HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ ալ-Քուրաշին

Ամերիկյան հատուկ նշանակության ուժերը սիրիական Իդլիբում իրականացրել են վերջին երկու տարվա ընթացքում իսլամական ծայրահեղականների դեմ ամենալուրջ գործողությունը։ BBC-ի փոխանցմամբ, ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրաշին։ 

«Նախորդ գիշեր իմ հանձնարարությամբ ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում հակաահաբեկչական հաջող գործողություն են իրականացրել<...> Մարտի դաշտից մենք վերացրել ենք ԻՊ-ի առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրաշիին»,- հայտարարել է Բայդենը։ 

Ալ-Հաշեմի ալ-Քուրաշին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խալիֆ էր հռչակվել 2019 թվականի աշնանը՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվանից հետո, որին ևս ոչնչացրել էին ամերիկացիները։ 

Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Իդլիբ նահանգի Աթմա քաղաքում իրականացված գործողության արդյունքում, ըստ նախնական տվյալների, սպանվել է 13 մարդ։ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության փրկարարները հայտարարել են, որ զոհերից 6-ը երեխաներ են, իսկ չորսը՝ կանայք։ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով էլ՝ սպանվել է չորս երեխա և երեք կին։

Ֆրանսպրես գործակալությունը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ ալ-Քուրաշին մարտի ժամանակ պայթեցրել է իրեն, որի արդյունքում զոհվել են նրա կանայք և երեխաները։ Դեպքի վայրից առկա տվյալների համաձայն՝ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ժամանակով կեսգիշերին մոտ Իդլիբի նահանգի Աթմա քաղաքի մոտ վայրէջք են կատարել ամերիկյան մի քանի ուղղաթիռներ։ Ինչպես լսվում է համացանցում տեղադրված ձայնագրությունից, հատուկ ջոկատայինները բարձրախոսներով արաբերենով կանանց և երեխաներին կոչ են անում լքել վտանգավոր գոտին, որից հետո սկսվել է մարտը՝ ձգվելով շուրջ երկու ժամ։

Ականատեսների խոսքով՝ հատուկ ջոկատայինները բախվել են կատաղի դիմադրության։ Ամերիկացիների ուղղությամբ կրակ են արձակել նռնականետներից և խոշոր տրամաչափի գնդացիրներից։ 

Այն բանից հետո, երբ կրակը դադարել է, ուղղաթիռները անմիջապես մեկնել են։ Գործողության ականատեսներից մեկը Reuters գործակալությանը պատմել է, որ մարտի վայրում տեսել է մի քանի մարմին և մեծ քանակությամբ արյուն։ 

Ֆրանսպրես գործակալության տեղի թղթակիցը հայտնել է, որ մարտից հետո մտել է Աթմայի արվարձանում գտնվող երկհարկանի տուն, որը, ըստ ամենայնի, եղել է գրոհի թիրախը։ Նրա խոսքով՝ տան պատերին արձակված փամփուշտների հետքեր են, պատերին՝ արյուն, լուսամուտների շրջանակները ջարդված են, իսկ տանիքի մի մասը փլվել է։

Սիրիական մշտադիտարկման կենտրոնը նշում է, որ այս գործողությունը 2019 թվականի հոկտեմբերից ի վեր Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկացի զինծառայողների ամենալուրջ գործողությունն է, որին նախորդել էր Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումը։ 

Սիրիական ընդդիմության վերջին հենասյունը՝ Իդլիբի նահանգը, հիմնականում վերահսկվում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման կողմից։ Մինչև 2017 թվականը այն կրում էր «Ջաբհաթ ան-Նուսրա» անվանումը և հանդիսանում էր «Ալ-Քաիդա»-յի տեղական կառույցը։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը թշնամական հարաբերություններ ունի «Իսլամական պետություն» խմբավորման հետ։

Սիրիայում մարտնչող արտասահմանցի ջիհադիստները, որոնք հավաքվել էին Իդլիբում, ստեղծել են «Հուրաս ադ-Դին» խմբավորումը, որը ներկայումս հանդիսանում է «Ալ-Քաիդա»-յի սիրիական մասնաճյուղը։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը հարձակումներ է իրականացնում «Հուրաս ադ-Դին»-ի վրա, իսկ ամերիկացիները ժամանակ առ ժամանակ, հիմնականում դրոնների կիրառմամբ, սպանում երկու խմբավորումների առաջնորդներին։

Լուսանկարը՝ alhurra.com-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter