HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀՀ-Հայաստանը և Տարածքային զարգացման հիմնադրամը բարելավել են Տավուշի դպրոցների սանիտարահիգիեն պայմանները

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով 2021թ․-ին Տավուշի մարզի Բերդավան, Ոսկեպար, Ներքին Ծաղկավան և Այգեձոր համայնքների դպրոցներում մեկնարկեցին սանիտարական հանգույցների վերանորոգման, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները։ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Կորոնավիրուսի համավարակը և դրանով պայմանավորված սահմանափակումները նոր մարտահրավերներ են ստեղծել հանրակրթության ոլորտի համար ամբողջ աշխարհում։ Առավել խոցելի իրավիճակում հայտնվել են հատկապես այն համայնքները, որտեղ դպրոցները, ուսումնական հաստատություններն ապահոված չեն անվտանգ սանիտարահիգիենիկ պայմաններով, մշտական հոսող ջրով ու ախտահանիչ նյութերով, ինչը նպաստավոր միջավայր է ստեղծում համավարակի տարածման համար։ ՀՀ-ում համավարակի բռնկումից անմիջապես հետո Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է եղել անվտանգ կրթական միջավայրի ապահովման ու համավարակի պայմաններում երեխաների կրթական իրավունքի անխոչընդոտ իրացման հարցերի ու հիմնախնդիրների վրա։ 

Ուսումնասիրելով և քննարկումներ ծավալելով մի շարք պետական կառույցների, միջազգային և  հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ուսումնական կառույցների հետ՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը որոշեց աջակցել հանրապետության հեռավոր, սահմանամերձ բնակավայրերի մի շարք համայնքների դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը՝ այդպիսով նպաստելով այդ համայնքներում աշակերտների անվտանգ ու ապահով միջավայրում կրթություն ստանալու իրավունքի իրացմանը։ 

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով 2021թ․-ին Տավուշի մարզի Բերդավան, Ոսկեպար, Ներքին Ծաղկավան և Այգեձոր համայնքների դպրոցներում մեկնարկեցին սանիտարական հանգույցների վերանորոգման, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները։ Այս աշխատանքների արդյունքում ավելի քան 700 աշակերտ և մի քանի տասնյակ մանկավարժ ուսումնական գործընթացն անցկացնում են առավել անվտանգ և ապահով միջավայրում։ 

Այսպես, Բերդավան համայնքի միջնակարգ դպրոցում,  որտեղ սովորում է 365 աշակերտ, հիմնանորոգվել են դպրոցի մասնաշենքի ձախակողմյան հատվածում տեղակայված 3 սանհանգույցները, ապահովվել է սանիտարահիգիենիկ սարքերի վերատեղադրում:  Դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանի խոսքերով, դպրոցը շահագործման է հանձնվել 1971թ․-ին և այդ ժամանակից ի վեր չի ենթարկվել հիմնանորոգման։ Դպրոցի ուսումնական մասնաշենքի սանհանգույցները երկար ժամանակ չեն շահագործվել, ինչն անհարմարություն էր ստեղծում աշակերտների և դպորցի ուսուցչական անձնակազմի  համար։ 

Ծրագրի շրջանակում Տավուշի Ոսկեպար համայնքի միջնակարգ դպրոցում ամբողջությամբ վերակառուցվել է դպրոցում գոյություն ունեցող, բայց փաստացի չշահագործվող 143 մետր երկարությամբ կոյուղագիծը:

Ներքին Ծաղկավան համայնքի միջնակարգ դպրոցի աշխատանքների շրջանակում հիմնանորոգվել է 4 սանհանգույց, տեղադրվել են ջրի բաքեր և խցիկների տարանջատման հանգույցներ։ Դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանի խոսքով, սանհանգույցների վերանորոգման խնդիրը չափազանց սուր էր՝ հատկապես համավարակի պայմաններում աշակերտների դպրոց վերադարձից հետո։ 

Այգեձոր համայնքի միջնակարգ դպրոցում ներկայում շարունակվում են ուսումնական մասնաշենքի 30 մետր երկարությամբ կոյուղագծի կառուցման և 4 սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները։ 

Այս նախաձեռնությունը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը իրականացրել է՝ նպատակ ունենալով ապահովել դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքը։ 

Ավելի վաղ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի և Հայ օգնության ֆոնդի համատեղ ջանքերով հիմնանորոգվել էին նաև Տավուշի մարզի Լուսաձոր, Գետահովիտ, Աչաջուր, Սևքար, Պառավաքար և Տավուշ գյուղերի դպրոցների սանհանգույցները։ Այդ ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի շուրջ 1600 դպրոցական և 300 ուսուցիչ նոր ուսումնական տարին դիմավորեցին առավել անվտանգ սանիտարահիգիենիկ միջավայրում»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter