
Սոլյարկայի վառարաններից մինչև բետոնե հատակ. Արմավիրի մարզի 11 դպրոց չունի լոկալ ջեռուցում
Արմավիրի մարզի 5 խոշորացված համայնքի 11 բնակավայրի դպրոց չունի լոկալ ջեռուցման համակարգ: 9 դպրոց տաքացվում է էլեկտրական տաքացուցիչների, իսկ 2-ը՝ հեղուկ վառելիքի միջոցով։ Կան դասարաններ, որտեղ ջերմաստիճանը 13-15 աստիճան է, պահանջված՝ 18-20-ից բարձր ջերմաստիճանի փոխարեն։
Նշված դպրոցներն ունեն նաև վերանորոգման կարիք: Որոշ համայնքներում երեխաները սովորում են վթարային շենքային պայմաններում:
Ջրաշենի միջնակարգ դպրոց
Ջրաշենի միջնակարգ դպրոցը կառուցման օրվանից՝ 1975 թվականից մինչ օրս ոչ մի անգամ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Այս ընթացքում քիչ-քիչ շարքից դուրս է եկել մանրահատակը, թափվել է պատերի ծեփը: Մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացվել են: Փոխվել է քամուց վնասված տանիքը, պատուհանների մի մասը, մասնակի այլ աշխատանքներ իրականացվել են, սակայն դպրոցի ներսում գրեթե ոչինչ չի փոխվել:
Առաջին դասարանցիները դաս են անցկացնում փոսերով պատված բետոնե հատակին: Դասասենյակի մանրահատակն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Մանկավարժները պատմեցին, որ օրվա վերջում դասարանում երեխաները փոշու մեջ կորչում են, քանի որ բետոնե հատակը թույլ չի տալիս ապահովել մաքրությունը:
Ջրաշենի դպրոցը չունի նաև լոկալ ջեռուցման համակարգ: Միջանցքները ցուրտ են, դասասենյակներում նույնպես դժվար է նորմայով սահմանված ջերմաստիճանն ապահովել: Երբ մտանք ուսուցչանոց, ուսուցիչները վերարկուներով էին նստած: Նույն վիճակն էր նաև դասասենյակներում: Դպրոցում սովորում է 113 աշակերտ, ովքեր վերարկուները չեն հանում նույնիսկ դասի ժամանակ:
Խորհրդային տարիներին դպրոցն ունեցել է մեծ կաթսայատուն, որի միջոցով էլ տաքացվել է ամբողջ դպրոցը: Սակայն, անկախությունից հետո դպրոցում կարոտ են մնացել լոկալ ջեռուցման:
Փոխտնօրեն Արտավազդ Հակոբյանը պատմեց, որ սկզբում անցում են կատարել էլեկտրական տաքացուցիչներով ջեռուցմանը, ապա՝ հեղուկ վառելանյութով (սոլյարայուղ) վառարաններին: Այս տարի դարձյալ դպրոցը տաքացնում են էլեկտրական տաքացուցիչներով, քանի որ արգելվել է սոլյարայուղի օգտագործումը:
«Էլեկտրական տաքացուցիչներով կարողանում ենք տաքացնել այնքան, ինչքան որ հնարավոր է: Որ ասեմ գոհ ենք՝ այդպես չէ: Գոհ կլինեինք, եթե տաք լիներ, մենք էլ ոգևորված աշխատեինք»-, ասում է Արտավազդ Հակոբյանը:
Փոխտնօրենից հետաքրքրվեցինք՝ սոլյարայուղի վառարանով էին կարողանում ավելի շատ տաքություն ապահովել, թե էլեկտրական տաքացուցիչներով, Ա. Հակոբյանը հետևյալ պատասխանը տվեց. «Դուք հարցնում եք, թե որի ժամանակ ենք ավելի շատ մրսում: Նույնն է, բայց մի քիչ երանի ենք տալիս վառարաններին, այն ժամանակ գոնե կանգնում էինք կողքը, տաքանում էինք»:
Դպրոցի մյուս փոխտնօրենը՝ Երանուհի Մանուկյանն էլ ասաց, որ դասասենյակները ոչ բարվոք վիճակում են: Պատի անցքերից քամի է փչում, նաև այդ պատճառով հնարավոր չէ ապահովել նորմալ ջեռուցում:
«Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, նամակներ էլ ենք ուղարկել վարչապետին, Ազգային ժողովին: Խնդրել ենք ուշադրություն դարձնել այսպիսի դպրոցներին: Դասասենյակները նորմալ չի տաքացվում, վերանորոգման կարիք ունենք, կահավորանք չկա: Կենսաբանության մասնագետ եմ, անգամ մանրադիտակ չունենք: Բայց մենք ժպիտով, նվիրված աշխատում ենք, բայց մինչև երբ՝ չգիտեմ»,- ասում է Ե. Մանուկյանը:
Հայկաշենի միջնակարգ դպրոց
Գրեթե նույն վիճակն է մարզի Հայկաշենի միջնակարգ դպրոցում: Դպրոցը չունի լոկալ ջեռուցում, քանի որ Հայկաշենը գազիֆիկացված չէ: Այս տարի դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկների օգնությամբ՝ փոխարինելով սոլյարայուղի վառարաններին:
Մեկ տարի է, ինչ դպրոցում վառարաններով ջեռուցում չեն իրականացնում, սակայն շենքում դեռ պահպանված է տհաճ հոտը: Մուտքից արդեն սոլյարայուղի հոտը զգացվում է, քանի որ պատերն ու հատակն արդեն ներծծված են հեղուկ վառելիքով:
Դպրոցի տնօրեն Շանթ Ավդալյանն ասաց, որ էլեկտրական տաքացուցիչներով հնարավոր չէ ապահովել նորմալ ջեռուցում, սակայն շատ ավելի լավ է, քան հեղուկ վառելանյութով վառարաններով ջեռուցման ժամանակ: Բացի այդ, տնօրենի խոսքերով՝ էլեկտրաէներգիայով ջեռուցումն ավելի մատչելի է: Այժմ հեղուկ վառելիքը թանկ է, պահում էին նաև վառարանները լիցքավորող աշխատող, ինչը ևս լրացուցիչ ծախս էր դպրոցի համար:
Շանթ Ավդալյանը նույնպես Հայկաշենի դպրոցում է սովորել: Իր սովորելու տարիներին ևս հեղուկ վառելիք է օգտագործվել: Հիշում է, թե այդ վառարաններով ինչպես էին ջեռուցում ապահովում և դաս անում: Երեխաների ինքնազգացողությունը վատանում էր, չէին կարողանում կենտրոնանալ: Իսկ ուսուցիչներն ունենում էին երկու վերարկու՝ մեկը հատուկ դպրոցի համար, որից սոլյարայուղի հոտ էր գալիս, մյուսը՝ այլ տեղեր գնալու համար:
Հրատապ կարգով մարզպետարանը դպրոցին հատկացրել է 2.5 մլն դրամ: Այդ գումարով ձեռք են բերել 30 հատ էլեկտրական տաքացուցիչ: Յուրաքանչյուր դասասենյակում տեղադրված է 2-3 տաքացուցիչ: Սակայն, միջանցքներում ցուրտ է: Նորմատիվներով սահմանված է, որ դասասենյակի ջերմաստիճանը 18 աստիճանից պակաս չպետք է լինի, սակայն երբ հասցնում են 18 աստիճանի, արդեն «շատ լավ է»:
Մեր այցելության ժամանակ դասարաններից մեկում 13 աստիճան էր։
Այդ գումարի շրջանակներում ձեռք են բերվել նաև 70 աշակերտի համար նստարաններ: Վերանորոգվել է նաև առաջին դասարանցիների դասասենյակը:
«Ամբողջ գիշեր միացնում ենք տաքացուցիչները, որ երեխաները գան, դասասենյակներում տաք լինի: Սակայն, երեխաները գալիս են, դասասենյակի դուռը բացել-փակելու ընթացքում արդեն դասասենյակում ջերմաստիճանն իջնում է»,- ասում է Շանթ Ավդալյանը:
Հայկաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի կարծիքով՝ միակ լուծումը դպրոցը գազով ապահովելն է: Նույնիսկ քննարկել են փոքր տրամագծային խողովակով գազ բերել հարևան համայնքից և գոնե միայն դպրոցն ապահովել գազով: Սակայն, «Գազպրոմից» մերժել են՝ պատճառաբանելով, որ միայն դպրոցի համար չեն կարող նման աշխատանքներ իրականացնել:
Այժմ ոչ միայն դպրոցում, այլև ամբողջ համայնքում սպասում են, որ գյուղը գազիֆիկացվի, և լուծվի ջեռուցման հարցը:
Նշենք, որ դպրոցում պահպանված է խորհրդային տարիներից մնացած ջեռուցման չուգունե մարտկոցները, խողովակները: Շանթ Ավդալյանն ասում է, որ դպրոցը գազիֆիկացնելուց հետո քիչ ծախս է անհրաժեշտ լինելու ջեռուցման համակարգը շահագործելու համար:
«Որ գազ լինի, մարզպետարանին կխնդրենք, վստահ եմ ֆինանսավորումը կապահովեն ու այդ հարցն էլ կլուծենք: Մեզ միայն գազ է պետք»,- նշում է Շ. Ավդալյանը:
Դպրոցի շենքը նաև վթարային է: 111 աշակերտ սովորում է 3-րդ կարգի վթարային դպրոցում: Տնօրենն արդեն դիմել է մարզպետարան, որպեսզի հրատապ կարգով կառուցվի նոր դպրոց:
«Դպրոցը շատ մեծ է, տիպային շենք է, և նախատեսված է մոտ 600 աշակերտի համար: Այս պահին մենք ունենք 111 աշակերտ: 150-200 աշակերտ ունենալը երկար տարիների խնդիր է: Կարելի է մոդուլային դպրոց կառուցել, ինչն ավելի քիչ ծախսատար կլինի»,- ասում է Շանթ Ավդալյանը:
Փորձագետների տված եզրակացության համաձայն` դպրոցի առաջին հարկի բոլոր քարերը քայքայված են և վերանորոգման դեպքում ամբողջությամբ պետք է փոխարինվեն նորերով: Տնօրենն ասում է, որ նման վերանորոգումը հավասարազոր է նոր շենք կառուցելուն, դեռ մի բան էլ ավելին:
Ջանֆիդայի միջնակարգ դպրոց
Ջանֆիդա համայնքի դպրոցում լոկալ ջեռուցում ապահովելու համար անհրաժեշտ է 25 մլն դրամ: Դպրոցում պահպանված է խորհրդային տարիներից մնացած ջեռուցման մարտկոցները, սակայն ջեռուցվում է հեղուկ վառելիքով:
Տնօրենը հավաստիացնում է, թե դասասենյակներում կարողանում են ապահովել 18 աստիճան ջերմություն:
Դպրոցի տնօրենի խոսքերով՝ յուրաքանչյուր դասասենյակի հատկացվում է օրական 3 լիտր վառելիք: Տաք օրերի խնայողությունների հաշվին ավել վառելիք է հատկացվում ցուրտ օրերին՝ մինչ 5 լիտր:
Դպրոցում սովորում է 344 աշակերտ՝ 15 դասարանով: Ջանֆիդայի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Սրեյանը հավաստիացրեց, որ այս տարի դպրոցում իրականացվելու են վերանորոգման աշխատանքներ: Գրություններ է ստացել պատկան մարմիններից, ըստ որի՝ 90 մլն դրամ է անհրաժեշտ ամբողջ դպրոցը վերանորոգելու և լոկալ ջեռուցում անցկացնելու համար:
«Հավանաբար ամռանը կսկսվի դպրոցի վերանորոգումը, դահլիճի վերանորոգումը և լոկալ ջեռուցման համակարգի անցկացումը»,- ասում է Ջանֆիդայի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Սրեյանը:
Մեկնաբանել