HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը քննում է դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, քիչ առաջ սկսել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորելու միջնորդության քննությունը:

Մինչ դատական նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանը դիրքորոշում հայտնեց, որ իր` որպես դատավորի լիազորությունների նկատմամբ միջամտություն է տեղի ունենում:

«Գործընթացները, որոնք իմ նկատմամբ այժմ իրականացվում են, բացառապես ուղիղ միջամտություն են իմ՝ որպես դատավորի, լիազորությունների իրականացմանը։

Ցանկանում եմ, որ հանրությունն իմանա՝ ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով՝ օրենքի ու խղճի առաջ իմ պատասխանատվությունը մեծ է»,- ասաց դատավորը:

Դատարանի բակում այս պահին մեծ թվով դատավորներ ու փաստաբաններ են հավաքվել: Փաստաբաններից Միհրան Պողոսյանը դատարան եկավ` թմբուկը ձեռքին:

Դատավոր Դավիթ Արղամանյանն, ով մի քանի ամիս է դատավոր դարձել, 2018 թվականին ակտիվ մասնակցել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության համար կազմակերպված բողոքի ակցիաներին ու քայլերթերին: Համացանցում առկա են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Արղամանյանը քայլերթի ժամանակ թմբուկ զարկում:

Պողոսյանն ասում է` թմբուկը բերել է` կոչ անելու համար, որ յուրաքանչյուր մարդ զբաղվի այն գործով, ինչն իր մոտ լավ է ստացվում:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող անձանցից մեկին կալանավորելու մասին է: Այս անձը` Նվեր Մկրտչյանը, ինչպես նաև վերջինիս փաստաբանը չեն ներկայացել նշանակված դատական նիստին, փաստաբանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը չի ներկայանալու, իսկ պաշտպանյալն առանց իր ներկայության, ցանկություն չի հայտնել ներկայանալ: Բորիս Բախշիյանն էլ որոշել է փոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունն ու նրան կալանավորել: Երկու շաբաթ անց, սակայն, դատավորը ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:

Գլխավոր լուսանկարում մոխրագույն բաճկոնով անձը Բորիս Բախշիյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter