Մակրոնը կոչ է անում շուտափույթ բարելավել Շենգեն գոտին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ բարեփոխել Շենգեն գոտին, ինչը կապված է Եվրոպայում միգրացիոն խնդիրների ու ահաբեկչության սպառնալիքի հետ։ «Չի կարող լինել տեղաշարժի որևէ ազատություն, եթե մենք չվերահսկենք մեր արտաքին սահմանները»,- հայտարարել է Մակրոնը՝ փետրվարի 2-ին Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
«Միգրացիան դարձել է հիբրիդային զենք, որն ունակ է ապակայունացնել Եվրոպան»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ նկատի ունենալով լեհ-բելառուսական սահմանին առկա իրավիճակը։
Մակրոնը վստահ է, որ Շենգեն գոտու բարեփոխումը հնարավորություն կտա ԵՄ երկրներին պայմաններ ստեղծել Եվրամիության արտաքին սահմանների առավել հուսալի պաշտպանության համար։ Մասնավորապես, Փարիզն առաջարկում է ընթացիկ տարվա մարտի սկզբին ստեղծել, այսպես կոչված, Շենգեն գոտու խորհուրդ, որի շրջանակներում ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները կկարողանան ընդունել որոշումներ, որոնք վերաբերում են արտաքին սահմանների պաշտպանությանը։ Մակրոնի խոսքով՝ այդ քայլերը ԵՄ պայմանագրերում փոփոխություններ չեն պահանջում։
Ֆրանսիան 2022 թվականի հունվարի 1-ից վեց ամսով, ռոտացիոն կարգով դարձել է ԵՄ Խորհրդի նախագահող երկիր՝ փոխարինելով Սլովենիային։ Հունվարին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ, ներկայացնելով ֆրանսիական նախագահության ծրագիրը, Մակրոնը հայտնել էր, որ Փարիզի առաջնահերթություններից կլինի Շենգեն գոտու բարեփոխումների նախագծի մշակումը։
Լուսանկարը՝ AP Photo/Jean-Francois Badias
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել