
Նիդերլանդներում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի նոր, առավել վտանգավոր տարբերակ
Օքսֆորդի համալսարանի գիտնականները Նիդերլանդներում հայնտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի նոր, առավել վտանգավոր տարբերակով վարակման 17 դեպք, որն ավելի վարակիչ է (այսինքն առավել հեշտ է մի մարդուց փոխանցվում մյուսին) և ավելի կործանարար ազդեցություն ունի առողջության վրա։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում վիրուսը ոչնչացնում է հիվանդի իմունային համակարգի բջիջները (CD4)։ Արդյունքում, նրա իմունային պաշտպանությունն աստիճանաբար թուլանում է, և վաղ, թե ուշ վարակվածը անպաշտպան է դառնում ցանկացած հարուցիչի դիմաց։ Վնասակար սնկերը, վիրուսներն ու մանրէները բազմանում են հիվանդի օրգանիզմում, փաստացի չհանդիպելով որևէ դիմադրության, և այդ ժամանակ հիվանդությունը վեր է ածվում ՁԻԱՀ-ի։
Սովորաբար, անհրաժեշտ բուժման բացակայության դեպքում, հիվանդի իմունային պաշտպանությունն աստիճանաբար թուլանում է և 6-7 տարվա ընթացքում գրեթե վերանում։ ՄԻԱՎ-ի նոր տարբերակը, որն ստացել է VB անվանումը, գրեթե երեք անգամ ավելի արագ է հանգեցնում նույն արդյունքին՝ ընդամենը երկու-երեք տարվա ընթացքում։
Նման կտրուկ զարգացման պատճառներից մեկը արտակարգ բարձր վիրուսային բեռն է, այսինքն հիվանդի արյան մեջ վիրուսային մասնիկների մեծ կոնցենտրացիան։ VB տարբերակով վարակված պացիենտների մոտ դա երեքից հինգ անգամ գերազանցում է «սովորական» ցուցանիշներին։
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում, հայտնաբերել է վիրուսի նոր տարբերակի 17 կրողի, որոնցից 15-ը Նիդերլանդներից են, մեկը՝ Շվեյցարիայից, ևս մեկը՝ Բելգիայից։ Վիրուսային գենոմի վերծանումը ցույց է տվել բազմաթիվ մուտացիաներ, որոնք ցրված են ՌՆԹ ողջ շղթայում։
Հետազոտության հեղինակները նշում են, որ հակառետրովիրուսային դեղերը, որոնք օրգանիզմում արգելափակում են վիրուսի բազմացումը, հիանալի աշխատում են նաև VD տարբերակի դեմ։ Ուստի, նրանց պնդմամբ, խուճապի կարիք չկա։
ԱՀԿ տվյալներով՝ երկրագնդի վրա ապրում է գրեթե 38 միլիոն մարդ, որոնց մոտ պաշտոնապես հայտնաբերվել է ՄԻԱՎ, սակայն մասնագետները չեն կասկածում, որ վարակվածների իրական թիվը շատ ավելի մեծ է։ Վիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր դրանից մահացել է 27-ից մինչև 48 միլիոն մարդ։
Լուսանկարում՝ ՄԻԱՎ վիրուսը/National Institutes of Health
Մեկնաբանել