
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր որոշել է կալանավորել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին` բեկանելով նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը: Նշենք, որ Փարամազյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ: Բախշիյանը Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխել էր 70 մլն դրամ գրավով:
Փարամազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Փարամազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ համայնքապետին ազատ արձակած դատավորի նկատմամբ այժմ քրեական հետապնդում է սկսվել, որը կապված է Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձին կալանավորելու հետ:
Այս գործով դատական նիստերից մեկին Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձը` Նվեր Մկրտչյանը չի ներկայացել։ Պաշտպանը գրությամբ հայտնել է, որ ինքը ներկայանալ չի կարող, պաշտպանյալն էլ չի ցանկանում առանց պաշտպանի ներկայանալ, և դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը փոխել կալանքով:
Մեկնաբանել