
Հայաստանում ամեն 58-րդ մարդ քաղցկեղ ունի. հիվանդների թիվն աճել է 13,1%-ով
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Հայաստանում ամեն 58-րդ բնակիչ ունի քաղցկեղ։
Թեև 2017-2020թթ.-ին (2021թ․ տվյալները մշակվում են) կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն ունեցող և հաշվառված անձանց թիվը նվազել է մոտ 17,4%-ով՝ 1500 դեպքով, սակայն նույն ժամանակահատվածում քաղցկեղ ունեցող մարդկանց թիվն աճել է 13,1%-ով՝ մոտ 6500 դեպքով։
2020թ․-ին քաղցկեղի 70 դեպք գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ։
Տղամարդկանց մոտ ամենաշատը տարածված է թոքի քաղցկեղը, կանանց մոտ՝ կրծքագեղձի։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանն ասում է, որ մարդիկ սկսել են ավելի շատ դիմել, ինչը հնարավորություն է տալիս բուժումն ավելի արդյունավետ կազմակերպել։ Նա պնդում է՝ Հայաստանում բուժումը պակաս արդյունավետ չէ, քան եվրոպական այլ երկրներում։
Ուռուցքային հիվանդությունների աճի տենդենցը շարունակվում է։ Ամբողջ աշխարհում տարեկան հաշվառվում է մոտ 25 մլն մարդ, ովքեր ապրում են քաղցկեղով, տարեկան գրանցվում է 10-18 մլն նոր դեպք և մոտ 6 մլն մահ։
Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020թ․ հաշվառված է քաղցկեղ ունեցող 50416 մարդ (ՀՀ ամեն 58-րդ բնակիչ, իսկ 2019թ․ տվյալներով՝ ամեն 68-րդ բնակիչ) ։ Կյանքում առաջին անգամ հիվանդությունը հաստատվել է 6934 մարդու մոտ, հիմնականում՝ 50-ից բարձր տարիքային խմբերում։
Մասնավորապես՝ 44,4 %-ը կամ 3081 հոգի 65-ից բարձր տարիքի են, հաջորդ՝ ամենառիսկային խումբը 60-64 տարեկան է՝ 1281 հոգի, կամ 18,5%-ը, ապա՝ 55-59 տարեկանները՝ 888 հոգի կամ 12,8%-ը, և 45-54 տարեկանը՝ 11,68%-ը կամ 810 հոգի։
2020թ.-ին 70 դեպք գրանցվել է նաև մինչև 18 տարեկանների մոտ։
Կանանց մոտ կյանքում առաջին անգամ հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը։ Մասնավորապես՝ 2020թ.-ին հաստատված 2201 ընդհանուր դեպքից 1116-ը կամ կեսից ավելին բաժին է հասնում հենց կրծքագեղձին։ Ամենաքիչը կանանց մոտ հանդիպում է շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղը։ Վերջիներն ամենաշատը Հայաստանում հանդիպում են տղամարդկանց մոտ։
Մասնավորապես՝ 1990 նոր դեպքերից 641-ը, կամ 32,2%-ը տղամարդկանց մոտ հենց շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղն է։
2020թ․ հաշվառվել և բուժումն ավարտել է քաղցկեղ ունեցող 4863 մարդ, որից 60,2%-ը կամ 2929 մարդ ստացել է վիրաբուժական բուժում։ Սրան հաջորդում է դեղորայքային բուժումը, որը ստացել է 959 մարդ կամ 19,7%-ը։ Ապա իրականացվել է համակցված բուժում (588 հոգի), ամենաքիչը՝ ճառագայթային և քիմիաճառագայթային բուժումն է (համապատասխանաբար՝ 202 և 185 դեպք)։
Մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում
Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2021թ․ տվյալներով՝ գրանցվել է քաղցկեղ ունեցող 15 000 նոր մարդ, կատարվել է 6000 վիրահատական միջամտություն։ Նախորդ տարիների համեմատ՝ հիվանդության աճ կա, սակայն աճի տեմպն այնքան զգալի չէ, որքան Կենտրոն դիմելու տոկոսը։ Այս մասին հայտնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկ Վիկտոր Բադեյանը։
Նրա խոսքով՝ սրան հիմնականում նպաստել է մի շարք բուժծառայությունների անվճար լինելը, երբ հիվանդն առաջին հերթին չի մտածում գումար հայթայթելու մասին, այլ միանգամից դիմում է բժիշկներին.
«Այսօր մենք տեսնում ենք, որ եթե նույն՝ 4-5 տարի առաջ մեր մահճակալային զբաղվածությունը կազմում էր 500-550 մարդ, հիմա ունենք՝ 700-750, 800-ի է հասնում պարբերաբար։ Դա էլ է խոսում այն մասին, որ բնակչությունն իրազեկված է, որ կարող է ստանալ որոշ դեպքերում նաև անվճար բուժում,- ասում է Վիկտոր Բադեյանը։- Դա վերաբերում է վիրահատական միջամտություններին, որոնք կատարվում են չարորակ ուռուցք ունեցող հիվանդներին, ճառագայթային բուժումը նույնպես կատարվում է անվճար, ինչ վերաբերում է քիմիաթերապիային, այն առայժմ համավճարի կարգով է իրականացվում, բայց հույս կա, որ մոտ տարիներին դա էլ կունենա նույն անվճար բուժման ձևաչափը»,- նշում է Վ. Բադեյանը։
Բժիշկն ասում է, որ իր՝ տարիներ առաջվա փորձի համեմատ, հիմա ավելի շատ նաև դիմում են հիվանդության վաղ փուլերում, և բարձիթողի վիճակներ ավելի քիչ են հանդիպում. «Վաղ փուլում դիմելը հիվանդության բուժման հիմնական հաջողության գործոնն է»,- ասում է նա՝ նշելով, որ տարին 1-2 անգամ ոչ ծախսատար ստուգումներ անելը երբեմն որոշիչ նշանակություն կարող է ունենալ։
Կենտրոնում քաղցկեղի հիմնական տարիքային խումբը 50-60 տարեկան է։ Երկար տարիներ թոքի քաղցկեղն է զբաղեցնում առաջին տեղը, որին հաջորդում է կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղու քաղցկեղ, ուղիղ աղու քաղցկեղ, աղիների քաղցկեղ, հաստ աղու տարբեր բաժիններից ծագած քաղցկեղի տեսակ), կրծքագեղձի, ստամոքսի, պրոստատի, շագանակագեղձի քաղցկեղը։
Խոսելով կանանց մոտ ամենաշատը հանդիպող կրծքագեղձի քաղցկեղի մասին՝ Վ. Բադեյանն ասում, որ կան մի շարք պետական ծրագրեր, որոնք ուղղված են հենց այս հիվանդության բուժման և ախտորոշման համար։
Օրինակ՝ նախորդ տարի 770 կին Լոռու մարզում ենթարկվել են սկրինինգային մամոգրաֆիայի, որից 80-ի մոտ հայտնաբերվել է այնպիսի վիճակ, երբ արդեն վիրահատական միջամտության կարիք է եղել։ Սկրինինգային այս ծրագիրը շարունակական է լինելու նաև այլ մարզերում, հաջորդը Սյունիքն է։
Վիկտոր Բադեյանն ասում է, որ Հայաստանում բարելավվել է նաև քաղցկեղի դեմ իրականացվող բժշկական ծառայությունների որակը։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ կային քաղցկեղի տեսակներ, որոնց բուժման մեջ 100% արդյունավետության հասնելը՝ բուժելը դժվար էր (օրինակ, ամորձիների քաղցկեղը), սակայն այսօր քաղցկեղի տարբեր տեսակներ, ինչպես նաև՝ նույն ամորձիների քաղցկեղը, հնարավոր է դարձել լիովին բուժել։
Վերջին տարիներին արդիականացվել են նաև Կենտրոնի մի շարք սարքավորումներ, վերականգնվում են մի շարք բաժանմունքներ, առաջիկայում բացվելու է նոր՝ պալեատիվ՝ ամոքիչ բաժանմունք։
Բացի այդ, վերապատրաստվում են բժիշկները, ինչը, ըստ Բադեյանի, նպաստելու է, որ քաղցկեղի բուժումը լինի «ժամանակին համահունչ», ոչ պակաս արդյունավետ, քան արտերկրում։ Այս առումով ուռուցքաբանն ասում է, որ միշտ չէ, որ այլ երկիր մեկնելն ավելի արդյունավետ է, քան բուժումը Հայաստանում. արտերկիր մեկնելը պետք է որոշի բուժող բժիշկը՝ ելնելով հիվանդի վիճակից, և շատ են դեպքերը, երբ մարդիկ մեկնել են արտերկիր ու, առանց որևէ արդյունքի, վերադարձել։
«Կան դեպքեր, երբ հիվանդը շատ շնորհակալ է այն կենտրոնին, որտեղ արտերկրում բուժվել է, բայց դա չի նշանակում, որ եթե հիվանդը մնար ու բուժվեր մեր երկրում, նույն էֆեկտը չէր ստանա»,- ասում է Վ. Բադեյանը՝ նշելով, որ աշխատելով տարբեր երկրների կլինիկաներում՝ նա տեսել է նաև այնտեղի թերությունները։
Ինչ վերաբերում է ճառագայթային բուժմանը, ուռուցքաբանն ասում է, որ բոլոր երկրներն օգտագործում են ընդամենը 5-6 հայտնի արտադրողների ճառագայթային տեխնիկա, դոզավորումն էլ ունիվերսալ է, որի մասին գիտեն ուռուցքաբանության ոլորտի բոլոր մասնագետները։
Նույնը վերաբերում է նաև քիմիաթերապիային, որն իրականացվում է 50-60 հայտնի դեղամիջոցներով, որոնք մատակարարվում են ամբողջ աշխարհին։
Մեկնաբանել