրություն, որ դա կատարվել է ոստիկանների գիտությամբ կամ իրենց կողմից։ Եթե ոչ իրենց գիտությամբ, ուրեմն իրենց անփութության պատճառով։ Իրենց մեղավորությունն առկա է։  «ՄԱՆ» բեռնատարը բավականին մեծ մեքենա է, մասերը թալանելը 5-10 րոպեի գործ չէ, մի քանի ժամ էր պետք դրա համար, և մի քանի հոգով կարող էին այդ ամենը քանդել և ոստիկանության հատուկ պահպանվող տարածքից տեղափոխել։ Հետևաբար, կարծում եմ, որ ոստիկանների մեղավորությունն, ամեն դեպքում, կա»,- նկատում է փաստաբանը։

Լիլիթ Ենոքյանը նշում է, որ իր վստահորդներն ունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, վթարի հետևանքով կորցրել են իրենց ծնողներին, սակայն վթարից 8 տարի անց հատուցում չեն կարողանում ստանալ։ Նույնիսկ հուղարկավորության ծախսերը չեն փոխհատուցվել։

Փաստաբան Լ. Ենոքյանը համոզված է, որ արդարադատություն չիրականացնելու հետևանքով դատական համակարգի նկատմամբ հանրային ընկալումները բացասական են։

«Այս հետաձգումները, նիստերի ձգձգումները հեղինակազրկում են ողջ դատական համակարգը, միանշանակ վստահություն չկա դատական համակարգի նկատմամբ ու չի կարող լինել։ 2013թ.-ին վթար է եղել և մինչ օրս հատուցում չունենք: Դատական նիստերն այնքան ձգձգվեցին, որ վաղեմության հիմքով կարճվեց գործը, հանցագործություն իրականացրած անձը պատասխանատվություն չկրեց, հանցագործությամբ պատճառված վնասն էլ չենք կարողանում ստանալ։ Հետևաբար, կդժվարանամ ասել, որ արդարությունը վերականգնվում է, բայց հույս ունենք, որ 10 տարի հետո ինչ-որ չափով վնասի հատուցում կստանան մեր վստահորդները»,- եզրափակեց հայցվորների ներկայացուցիչը։

Դրոնի լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter