HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Новая газета»-ի լրագրող Ելենա Միլաշինան Ռամզան Կադիրովի սպառնալիքների ֆոնին լքել է Ռուսաստանը

«Новая газета»-ի լրագրող Ելենա Միլաշինան «Дождь» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Չեչնիայի ղեկավարության կողմից հնչած սպառնալիքներից հետո որոշակի ժամանակով կհեռանա Ռուսաստանից, «ինչպես դա մի քանի անգամ եղել է»։ 

«Դա են պնդում և իմ գլխավոր խմբագիրը, և իմ բավականին բարձրաստիճան աղբյուրները, որոնք ասում են, որ հիմա իմ անձնական անվտանգությանն առկա սպառնալիքը բարձր է։ Այդ իսկ պատճառով ես նրանց կլսեմ, չնայած դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս, չեմ սիրում այդպիսի բաներ»,- նշել է նա։

Meduza-ի փոխանցմամբ՝ Միլաշինան ասել է, որ սպառնալիքներն իրական է համարում, որոնք հնչել են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի և Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի կողմից։ «Սրանք բառեր չեն, որոնք պարզապես նետվում են զայրույթի, զգացմունքների պոռթկման մեջ: Դա իրական սպառնալիք է։ Դա պետք է այդպես ընդունել։ Պարոն Դելիմխանովը շատ վտանգավոր մարդ է։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է ավելի վտանգավոր. Կադիրո՞վը, թե՝ Դելիմխանովը։ Այդ իսկ պատճառով դա շատ լուրջ իրավիճակ է»,- նշել է Միլաշինան։ 

«Новая газета»-ի խմբագիր Դմիտրի Մուրատովը РБК-ին հայտնել է, որ չի մեկնաբանում պարբերականի թղթակիցների անվտանգության թեմաները։ «Ելենան հետևում է մեր կանոնակարգերին։ Նրա գտնվելու վայրը որևէ կերպ չի անդրադառնա Չեչնիայում մարդու իրավունքների լուսաբանման թեմատիկայի վրա»,- ասել է նա։ Միլաշինայի Ռուսաստանը լքելու մասին հայտարարություն է տարածել նաև «Новая газета»-ի խմբագրությունը։

Հունվարի 23-ին Ռամզան Կադիրովը «Новая газета»-ի լրագրող Ելենա Միլաշինային և իրավապաշտպան Իգոր Կալյապինին անվանել էր «ահաբեկիչներ» և «ահաբեկիչների հանցակիցներ» ու կոչ արել իրավապահ մարմիններին ձերբակալել նրանց։ Փետրվարի 1-ին Կադիրովը կոչ էր արել գործ հարուցել «Дождь»-ի և «Новая газета»-ի դեմ՝ նրանց ևս անվանելով «ահաբեկիչներ» և «ահաբեկիչների հանցակիցներ»։ 

Չեչնիայի ղեկավարը նման հայտարարություն էր արել Չեչնիայի բարձրագույն դատարանի նախկին դատավոր Սայդի Յանգուլբաևի ընտանիքի հետապնդումների ֆոնին։ Հունվարին չեչենական ուժայինները բռնությամբ Նիժնի Նովգորոդից Գրոզնի էին տեղափոխել դատավորի կնոջը՝ Զարեմա Մուսաևային, որտեղ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանների վրա հարձակման հիմքով։ 

Տեղի ունեցածից հետո Սայդի Յանգուլբաևը և նրա դուստրը հեռացել էին Ռուսաստանից։ Արտասահմանում են նաև նրա որդիները։ Կադիրովը պահանջում է, որ նրանց արտահանձնեն Ռուսաստանին, հակառակ դեպքում «նրանց հարցերը կլուծի առաջին իսկ չեչենը»։

Փետրվարի 1-ին Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը հայտարարել էր, որ «թշնամություն և արյան վրեժ» ունի Սայդի Յանգուլբաևի ընտանիքի հետ։ «Իմացեք, որ օր ու գիշեր, չխնայելով մեր կյանքերը, ունեցվածքն ու սերունդներին, մենք ձեզ կհետապնդենք, մինչև չկտրենք ձեր գլուխներն ու չսպանենք ձեզ»,- հայտարարել էր ՌԴ Պետդումայի պատգամավորը։

Լուսանկարը՝ Анна Артемьева / «Новая газета»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter