
Ռուսաստանը դադարեցնում է Deutsche Welle-ի աշխատանքը երկրում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրում գերմանական միջազգային հեռարձակող ընկերության՝ «Deutsche Welle»-ի աշխատանքի դադարեցման մասին։ Այսպես են Ռուսաստանի իշխանություններն արձագանքում Գերմանիայում RT DE-ի հեռարձակման արգելքին։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Deutsche Welle-ի ռուսական բյուրոյի բոլոր աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ կհայտարարվի, արբանյակային և մյուս հեռարձակումները դադարեցվել են, ինչպես նաև կնախաձեռնվի ընկերությանը օտարերկրյա գործակալ ճանաչելու գործընթաց։ Մինչ օրս գերմանական մեդիաընկերության ռուսական ծառայությունն այդ կարգավիճակը չուներ։
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է «սկսել Գերմանիայի պետական և հանրային կառույցների ներկայացուցիչների ցանկի ձևավորման գործընթաց, որոնք կապ ունեն RT DE-ի հեռարձակման սահմանափակումների և ռուսական մեդիաօպերատորի վրա այլ ճնշումների ցուցաբերման հետ»։ Նրանց մուտքը Ռուսաստան կարգելվի։
Նախարարությունը հայտարարել է, որ այս միջոցները միայն առաջին քայլն են։ «Պատասխան քայլերի հաջորդ փուլերի մասին տեղեկատվությունն իր ժամանակին կհրապարակվի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է որոշմանը։ «Շնորհակալություն, հարազատ»,- գրել է նա։
Спасибо, Родненькая! https://t.co/1Id4PGxg3d
— Маргарита Симоньян (@M_Simonyan) February 3, 2022
Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգը հայտարարել է, որ ռուսական իշխանությունների որոշումը հասկանալի չէ և «անհամաչափ արձագանք» է։ «Եթե նույնիսկ վերջին հաշվով մենք ստիպված լինենք փակել Մոսկվայի մեր թղթակցությունը, դա չի ազդի Ռուսաստանում DW-ի հեռարձակման վրա։ Հակառակը, մենք էականորեն կընդլայնենք այն»,- հայտարարել է Լիմբուրգը։
DW-ի ղեկավարի խոսքով՝ իրենց հետ տեղի է ունենում այն, ինչ ավտորիտար երկրներում զանգվածային լրատվամիջոցների հետ։ «Մենք պաշտոնապես բողոքում ենք այդ աբսուրդային արձագանքի դեմ և մտադիր ենք դիմել դատարան»,- հայտարարել է Պետեր Լիմբուրգը։
Գերմանիայի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Deutsche Welle-ի դեմ ռուսական միջոցները «իրենց հիմքում չունեն որևէ հիմնավորում և նոր լարվածություն են ռուս-գերմանական հարաբերությունների համար»։ Ավելի վաղ, Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Գերմանիայում RT-ի հետ տեղի ունեցողը «ոչ այլ ինչ է, քան խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն»։
Հիշեցնենք, որ Գերմանիայում փետրվարի 1-ից արգելվել էր արբանյակով, համացանցով և մոբայլ հարթակներով Russia Today-ի գերմանական ծառայության հեռարձակումը, քանի որ հեռուստածրագիրը «հեռարձակվում է առանց հայցված թույլտվության ստացման»։
RT DE Productions ընկերությունը մտադիր է բողոքարկել որոշումը դատարանում։ «RT DE հեռուստաընկերությունը կշարունակի հեռարձակումը Մոսկվայից»,- հայտարարել է RT-ի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Բելկինան։
Նախորդ տարվա սեպտեմբերին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ YouTube-ը առանց վերականգնման հնարավորության ջնջել էր RT-ի գերմանական ծառայության երկու ալիք (RT DE և DFP), որոնք YouTube-ում հեռարձակվում էին 2014 թվականից։
Google-ում դա բացատրել էին բովանդակության ներբեռնմամբ, որոնք խախտում էին YouTube-ի` կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածման կանոնները։ «Իրավունքների դադարեցման ժամանակ ալիքի սեփականատերերը փորձում էին շրջանցել սահմանափակումները՝ կիրառելով մեկ այլ ալիք։ Արդյունքում երկու ալիքներն էլ փակվել են` YouTube-ի պայմանների խախտման պատճառով»,- նշել է Google ընկերությունը։
Ի պատասխան Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը սպառնացել էր Ռուսաստանում արգելափակել YouTube-ը՝ հայտարարելով, որ Google-ի վարչակազմի աշխատանքները հանդիսանում են գրաքննության գործողություն ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ։
Լուսանկարը՝ sparkchronicles.com-ից
Մեկնաբանել