
Ջեյհուն Բայրամով. «Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների Հայաստանի հետ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ»
Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների Հայաստանի հետ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ։ Այդ մասին, Trend գործակալության փոխանցմամբ, փետրվարի 4-ին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդլայնման և բարիդրացիական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որն այցով գտնվում է Ադրբեջանում։
«Այդ հարցը մեր այսօրվա հանդիպման ընթացքում հասցվել է եվրահանձնակատար Օլիվեր Վարհելի ուշադրությանը»,- ասել է Բայրամովը։
Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարարծքների վերականգնման աշխատանքները։ «Քննարկումներ են անցկացվել այն մասին, թե ինչ ձևով Եվրամիությունը կարող է աջակցել այդ հարցերին։ Այս ամենը ցույց է տալիս, թե ինչքան լայն է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգը»,- հավելել է Բայրամովը։
Նախօրեին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին։ «Տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց ևս բացասական արձագանք է եղել»,- նշել էր Միրզոյանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ Հայաստանը շահագրգռված է սահմանազատման և սահմանազատման գործընթացով։ «Այս պահին ադրբեջանական և ռուսական կողմերի հետ քննարկվում են անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, կհանգեցնեն սահմանին անվտանգության և կայունության մեխանիզմների ստեղծմանը»,- հավելել էր Արարատ Միրզոյանը։
Լուսանկարը՝ Apa գործակալության
Մեկնաբանել