HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վայք գոլդ»-ը չկարողացավ վերականգնել Ազատեկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը

Վարչական դատարանը մերժել է «Վայք գոլդ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: Ընկերությունն այդ հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Ազատեկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու նախկին նախարար Սուրեն Պապիկյանի 2019թ. դեկտեմբերի 19-ի հրամանը:  

«Վայք գոլդ»-ի հիմնավորումները

«Վայք գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն իրենց հայցադիմումում նշել են, որ 2012թ. նոյեմբերին տրված ընդեքօգտագործման թույլտվության հիման վրա կառավարության հետ ընդերքօգտագործման պայմանագիրը կնքվել է` հիմք ընդունելով նախարարությունում առկա տվյալ հանքավայրին վերաբերող տվյալները, տեղեկություններն ու փաստաթղթերը:

Սակայն նախարարության հետ պայմանագիր կնքելուց հետո նախնական աշխատանքների ընթացքում իրականացվել են որոշակի ուսումնասիրություններ, որոնք վկայել են, որ կառավարության տրամադրած փաստաթղթերը, ինչպես նաև պայմանագրում և ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում ամրագրված տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

 Տվյալ ուսումնասիրություններից հետո անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ փորձաքննություն՝ վերագնահատելու հանքավայրի պաշարները, քանի որ առաջացել էր վտանգ, որ հնարավոր է ընկերության կողմից ահռելի ներդրումներ կատարվեր, սակայն հանքավայրում օգտակար հանածոյի պաշար չլիներ կամ քիչ լիներ, քան սահմանված էր փաստաթղթերում: Այդպիսով, ընկերությունը հայտնել է, որ ստիպված է եղել իրականացնել հանքավայրի վերագնահատում:

Հանքավայրի վերագնահատումն իրականացրել է անգլիական «Վարդել-Ամստրոնգ» անկախ աուդիտորական կազմակերպությունը: Վերագնահատումն ավարտվել է 2014 թվականի նոյեմբերին: Համաձայն վերագնահատող կազմակերպության կողմից տրված հաշվետվության՝ լիազոր մարմնի կողմից տրված փաստաթղթերը, պայմանագիրը և մնացած փաստաթղթերում օգտակար հանածոյի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանել իրականությանը:

Այդ փաստի մասին ընկերությունը տեղեկացրել է համապատասխան պետական մարմիններին: Լիազոր մարմնին ընկերությունը հայտնել է, որ պայմանավորված փաստաթղթերի անճշտությամբ, անհրաժեշտ է կազմել նոր նախագիծ: Նոր նախագիծ կազմելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք փորձաքննություններ, կազմել հաշվետվություններ, իրականացել լսումներ և նոր միայն ներկայացնել լիազոր մարմնի հաստատմանը:

Ընկերությունը շեշտել է, որ օգտակար հանածոյի պաշարների վերաբերյալ սխալ տեղեկություններ տրամադրել է կառավարությունը, որը որևէ քայլ չի ձեռնարկել ի հայտ եկած սխալների և անճշտութունների վերացման և ընկերությանն օժանդակելու համար: Հակառակը, կառավարությունը ստեղծել է բազմաթիվ խոչընդոտներ:

Մասնավորապես, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018թ. ապրիլի 16-ի հանձնարարականով, ընկերությունում իրականացվել է ստուգում և արգելվել է հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, իսկ ստուգման նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործն առ այսօր շարունակվում է: Քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել այն, որ ընկերությունը, պայմանավորված նոր նախագիծ կազմելու անհրաժեշտությամբ, իրականացրել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաև հանքավայրն արդյունաբերական յուրացման համար լիարժեք նախապատրաստելու, օքսիդացված և սուլֆիդային հանքանյութերը տարանջատելու, ինչպես նաև տարբեր տիպի հանքաքարերի որակական և տեխնոլոգիական ցուցանիշները լրացուցիչ հետազոտությունների միջոցով ճշտելու համար 2017 թվականի դեկտեմբերին Ազատեկի բազմամետաղային հանքավայրից 218 խմ օքսիդացված և 60 խմ սուլֆիդային հանքաքարեր, որպես փորձնական հանույթ, ուղարկվել է «Պոլիմետալ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ դրանք մշակվել են, ստացվել է 26,7 տ օքսիդային և 3,85 խմ սուլֆիդային խտանյութ: Քանի որ տվյալ ֆաբրիկան կորզում չէր իրականացնում, այդտեղից խտանյութն ուղարկվել է «Ասսաթ» ՍՊԸ-ին պատկանող մետաղների կորզման ֆաբրիկա՝ վերջնական արդյունք ստանալու համար: Տվյալ գործընթացն անհրաժեշտ է եղել ընկերությանը հասկանալու համար, թե որքան հանքաքարից որքան վերջնական արտադրանք է հնարավոր ստանալ, այսինքն` որքան է կազմում հանքաքարում հանածոյի պաշարը: Սակայն կառավարությունը սա փորձել է դիտարկել որպես քրեորեն հետապնդելի արարք:

Տվյալ քրեական գործի շրջանակներում, ինչպես նաև տեսչության կողմից ընդունված որոշման հիման վրա, մինչ օրս ընկերության համապատասխան աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել հանքավայրի տարածք: Խնդրի մասին ընկերության ղեկավարությունը բազմիցս բարձրաձայնել է կառավարությանը, տարբեր պետական կառույցներին, մարմիններին ուղարկվել են գրություններ՝ ստեղծված խնդրին լուծում տալու խնդրանքով, պահանջով, սակայն` ապարդյուն:

Ի պատասխան խնդրի լուծման «Վայք գոլդ»-ի բազմաթիվ խնդրանքներին, պահանջներին՝ ՏԿԵ նախարարության ընդերքի վարչությունը 2019թ. հունիսի 17-ին զգուշացում է տվել ընկերությանը` այնտեղ նշված խախտումները վերացնելու վերաբերյալ: Ընկերությունը, հասկանալով, որ կառավարությունն իր սխալների արդյունքում ստեղծված իրավիճակը շտկելուն հակառակ խոչընդոտներ է ստեղծում, ձեռնամուխ է լինում և 2019թ. սեպտեմբերի 2-ին ստեղծում է հանքավայրի շահագործման նախնական նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվեր հանրային լսումների, որից հետո ստանար դրական եզրակացություն և նոր միայն ներկայացվեր համապատասխան լիազոր մարմնին` հաստատման:

Ընկերությունը, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելով, նշանակում է լսումներ: Սակայն ընկերությունն իրենից անկախ պատճառներով չի կարողանում մասնակցել տվյալ լսումներին, քանի որ քաղաքացիները փակում են նաև տվյալ շինության մուտքն ու ելքը, և թույլ չեն տալիս ընկերության համապատասխան ներկայացուցիչներին մուտք գործել շենք, որի պատճառով լրանում է սահմանված 90-օրյա ժամկետը: Ինչից հետո իրականացվում է վարչական վարույթ և արդյունքում որոշում է ընդունվում դադարեցնել ընկերության ունեցած ընդերքօգտագործման իրավունքը:

Այս նախապատմությունը ներկայացնելով`  «Վայք գոլդ»-ի ներկայացուցիչները պնդել են, որ ընկերությունը խախտում չի կատարել, չի դրսևորել անգործություն, և ողջ գործընթացը սկսվել է լիազոր մարմնի կողմից սխալ տեղեկություններ տրամադրելու արդյունքում:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ընդերքի վարչությունը 2019թ. հունիսի 17-ին զգուշացում է ուղարկել ընկերությանը, որտեղ նշել է, որ «Վայք գոլդ» ՍՊԸ-ն չի կատարել ընդերքօգտագործման պայմանագրի հավելված 1-ով և հավելված 5-ով սահմանված պայմանները, որի արդյունքում խախտել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, այն է՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան:

Սակայն «Վայք գոլդ»-ը դատարանում պնդել է, որ տվյալ իրավական նորմը կիրառելի չէ նման պարագայում, քանի որ ընկերությունը չէր կարող պայմանագրին և նախագծին համապատասխան աշխատանքներ իրականացնել այն պարզ պատճառով, որ և՛ պայմանագրում, և՛ նախագծում ամրագրված տվյալներն իրականությանը չեն համապատասխանել:

Անհամապատասխանության փաստը հաստատված համարելու համար ընկերությունը ներկայացրել է անկախ աուդիտորական կազմակերպության կողմից իրականացված փորձաքննության արդյունքները, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից տրված տեղեկանքը` պաշարների վերագնահատման թույլտվության վերաբերյալ:

Ավելին, «Վայք գոլդ»-ը պնդել է, որ նախարարության զգուշացումը և խախտման վերացման համար 90-օրյա ժամկետի տրամադրումը կրել է ձևական բնույթ, քանի որ նախարարությունը տեղյակ է եղել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշմամբ արգելվել է ընկերությանն ընդերքօգտագորման գործողություններ կատարել և հետևաբար գիտակցել է, որ ընկերությունը չի կարող կատարել աշխատանքներ տվյալ հանքավայրում և վերացնել նշված խախտումները:

ՏԿԵՆ-ի հարուցած վարույթի շրջանակներում ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը նշել է, որ հաշվի առնելով օտարերկրյա ներդրումների կարևորությունը` ընկերության 80 %-ի բաժնետեր «Գոլֆ Ֆիլդս Հոլդինգ Լիմիթեդ» ՍՊԸ-ի հանձնարարությամբ և ֆինանսավորմամբ կազմվել է նոր հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված եղանակով շահագործման նախնական նախագիծ և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ: Միաժամանակ նախատեսվել է մինչև 2020 թվականի առաջին եռամսյակն ավարտել պաշարների ամբողջական վերագնահատումը: Ընկերությունը նախատեսել էր նույն թվականի սեպտեմբերի 3-ին և ապա նոյեմբերի 21-ին Վայոց ձորի Վայք քաղաքում կազմակերպել հանրային քննարկում, որը, ինչպես նշեցինք, չի կայացել համայնքապետարանի մոտ հավաքված բնակիչների կողմից կազմակերպությունների ներկայացուցիչներին ներս չթողնելու պատճառով:

Ընկերության տնօրենը նաև նշել է, որ ընկերությունը հանքավայրում առ այսօր շահագործման աշխատանքներ չի իրականացրել, քանի որ, ներդրումների ռիսկայնությունը հաշվի առնելով, ներդրողներն ընկերության հիմնական 80% բաժնետերերը դեռևս սկսած 2014 թվականից տարբեր ժամանակահատվածներում ցանկացել են և հանքավայրում իրականացրել են երկրաբանական, ինչպես նաև դաշտային և լաբորատոր ուսումնասիրություններ` գումարային արտահայտությամբ 4,5-5 միլիոն դոլարի սահմաններում:

Ընկերության տնօրենի գրությունը` բնապահպանության նախարարին (22.11.2014)

«Վայք գոլդ» ՍՊԸ-ի տնօրենը 2014 թվականին գրությամբ դիմել է բնապահպանության նախարարին: Գրությունն ամբողջությամբ արտացոլված է դատարանի որոշման մեջ. 

«Լիցենզիայի պարտավորությունների կատարման հետ կապված Ձեր խնդրանքից հետո մենք ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել հետևյալի մասին. ինչպես գիտեք, վերջին 17 ամսվա ընթացքում մեր ընկերությունը ներդրել է ավելի քան 3,4 միլիոն ԱՄՆ դոլար՝ DD-Ն ավարտելու համար, որը վճարել է տարբեր կապալառուների՝ լրացնելու անհրաժեշտ հաշվետվությունը՝ ստուգելու ձեր տրամադրած պատմական երկրաբանական տվալները, որպեսզի կարողանանք իրականացնել օրենքով անհրաժեշտ ռեսուրսների վերահաշվարկը և սկսել hանքարդյունաբերություն: Ցավոք, արդյունքները տարբեր պատճառներով` պատմական տվյալների պատճառով, որոնք դուք ներկայացրել եք մեզ և նախանշել եք լիցենզիայում, չեն հաստատվել «Ուորդել Արմսթրոնգի միջազգային աուդիտի կողմից: Մասնավորապես, չեկի արդյունքներով 17 տոննա ոսկու և 40 տոննա արծաթից չստուգվեց նույնիսկ 1 տոննան, և մեր բոլոր վճարումները, և ներդրումային պարտավորությունները կապված էին տնտեսապես արդյունահանվող ոսկու պաշարների հետ, նույնը «Վարդանի զարթոնքի» դեպքում էր, որտեղ հանելու գործակիցը 1 էր: 72 անգամ 600 կգ ռեսուրսները դարձնում են ոչ դասակարգելի կոմերցիոն օգտագործման համար: Մենք այդ հարցը բարձրացրել ենք Հայաստանի նախագահին և ձեզ Citic-ի տնօրենների հանդիպման ժամանակ, և Նախագահն ըմբռնումով ընդունեց այս հարցը և խոստացավ մեզ աջակցել և երկարաձգել Աուդիտը ավարտելու և ավանդի մոդելի արգելափակման համար անհրաժեշտ հիմնական ներդրումները հանքարդյունաբերությունը սկսելու համար: Մեր ներդրողների հետ հանդիպման ժամանակ հարգարժան նախագահի և նախարարների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի մեր կողմից ավելի մանրամասն հետախուզման և փորձնական կայանի ստեղծման համար: Ինչը մենք և մեր ներդրողները իրականում տրամադրել ենք` սպասելով միայն աշխատանքային ծրագրի հաստատման և լաբորատորիայի փորձարկման արդյունքների համար: Առաջ շարժվելու համար լուծում գտնելու նպատակով` վճարումների ժամանակացույցը համաձայնեցվել է բոլոր կողմերի հետ՝ լիցենզիայի աշխատանքների պարտավորությունների ժամանակացույցը վերանայելու և երկարացնելու համար: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մենք, անկախ աուդիտի բացասական արդյունքներից, կտրամադրենք ֆինանսավորման երկրորդ գումարը, որը գնահատվում է 3-5 մլն ԱՄՆ դոլար՝ նախկին հետախուզման և ռեսուրսների գնահատման ընթացքում հնարավոր սխալները վերականգնելու համար: Այս փուլում մենք ավարտեցինք նոր բլոկային մոդելը և նոր հետախուզական ծրագրերը, և CSA Global-ի, Barbar Consulting գործարանի փորձագետները հունիսի 15-ից կայցելեն Հայաստան՝ պլանավորելու և համապատասխան աշխատանքները սկսելու համար: Նախատեսվում է, որ բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև 2017 թվականի հոկտեմբերի 25-ը։ Ասածս վերևում այն է, որ առաջարկենք երկարացնել մեր պարտավորությունների կատարման ժամկետը ևս 4 գումարած 2-ով՝ ընդհանուր 6 տարով, որի համար հարկ է ստորագրել համապատասխան կոնցեսիոն պայմանագրի նոր լրացում: Եթե միևնույն ժամանակ Ձեզ անհրաժեշտ են լրացուցիչ պարզաբանումներ և ավելի մանրամասն տվյալներ, մենք կտրամադրենք վերադարձին: Կից Ներկայացնում ենք Wardell Armstrong միջազգային ռեսուրսների աուդիտի հաշվետվությունը, ստուգման հորատման արդյունքները և մեր ընկերության աշխատանքային ծրագիրը 2015-2022 թվականների համար»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի զիջել

ՏԿԵՆ-ն իրավական դիրքորոշում հայտնելիս մնացել է նույն կարծիքին և պնդել է, որ ընդերքօգտագործողը խախտել է ընդերքօգտագործման պայմանագիրը և Ընդերքի մասին օրենսգիրքը:

ՏԿԵՆ ներկայացուցիչ Լիլիթ Փաշայանը դատական նիստերի ընթացքում ևս մեկ անգամ հաստատել է, որ ընկերությունը Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում արդյունահանման իրավունք ստանալու նպատակով 30.11.2012 թվականին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ կնքել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիրը և ստանձնել է պարտավորություններ նշված պայամանագրի կետերով: «Պայմանագրի առարկան» բաժնի 2.1-րդ կետի համաձայն` լիազոր մարմինն ընդերքօգտագործողին 300 հազար տ օգտակար հանածոյի պաշարների մարման ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում 25 տարի ժամկետով (բացահանքի շահագործման 1-ին փուլի տևողությունը 4 տարի, այդ թվում` 1-ին 2 տարին` բացահանքի շինարարության շրջան), իսկ ընդերքօգտագործողն ընդունում է Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հաշվեկշռային պաշարներն օգտագործման ամբողջ ժամկետի համար 6818 հազար տ` ըստ C1+ C2 կարգերի:

Համաձայն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի` ընկերության կողմից նախատեսված էր հանքավայրը մշակել 2 բացահանքերով և հանքարդյունահանման աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում: Այդ իսկ պատճառով լիազոր մարմնի կողմից բացահանքի շահագործման 1-ին փուլի 4 տարի տևողությունը սահմանելը պայմանավորված է եղել 1-ին 2 տարին` բացահանքի շինարարության շրջան, 2-րց 2 տարին` օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ավարտով` համաձայն նախագծի: Ելնելով վերոգրյալից՝ լիազոր մարմինն ընդերքօգտագործման պայմանագրին կից «Հավելված 1»-ի աղյուսակի 1-ին կետով հանքի աշխատանքի (լեռնակապիտալ աշխատանքներ) (բացահանքի շինարարության շրջան) կատարման ժամկետ է սահմանել երկամսյա ժամկետը` այսինքն` 30.11.2014 թվականը:

Հաշվի առնելով, որ տվյալ փուլում ամբողջ գործընթացը կազմելու է 4 տարի (2 տարի բացահանքի շինարարության շրջան և 2 տարի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ) ընդերքօգտագործման պայմանագրի «Հավելված 5»-ով սահմանվել է «Հատուկ պայման», ինչի համաձայն` ընդերքօգտագործողը պարտավոր էր հանքավայրի շահագործման չորրորդ տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ օրենքով սահմանված կարգով լիազոր մարմին փորձաքննությունների ներկայացնել հանքավայրի շահագործման համալիր աշխատանքային նախագիծ:

21.01.2015 թվականին ընդերքօգտագործման պայմանագրում կատարվել է փոփոխություն, որով պայմանագրին կից «Հավելված 1»-ի աղյուսակի «կատարման ժամկետը» սյունակի առաջին կետում «երկամսյա ժամկետում» բառերից հետո լրացվել է «սկսած 12.01.2015 թ-ից» բառերը: Վերոգրյալից հետևում է, որ ըստ էության փոփոխվել է միայն բացահանքի շինարարության շրջանի ժամկետը, այսինքն` տվյալ պարագայում վերջնաժամկետ սահմանելով 12.01.2017 թվականը:

Հաշվի առնելով վերը նշված փոփոխությունը` ընդերքօգտագործման պայմանագրում 2.1 կետը (բացահանքի շահագործման 1-ին փուլի տևողությունը 4 տարի, այդ թվում` 1-ին 2 տարին` բացահանքի շինարարության շրջան) և պայմանագրի «Հավելված 5»-ով սահմանված «Հատուկ պայման»-ը` Լիլիթ Փաշայանը փաստել է, որ հանքավայրի շահագործման 4-րդ տարվա ավարտի ժամկետը 12.01.2019 թվականն էր, իսկ »Հատուկ պայման»-ով սահմանված վերջնաժամկետը` 12.06.2018 թվականը

Դատարան ներկայացրած պատասխանում ՏԿԵՆ-ն հայտնել է, որ ընկերության ներկայացրած նախնական գնահատման հայտը և արձանագրությունները չեն համարվում զգուշացմամբ տրված խախտումները վերացված լինելու հիմք: 2019թ. դեկտեմբերի 16-ին, վարչական վարույթից հետո, նախարարություն է մուտքագրվել ընկերության գրությունը, որտեղ նշված է եղել, որ հանքաքարի վերամշակումն իրականացվելու է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, և նախատեսում են կառուցել ոսկու կորզման գործարան: Ընկերության 80% սեփականատեր «Գոլֆ Ֆիլդս Հոլդինգ Լիմիթեդ» ՍՊԸ-ն պատրաստակամություն է հայտնել 1 մլն դոլար տրամադրել Սիսիան քաղաքում կենտրոնական այգի և սառը թեյերի գործարան կառուցելու համար:

Դատարանի եզրահանգումները

Դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, արձանագրել է, որ ընկերքօգտագործման պայմանագրի հավելվածով սահմանված՝ հանքավայրի շահագործման համալիր աշխատանքային նախագիծը ներկայացնելու պարտավորության համար սահմանվել է ժամկետ՝ հանքավայրի շահագործման չորրորդ տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ: Պայմանագրի և դրանում կատարված փոփոխության շարադրանքից ակնհայտ է եղել, որ հանքավայրի շահագործման սկզբնաժամկետ է սահմանվել 12.01.2015 թվականը (փոփոխության հաշվառմամբ), և այդ ժամկետից 4 տարի պետք է տևեր բացահանքի շահագործման 1-ին փուլը, և 4 տարվա առաջին երկու տարին էլ պետք է հանդիսանար բացահանքի շինարարության շրջանը: Այսինքն՝ չորրորդ տարվա ավարտը 12.01.2019 թվականն էր, որից վեց ամիս առաջ լրանում էր ժամկետը` 12.07.2018 թվականին:

Այդպիսով, դատարանն արձանագրել է, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով սահմանված իր պարտավորությունը, ինչի համար որ նաև տրվել է զգուշացումը, այնուհետև` դադարեցվել ընդրեքօգտագործման իրավունքը:

Անդրադառնալով ընկերության այն փաստարկներին, որ եղել են անհամապատասխանություններ պայմանագրում և ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում ամրագրված տվյալներում՝ դատարանն արձանագրել է, որ թեև տվյալ հանգամանքը չի կարող որակվել որպես աշխատանքների կատարումն անհնար դարձնող բացառություն, ըստ այդմ չէր կարող հիմք հանդիսանալ պայմանագրով սահմանված պարտավորությունը սահմանված ժամկետում չկատարելու համար, այնուամենայնիվ ընկերությունը պայմանագրով սահմանված դրույթների հիմքով ունեցել է իրավունք դիմելու լիազոր մարմին՝ օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով, եթե հայտնվել էին էապես նոր՝ նախկինում չնախատեսված հանգամանքներ, իսկ լրահետախուզման և (կամ) շահագործական հետախուզման արդյունքում հանքավայրում պաշարների էական փոփոխության, հանքավայրի լեռնաերկրաբանական, տեխնիկատնտեսական պայմանների զգալի փոփոխման դեպքում ընկերության առաջարկությամբ լիազոր մարմինը կարող էր ընդերքօգտագործման իրավունքը ձևավորող փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ: Ավելին՝ ընկերությունն ունեցել է նաև օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից վաղաժամկետ հրաժարվելու իրավունք, մինչդեռ ընկերության կողմից պայմանագրով սահմանված իր իրավունքներից օգտվելու վարքագիծ չի դրսևորվել:

Պայմանագրում և ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում ամրագրված անհամապատասխանությունների վերաբերյալ«Վայք գոլդ»-ի փաստարկների մասով դատարանն արձանագրել է նաև, որ ըկերության ներկայացրած «Ասիա-Խաղաղօվկիանոսյան Ռազմավարական Ներդրումներ» ՍՊԸ-ի 05.02.2015 թվականի զեկույցից հետևում է, որ «ոչ մի ստուգման նմուշառում, քարտեզագրում կամ հետազոտություն չի իրականացվել», այլ, հիմք ընդունելով զուտ տրամադրված տեղեկությունը, իրականացվել է Ազատեկ բազմամետաղային հանքավայրի համար աստիճանի և տոննայի գնահատում:

Ինչ վերաբերում է ընկերության տնօրենի` բնապահպանության նախարարին ուղղված 2014 թվականի գրությանը՝ ապա դատարանը փաստել է, որ այն չի հանդիսանում ընկերության կողմից պայմանագրի համապատասխան կետերի հիմքով օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով դիմում, կամ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից վաղաժամկետ հրաժարվելու դիմում, քանի որ դրանով ընկերությունը խնդրել է երկարացնել պարտավորությունների կատարման ժամկետը, որի արդյունքում հանքի աշխատանքների կատարման երկամյա ժամկետը փոփոխվել է՝ սահմանելով 12.01.2015 թվականից:

Այս հիմքերի արդյունքում դատարանը եզրահանգել է, որ նախարարի` ընդերքօգտագործման դադարեցման հրամանն իրավաչափ է, և բացակայում է այն անվավեր ճանաչելու հիմքերը:

Դատարանը որոշումը կայացրել է հունվարի 12-ին, առայժ datalex.am համակարգում բողոքարկման վերաբերյալ տեղեկություններ չկան:

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter