HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը զբաղվում է Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ մանկապարտեզ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ աշխատողների և տնօրինության հետ:

Օրվա ընթացքում նախաձեռնվել են բազմակողմանի մասնագիտական քննարկումներ Երևանի քաղաքապետարանի հետ:

Պաշտպանի աշխատակազմը նաև կապի մեջ է երեխայի ծնողի հետ:

Ի գիտություն է ընդունվել տեղեկությունն այն մասին, որ հարուցվել է քրեական գործ:

Երեխայի վերաբերյալ հրապարակումների բովանդակության հետ կապված` պետք է նկատի ունենալ, որ ցանկացած նյութ հրապարակելիս պետք է ղեկավարվել չվնասելու սկզբունքով, հարգել երեխայի արժանապատվությունն ու իրավունքները ցանկացած իրավիճակում:

Երեխայի մասին տվյալներ լուսաբանելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր երեխայի անձնական կյանքի գաղտնիությանը:

Պաշտպանն իր իրավասության շրջանակում կշարունակի հետևել այս գործով ձեռնարկվող քայլերին, երեխայի իրավունքների ապահովման վիճակին:

Բոլորին հորդորում ենք նկատի ունենալ, որ երեխայի լավագույն շահը գերադասելի է ցանկացած իրավիճակում. հրապարակային աղբյուրներում չպետք է նշվեն այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել երեխային կամ նրա ընտանիքը, այդ թվում` շեշտելով երեխայի ազգային կոնկրետ պատկանելիությունը, անգամ եթե անունները փոխված են (օրինակ` եթե նպատակն է ցույց տալ, որ առկա է խտրականություն ազգային պատկանելիության հիմքով, ապա առավելագույնը կարելի է նշել, որ խոսքն ազգային փոքրամասնության ներկայացուցչի մասին է):

Գրություններ են նախապատրաստվել ուղղված Երևանի քաղաքապետարանին և Ոստիկանությանը»:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Երևանի մանկապարտեզներից մեկում երեխան դայակների և դաստիարակների կողմից բռնության է ենթարկվել, քանի որ վերջինիս հայրը պակիստանցի է։ Նշվում էր, որ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել երեխային: Պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter