HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է ՀՀ դրոշի կիրառությունն ընդլայնել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է փոփոխություններ «Դրոշի մասին» օրենքում՝ հնարավորինս ընդլայնելով պետական խորհրդանիշ համարվող եռագույնի կիրառությունը: Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Պատգամավորի խոսքով՝ նախաձեռնության գաղափարն առաջացել է միջազգային փորձի ուսումնասիրությունից:

«Մենք ականատես ենք լինում, որ հարևան Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում վաղուց եմ եղել, չգիտեմ՝ ինչպես է, էլ չեմ խոսում ԱՄՆ-ի մասին, երբ յուրաքանչյուր քայլափոխի տվյալ պետության դրոշն է, սա հանրության և հատկապես երեխաների, պատանիների շրջանում պետականության հանդեպ հարգանքի վկայություն է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նախագծով առաջարկվում է ամրագրել՝ Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, դատարանների, դատախազության մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար պետական մարմինների, անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի), ինչպես նաև նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:

Մյուս առաջարկն այն է, որ Հանրապետության և Անկախության տոներին, ինչպես նաև Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է այն բնակելի և ոչ բնակելի շենքերի վրա, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետության համայնքների հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից տարածքներում:

Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

Դրոշի գործածման սահմանված պահանջները խախտելը նախագծի համաձայն կառաջացնի տուգանքի նշանակում քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման կամ իջեցման սահմանված պահանջները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

Հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը ողջունեցին նախագծի գաղափարը, սակայն նշեցին, որ իրավական ձևակերպումներում որոշ խնդիրներ կան:

Ի վերջո պատգամավորները որոշեցին նախագծին դրական եզրակացություն տալ՝ պայմանով, որ անդրադառնալու են Կառավարության ներկայացրած առաջարկներին, որոնք սկզբունքային են և պետք է արտացոլվեն լրամշակված տեսքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter