HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայից նոր անօդաչուներ գնել

Ուկրաինան մտադիր է Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր ձեռքբերել։ Այդ մասին, TACC-ի փոխանցմամբ, Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը։

«Նախորդ տարի Ուկրաինայի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն աճել է 59 %-ով՝ հասնելով 7,1 միլիարդ դոլարի։ Պաշտպանական արդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ փոխհարաբերություններում առաջընթաց է գրանցվել։ Այսօրվա դրությամբ, Ուկրաինան ձեռք է բերել 12 թուրքական անօդաչու և Գլխավոր շտաբի պետի մակարդակով հայտնել նոր ապարատների ձեռքբերման մտադրության մասին»,- նշել է թուրք պաշտոնյան։ 

Թուրքիան հունվարին կնքել է Baykar Makina ընկերության Bayraktar Akinci անօդաչու թռչող սարքավորումների արտահանման առաջին պայմանագիրը, որի շարժիչները, ինչպես ավելի վաղ հայտարարել էին Կիևում, կմատակարարի Ուկրաինան։ Սակայն մինչ այս պահը չի նշվում, թե որ երկրի հետ է կնքվել այդ պայմանագիրը։ 

2021 թվականի նոյեմբերի 12-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել էր, որ երկրի պետական երկու ընկերություններ՝ «Ивченко-прогресс»-ը և «Мотор сич»-ը պայմանագրեր էին ստորագրելու թուրքական անօդաչուների շարժիչներ մատակարարելու համար։

Վերջին տարիներին Թուրքիան զբաղվում է անօդաչուների արտադրությամբ, որոնք կիրառվում են ոչ միայն սեփական զինված ուժերում, այլև արտահանվում են։ Ներկայումս արդեն վեց երկիր Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ կիրառող է, որոնց թվում են Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։ Այս տեսակի անօդաչուները Ադրբեջանը մեծապես կիրառել է Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ Թուրքիան՝ Սիրիայում և Լիբիայում։

Զուգահեռաբար, 2021 թվականին Թուրքիան Ուկրաինային էր մատակարարել Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքավորումներ, որոնք ավելի ուշ կիրառվել էին Դոնբասում, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով։ Ուկրաինական զինված ուժերի կողմից դրանց կիրառման մասին հաղորդագրությունների կապակցությամբ մտահոգություն էին հայտնել Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները։

Լուսանկարը՝ IHA Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter